Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Դավադրություն» վերնագրի տակ «Հայկական ժամանակ» թերթը ընդգծել է, որ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի լուծարումը «կազմակերպվեց հանձնաժողովի հայ եւ թուրք անդամների համատեղ ջանքերով: Նրանք հանձնաժողովը ցրելու՝ երկուստեք «հայրենասիրական» առիթ գտան: Հաշտեցման հանձնաժողովի թե' հայ, եւ թե' թուրք անդամները այսօր կարող են գլուխ գովել, որ իրենք նման քայլի դիմել են զուտ հայրենասիրական մղումներից դրդված», - նշում է թերթը: - «Վերջին իրադարձությունները, սակայն, ցույց են տալիս, որ այդ մարդիկ պարզապես ընդունակ չեղան խիզախելու: Հանձնաժողովը կազմված էր միջին վիճակագրական հայերից ու միջին վիճակագրական թուրքերից, որոնք այդպես էլ չկարողացան վեր կանգնել իրողությունների՝ նեղ, անհորիզոն ընկալումներից»:

«Հայոց աշխարհ» թերթն էլ ի մի բերում, թե հանձնաժողովի հայ անդամները հիմա ամպագոռգոռ հայտարարություններ են անում, իրենց արածը ներկայացնում որպես սխրագործություն, մինչդեռ պարզապես հասկացան, որ նման գործունեությունը հեռանկար չունի: «Իր գոյության հինգ ամիսների ընթացքում այդ հանձնաժողովը հասցրեց հսկայական ավերներ գործել թե' Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, թե' մեր ազգային շահերը իրականացնելու հարցում», - շեշտում է «Հայոց աշխարհ»-ը, ակնարկելով, որ այդ ամենի համար հայ հանձնաժողովականները պետք է պատասխան տան:

Վրացական ուղղությամբ կատարվողը գոհացնում է «Երկիր»-ի մեկնաբանին, որը «Վրաստանն ուղղորդում է քաղաքականությունը, Ադրբեջանը հայտնվում է մեկուսացման ճանապարհին» վերնագրի տակ այսօր մատուցում է. «Մոսկվայի եւ Վաշինգտոնի նկատելի սերտացումը կանխորոշեց այսպես կոչված հակառուսական պետությունների դերի նվազումը... Հաշվի առնելով Ռուսաստանի մշտական ճնշումը իրենց վրա եւ ռուս-ամերիկյան նոր կապերը՝ Վրաստանն ու Ադրբեջանը ստիպված են լրջորեն մտորել հետագա անելիքների մասին: Ռուսաստանում հեռատեսորեն աշխատեցին նախեւառաջ վրացական ուղղությամբ, որովհետեւ այստեղ դրական տեղաշարժերի դեպքում Բաքուն, բնականաբար, կմնար միայնակ, մեկուսացման իրական վտանգի առջեւ եւ ավելի զիջող կդառնար»:

Ուրվագծելով, թե ինչպես է «վրաց-ռուսական նոր հարաբերությունների հաստատումը անհրաժեշտաբար ենթադրում հայ-վրացական կապերի հետագա սերտացում», «Երկիր»-ի մեկնաբանը ամփոփել է. «Հարավային Կովկասում իրադարձությունների որոշակի զարգացումները գալիս են ժխտելու այն կեղծ վերագրումները, թե Հայաստանը իբր մեկուսացված է տարածաշրջանում, լարվածություն է ստեղծում հարեւան Վրաստանի հետ: Մեր պետության ռազմավարական եւ տարածաշրջանային քաղաքականությունը բռնել է ժամանակի քննությունը եւ ներկայումս վերելք է ապրում»:

«Ազգ» թերթում այսքան լավատեսություն չկա: «Վրաստանը Հայաստանի ձեռքով ուզում է բռնել Ռուսաստանի կոկորդից», - ձեւակերպված է այստեղ: - «Բուրջանաձեի բերանով Վրաստանը հասկացնում էր Հայաստանին, որ Վրաստան-Հայաստան երկաթգծի բացում եւ տնտեսական զարգացում հարավային հարեւանը կարող է ակնկալել, եթե Ռուսաստանը կարողանա վրաց-աբխազական կոնֆլիկտում իրական հաշտեցնողի դեր ստանձնել»: Վրաստանը, սակայն, մեկնաբանի հայացքով, «ոչ Հայաստանի եւ ոչ էլ Ռուսաստանի հետ որոշակի հարցերում փոխզիջումների դիմել չի պատրաստվում»: Մասնավորապես, վստահություն չեն ներշնչում Ջավախքի բնակչության արժանապատիվ ապագայի վերաբերյալ Վրաստանի երաշխիքները:

Երկրապահ-կամավորականների միության վարչությունում տարաձայնություններ փաստագրելով, «Առավոտ» թերթը դրա հիմնական պատճառ ներկայացնում է որոշ գեներալների ձգտումը «առաջիկա համագումարում անցկացնել ԵԿՄ վարչությունը բանակում ծառայող սպաներից ձեւավորելու հարցը», ինչը այս միությունը կդարձնի ավելի կառավարելի: ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը, սակայն, այս կապակցությամբ «Առավոտ»-ի թղթակցին ասել է. «Այդ գաղափարը մերժվել է առաջին հերթին հենց Վ.Սարգսյանի կողմից եւ միանշանակ մերժելի է նաեւ այսօր: Ծայրահեղության գնալ պետք չէ: Եթե ԵԿՄ-ն դառնա զուտ քաղաքական կազմակերպություն՝ բանակում ծառայող հատվածը դրանից դուրս կմնա: Նույնը կլինի հակառակ դեպքում: Դա ամենահեշտ միջոցն է ԵԿՄ-ն պառակտելու համար, ինչին մենք չենք գնա... Մենք ունենք այն ուժը, որ գիտակցենք՝ ԵԿՄ-ի պառակտումը կամ թուլացումը կործանարար կլինի նաեւ մեր պետության համար: Մենք ապահովագրված չենք նոր պատերազմից ու այդ դեպքում միասնական ԵԿՄ-ն դեռ պետք է գալու»:

Պետականամետ ուղիով են գնում եւ հին ու նոր կոմունիստները, - հեգնախառն անդրադառնում է «Հայկական ժամանակ» թերթը: Շատ հին կոմունիստ Խորեն Թռչունիչը թղթակցի հետ զրույցում, իմանալով, որ գրանցվել է եւս մեկ կոմունիստական կուսակցություն, անմիջապես եզրակացրել է, որ դա նախագահի պետպատվերն է. «Քոչարյանը նման գրպանային կուսակցություններ ստեղծելով, նախապատրաստվում է նախագահական ընտրություններին»:

Մյուս կողմից, նորացված կոմկուսի նախագահ, պատգամավոր Յուրի Մանուկյանը կիսվել է, թե՝ «պարզապես ցավում է իր մոլորված ընկերների համար, որոնք առաջնորդվում են «քյարթու» կոմունիստական մեթոդներով, որոնց համար շարքային կոմունիստը ընդամենը գլխաքանակ է, որոնք չեն զգում ժամանակի շունչը»: «Հայկական ժամանակ»-ում համադրված է, որ, ըստ էության, «քյարթու» կոմունիստները պակաս պետականամետ չեն, ու եթե Յուրի Մանուկյանը դա հայտարարում է հրապարակավ, ապա ՀԿԿ-ն դա ապացուցում է իր քվեարկություններով ու վարքագծով»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG