Մատչելիության հղումներ

«Լեզու գտնելն» ավելի ձեռնտու է, քան հարկերը վճարելը


Պաշտոնական տվյալներով, այսօր ստվերային է Հայաստանի տնտեսության շուրջ 30 տոկոսը: ԱՊՀ երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի գնահատումներով, դա համագործակցության անդամ երկրներում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։ Սնդդի արդյունաբերության ոլորտում, ըստ պետեկամուտների նախարարի օրերս արած խոստովանության, ստվերային է 70 տոկոսը:

Անանուն մնալ ցանկացած մի գործարար կին, որն ունի երեք ձեռնարկություն՝ կարամելի եւ հրուշակեղենի արտադրամաս, ֆերմերային տնտեսություն եւ ոչ մեծ մանրածախ առեւտրի սրահ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ գրանցել է միայն առեւտրի սրահը, եւ այն միակն է իր ձեռնարկություններից, որ վնասով է աշխատում:

«Որովհետեւ հնարավոր չի: Եթե ձեւակերպեմ՝ նշանակում է սուսուփուս պիտի փակեմ ու գնամ տուն», - ասաց նա, ավելացնելով, որ հիմա միայն հարկային մարմինների ներկայացուցիչների հետ է «հարցերը լուծում», իսկ գրանցվելու դեպքում նրանց կավելանան հրշեջները, սանէպիդկայանը եւ այլն:

«Ունեմ 12 աշխատատատեղ, բայց չեմ թաքցնում, որ այս փոքր արտադրությամբ մոտ 20 մարդ է ապրուստ վաստակում», - ասում է նա: Աշխատանքի ընդունում է միայն ընտանիք կերակրող միայնակ կանանց: Նրա կարծիքով, եթե գրանցեր իր ձեռնարկություններն ու հարկեր վճարել որեւէ մեկին օգուտ չէր տալու:

Համակարգչային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի տնօրենն էլ ասաց, որ եթե գործունեությունն օրինականության սահմաններում կազմակերպի, գործը շահութաբեր չի լինի:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հաջողվո՞ւմ է, արդյոք, միշտ թաքցնել ստվերային շրջանառությունը հարկային մարմիններից, նա ասաց. «Հիմնականում աշխատում ենք թաքցնել, որովհետեւ թաքցնելով կարողանում ենք մի քանի մարդու մի քիչ բարձր աշխատավարձ վճարել»: Նրա խոսքերով, երբ «բռնվում են», դա էլ «իր գինը ունի»՝ պայմանավորվում եւ հարցերը լուծում են:

Հաջորդ շաբաթ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում տեղ է գտել նաեւ «հարկային փաթեթ»-ի քննարկումը, որով նախատեսված փոփոխություններն ու լրացումները նաեւ մանր ու միջին գործարարներին հարկային դաշտ բերելու նպատակն են հետապնդում:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG