Մատչելիության հղումներ

logo-print

Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հայ անդամները դադարեցրել են իրենց մասնակցությունը դրա աշխատանքներին


Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հայ անդամները երեքշաբթի օրը տարածած հայտարարությամբ դադարեցրել են իրենց մասնակցությունը այդ վիճահարույց կառույցում: Քայլը պայմանավորված է հանձնաժողովի թուրք անդամների կողմից Անցումային շրջանի արդարադատության կենտրոնին միակողմանիորեն դիմելու փաստով՝ ձեռնպահ մնալ Օսմանյան կայսրությունում դարասկզբի իրադարձությունների նկատմամբ ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառելիության ուսումնասիրությունից:

«Երեկ տեղեկացանք», - ասված է հայտարարության մեջ, - «որ նախօրեին թուրք հանձնաժողովականները Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնին միակողմանի կերպով հրահանգել են ձեռնպահ մնալ հանձնաժողովի տասը անդամների եւ, ըստ էության, թուրք անդամների կողմից հավանության արժանացած նախաձեռնությունից»:

Նոյեմբերին Նյու Յորքում հանձնաժողովի երրորդ նիստի ընթացքում Հայ-թուրքական հաշտեցման հանձնախումբը խնդրել էր Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնի հովանավորությունը՝ «որպեսզի անկախ երրորդ կողմն անցկացնի 20-րդ դարասկզբի իրադարձությունների նկատմամբ 1948 թվականի ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառելիության ուսումնասիրություն»: Ընդ որում, որոշումն ընդունվել էր հանձնաժողովի բոլոր տասը անդամների (որոնցից վեցը ներկայացնում են թուրքական կողմը) համաձայնությամբ:

Հանձնաժողովի հայ անդամներից Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի խոսքերով, «ցանկացած համատեղ աշխատանքում եւ մասնավորապես Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքի հաջողության գրավականը փոխադարձ վստահությունն է եւ նախապես ձեռք բերված համաձայնություններին հավատարիմ լինելը»:

«Քանի որ այս սկզբունքը խախտվել է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ալեքսանդր Արզումանյանը, - «մենք հանձնաժողովի հայ անդամներով խորհրդակցելուց հետո նպատակահարմար գտանք, որպեսզի այս պահին դադարեցնենք մեր մասնակցությունը»:

Մեկնաբանելով հանձնաժողովի թուրք անդամների պահվածքը Ալեքսանդր Արզումանյանը այն պայմանավորեց նրանց վրա Թուրքիայում գործադրված ճնշումներով:

«Հավանաբար, վերադառնալով Թուրքիա, թուրք անդամները շփվել են իրենց իշխանությունների հետ եւ, հավանաբար, ինչ-որ տարաձայնություն է տեղ գտել», - ասաց Արզումանյանը: Նախկին արտգործնախարարը չբացառեց, որ հանդիպումները իրենց թուրք գործընկերների հետ կարող են շարունակվել:

«Հանձնաժողովը ճգնաժամային իրավիճակում է հայտնվել», - ասաց Արզումանյանը: - «Հանձնաժողովը անձնական նախաձեռնությամբ ստեղծված մարդկանց մի խումբ էր, որը պարբերաբար ժողովներ էր անցկացնում: Հիմա չգիտենք, այդ ֆորմատը կպահպանվի՞, թե՞ ոչ: Դա հարց է, որ պետք է երկկողմ կոնսուլտացիաների միջոցով լուծվի»:

«Այս փաստը չի նվազեցնում հայերի եւ թուրքերի կողմից օրախնդիր հարցերի անմիջական քննարկման հրատապությունը: Այս աշխատանքը պետք է շարունակվի, իսկ թե ինչ կերպ, ինչ եղանակով եւ ում կողմից, ցույց կտա ժամանակը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ամերիկայի հայկական համագումարի երեւանյան գրասենյակի ղեկավար Արփի Վարդանյանը:

Անցած հուլիսին Ժնեւում իր առաջին նիստը գումարած Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ստեղծումը միանշանակորեն չընդունվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Հանձնաժողովի հասցեին քննադատությամբ հանդես էր եկել ՀՅԴ-ն:

Հանձնաժողովի հայտարարության կապակցությամբ, իր հերթին հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Դաշնակցությունը:
«Դեկտեմբերի 11ի հայտարարությունը՝ հանձնաժողովի աշխատանքները դադարեցնելու առնչությամբ, հապաղած խոստովանություն է հանձնաժողովի հայ մասնակիցների կողմից հռչակված նպատակների ձախողման վերաբերյալ», - ասված է չորեքշաբթի օրը տարածված ՀՅԴ Բյուրոյի հատարարության մեջ:

«Հայ-թուրքական որեւէ երկխոսություն կարդյունավորվի միայն այն ժամանակ, երբ Թուրքիայի կողմից ճանաչվի Հայկական Ցեղասպանության փաստը, որը սակարկության առարկա չէ», - շեշտված է հայտարարությանում: - «Միջազգային ատյաններում Հայկական Ցեղասպանության ճանաչման աշխատանքները շարունակվելու են նոր թափով եւ միջազգային հասարակական կարծիքից ու քաղաքական շրջանակներից ակնկալվելու է նպաստել այդ աշխատանքներին»:


Անուշ Դաշտենց եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG