Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Աղետի գոտի հասկացությունը, չնայած իշխանությունների ճոռոմ խոստումներին, վերացված չէ: Բայց, որքան էլ դաժան հնչի, դա հիմնական ողբերգությունը չէ», - գնահատում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Երկրաշարժից 13 տարի անց ողջ Հայաստանն է վերածվել աղետի գոտու, եթե ոչ ֆիզիկական, ապա հումանիտար, իրավական, հոգեւոր իմաստով: Աղետի գոտին, այսինքն այն շենքերը, որ քանդվեցին երկրաշարժի արդյունքում, վաղ թե ուշ հնարավոր կլինի վերականգնել: Բայց այս ընթացքում մենք կորցրինք կամ կորցնում ենք, կամ չհասցրինք ձեռք բերել այնպիսի արժեքներ, որոնք հարկավոր են պետություն եւ ապագա ունենալու համար»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն էլ գրում է. «Աղետի գոտին վերջին տարիների ընթացքում մեծ թափով, հետեւողականությամբ կառուցվում է ու վերականգնվում եւ գոնե արտաքինից՝ ֆիզիկապես դադարում է լինել այդպիսին: Բայց խնդիրն այն է, որ նախ, մեր ֆիզիկական ուժերի վերականգնման գործընթացն ընթանում է ոչ համաչափ՝ բնակարանաշինության ու դպրոցաշինության տեմպերը չեն համապատասխանում աշխատատեղերի ստեղծման դեռեւս դանդաղող գործընթացին, եւ երկրորդ, ոչ միայն պահպանվում, այլեւ ինչ-որ առումով նաեւ նորանոր վտանգավոր մետաստազներ է տալիս «աղետի գոտի» կոչվող չսպիացող վերքը՝ մարդկանց հոգիներում եւ պետական մարմինների ու հասարակայնության լայն շրջանակների մտածողության մեջ ու գործելակերպում»:

«Նոր ձեռնարկությունների կառուցման եւ հների վերագործարկման խնդիրը փաստորեն դոփում է իր տեղում: Նման կացության մեջ աղետի գոտու ղեկավար պաշտոնյաները շարունակում են նայել մայրաքաղաքի ուղղությամբ՝ չդրսեւորելով խնդիրը տեղում լուծելու կամք ու նախաձեռնություն: Նրանց թվում է, թե աղետի գոտին ցմահ հաշմանդամ է, որ անընդհատ պետք է ստանա ու ծախսի կենտրոնից ուղարկվող միջոցները եւ ապրի դրանց հաշվին: Այս հանգամանքը ցույց է տալիս, որ «աղետի գոտի» հասկացությունը տարիների ընթացքում զուտ ֆիզիկական ցավից ու մորմոքից վերածվել է մտածելակերպի, գործելակերպի ու հոգեբանության», - մտահոգվելու դաշտ է շեշտադրում «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը:

Վերականգնման գոտում դրական տեղաշարժեր են արձանագրում եւ միջազգային կազմակերպությունները: Մասնավորապես, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Կիթ Սիմոնսը «Երկիր»-ի հարցազրույցում այսօր ասում է. «Հուսով եմ, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում աղետի գոտի հասկացությունը ընդհանրապես դուրս կգա կիրառությունից, եւ մենք կկարողանանք ավելի կենտրոնանալ, ողջ Հայաստանի զարգացման հեռանկարների վրա՝ առանց աղետի գոտին առանձնացնելու»:

«Հայոց Աշխարհ» թերթը այսօր վերահաստատելով Մեծամորի էլցանցում կատարված խոշոր չափերի չարաշահումների մասին նախօրեին հայտնած տեղեկությունները, ավելացնում է, որ այդտեղ արձանագրված կորուստները հասնում են 60 տոկոսի, «Մեծամորի էլցանցի նախկին տնօրեն Աշոտ Գրիգորյանը պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի եղբայրն է... Էլցանցի ներկայիս տնօրեն Դավիթ Պողոսյանը, ինչպեսեւ այս գործին առնչվող նրա տեղակալը նմանապես Մանվել Գրիգորյանի ազգականներն են»:

«Գրիգորյանն ու Պողոսյանը պատրաստականություն են հայտնել հատուցել պետությանը պատճառված վնասները, եւ նախաքննության ընթացքում արդեն 15 միլիոն դրամ վերականգնվել է: Չմոռանանք, սակայն», - ընդգծված է «Հայոց Աշխարհ»-ում, - «որ խոսքը առնվազն 500 միլիոն դրամի մասին է, այն էլ՝ այս տարվա 10 ամիսների ընթացքում: Այնինչ, Աշոտ Գրիգորյանը երկու-երեք տարի զբաղեցրել է Մեծամորի էլցանցի տնօրենի պաշտոնը»:

Հանրապետության գլխավոր դատախազ Արամ Թամազյանը «Հայոց Աշխարհ»-ում այսօր պարզաբանում է, թե ինչու է Պողոս Պողոսյանի սպանությունը որակվել անզգույշ: «Մեղադրանքի հիմքում դրվել է այն, որ տվյալ անձը՝ Աղամալ Հարությունյանը, չի նախատեսել նման հետեւանքների առաջացումը, սակայն այդ վիճաբանության, քաշքշուկի, հարվածելու ընթացքում նա պարտավոր էր եւ կարող էր նախատեսել նման հետեւանքների առաջացումը», - նշում է նա: - «Դատաքննության ժամանակ, նկատի ունենալով այս գործի հասարակական մեծ հնչեղությունը, բոլոր մանրամասները պետք է հրապարակվեն: Եվ բոլոր, այսպես ասած՝ մութ կողմերը, նաեւ արարքի որակման հարցը հասարակության համար պետք է պարզվեն»:

Զինվորական դատախազության քննչական խմբի ղեկավար Արտակ Հարությունյանն էլ նույն թերթի թղթակցին ասել է. «Նաիրի Հունանյանը եւ նրա հանցակիցները 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի նիստերի դահլիճում ինքնաձիգերով սկսկած իրենց հանցագործությունը շարունակում են մեկուսարաններում եւ դատական նիստերի դահլիճում՝ ցուցմունքների միջոցով ձգտելով ամեն կերպ ապակայունացնել երկրում տիրող իրավիճակը: Սկզբում ցուցմունքներ էին տալիս քաղաքական տարբեր ուժերի եւ այդ ուժերը ներկայացնող այս կամ այն գործիչների վերաբերյալ, ինչը, ի դժբախտություն իրենց, ձախողվեց, հիմա էլ փորձում են քավության նոխազ դարձնել քննչական խմբին»:

«Իրավունք« թերթի մատուցմամբ, էներգետիկայի նախարար Գալուստյանի պաշտոնանկությունը «լիովին տեղավորվում է կլանային փոխհարաբերությունների շրջանակում, երբ անթույլատրելի է համարվում ձեռք տալ որոշակի ոլորտներ եւ որոշակի մարդկանց: Նախագահական ճամբարը չէր էլ պատրաստվում պայքարել չվճարումների եւ, այսպես կոչված, գերկորուստների դեմ, քանի որ տարեկան շուրջ 60 միլիոն դոլարի «գերկորուստները» եւ գազամատակարարման ոլորտում աստղաբաշխական թվերի հասնող աճպարարությունները թույլ են տալիս ոչ միայն ունենալ այդ բարիքներից օգտվող մարդկանց հսկայական ցանց, այլեւ, ինչը ոչ պակաս կարեւոր է, ստեղծել, այսպես կոչված, արտաբյուջետային հատկացումներ ապագա նախընտրական հիմնադրամների համար»:

Խիստ կարեւորելով հօգուտ խորհրդարանական կառավարման մոդելի հինգ կուսակցությունների միավորումը, «Իրավունք»-ի մեկնաբանը նշում է, որ «դա նշանակում է լուրջ ընդդիմադիր ուժի ձեւավորում ռազմավարական նշանակություն ունեցող կառուցողական գաղափարի շուրջ... Ի դեմս հնգյակի՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շուրջ խմբված օլիգարխիան ձեռք է բերում լուրջ համակարգային հակառակորդ, քանի որ խորհրդարանական սահմանադրական կարգի հաղթանակի դեպքում վերանում է գործադիր իշխանության անվերահսկելիությունը»:

«Առավոտ» թերթի հայացքով էլ՝ «Նախագահի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը տեսականորեն կարող է ունենալ բավականին լուրջ մրցակից։ Իսկ սա նշանակում է, որ առաջիկայում սուր ու լարված պայքար է սպասվում։ Ստացվում է, որ իզուր չէր նախագահը այսքան ձգձգում նախընտրական իր խոստումը՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ։ Նա գիտակցում է, որ եթե հանկարծ ու անցնի ընդդիմության ներկայացրած նախագիծը, ապա իր վերընտրվելու հնարավորությունը հավասարվում է զրոյի»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG