Մատչելիության հղումներ

logo-print

Դոնալդ Ռամսֆելդը Հայաստանում կքննարկի հակաահաբեկչական պայքարին առնչվող հարցեր





Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը հաջորդ շաբաթ կայցելի Երեւան: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են դիվանագիտական աղբյուրները, տարածաշրջանային այդ այցի ընթացքում քննարկվելու են ԱՄՆ-ի գլխավորությամբ Աֆղանստանում իրականացվող ռազմական գործողություններին առնչվող հարցեր:

Ըստ իրազեկ աղբյուրների, նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Հայաստանի մյուս ղեկավարների հետ բանակցություններում հիմնական տեղ են գրավելու հակաահաբեկչական պայքարում Հայաստանի հետ համագործակցությանը վերաբերող հարցերը: Ռամսֆելդը, մասնավորապես, քննարկելու է Նյու Յորքում եւ Վաշինգտոնում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո տեղի ունեցած զարգացումների «հետեւանքները»:

Հարավկովկասյան երեք պետություններն էլ թույլատրել են իրենց օդային տարածքն օգտագործել Աֆղանստանում իրականացվող հակաահաբեկչական գործուղություններում՝ Եվրոպայում եւ արեւելյան Թուրքիայում տեղակայված ռազմակայաններից դեպի Կենտրոնական Ասիա օդային միջանցք տրամադրելով մարտական ինքնաթիռներին:

Ադրբեջանի աջակցությունը հակաահաբեկչական պայքարում հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը թույլատրեց նախագահ Բուշին կասեցնել մոտ տասը տարի Բաքվի նկատմամբ կիրառվող տնտեսական սանկցիաները: Հայաստանում այդ առնչությամբ առաջացած մտահոգությունները մեմղելու նպատակով Կոնգրեսը հաստատեց նաեւ Հայաստանին 4.3 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումը:

Ռամսֆելդը Երեւան կժամանի հաջորդ շաբաթ օրը: Նա կայցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG