Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը պնդում է Հայաստանի հետ կապերի հաստատման նախապայմանները





Թուրքիայի վարչապետ Էջեվիթը վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման Անկարայի նախապայմանները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում պաշտպանելով ադրբեջանական կողմին:

Ըստ ադրբեջանական «Էխո» ռուսալեզու թերթի, անցած շաբաթ Թուրքիայում Էջեվիթը Միացյալ Նահանգների արգործնախարար Քոլին Փաուելին ասել է, թե Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Հայաստանի հետ, քանի դեռ համոզված չէ, թե Ղարաբաղը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Ես հնչեցրեցի մեր տեսակետը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները կհաստատվեն միայն այն բանից հետո, երբ Հայաստանը վերջ տա ադրբեջանական տարածքի օկուպացմանը եւ կարգավորվեն այդ երկու պետությունների հարաբերությունները», - մեջբերել է «Էխո» թերթը:

Էջեվիթի խոսերով, Հարավային Կովկասի իրավիճակը Թուրքիայի ղեկավարների հետ Փաուելի բանակցությունների օրակարգում էր: Մանրամասներ չեն հաղորդվում, եւ պարզ չէ, թե փորձել է արդյո՞ք Փաուլը համոզել, որ Թուրքիան փոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:

Սպիտակ տան վարչակազմերը երկու հարեւան երկրների մերձեցումը շարունակաբար կենսականորեն անհրաժեշտ են համարել տարածաշրջանային կայունության համար: Մինչեւ այժմ, սակայն, Երեւանի նկատմամբ Անկարայի դիրքորոշումը մեղմելու Վաշինգտոնի ջանքերը ապարդյուն են անցել:

Էջեվիթի խոսքերից բխում է, որ Թուրքիան անհողդողդ է մնալու Ադրբեջանին պաշտպանելու իր դիրքորոշման մեջ: Ըստ «Թուրան» գործակալության, Բաքվում Թուրքիայի նոր դեսպանը՝ Ահմեդ Ունալ Չեւիկգյոզը ուրբաթ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին ասել է. «Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը Ադրբեջանի զարգացումը խոչընդոտող ամենամեծ հիմնախնդիրն է»:

Անցած հունիսին Էջեվիթը զայրույթ էր առաջացրել Երեւանում՝ որպես երկկողմ հարաբերությունների կարգավորման նոր նախապայման առաջադրելով Մեղրու շրջանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ «անվտանգության միջանցքի» տրամադրումը, որը Թուրքիային անմիջապես կկապեր Ադրբեջանի ու նախկին ԽՍՀՄ-ի միջինասիական հանրապետությունների հետ:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «անընդունելի» եւ «անհեթեթ» որակեց այդ պահանջը: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի վերջին նստաշրջանի իր ելույթում Օսկանյանը կրկին կոչ է արել Անկարային վերացնել Հայաստանի տնտեսական շրջափակումը եւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG