Մատչելիության հղումներ

ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարները Երեւանում քննարկում են համագործակցության խորացման խնդիրները


Երեւանում այսօր տեղի ունեցած ԱՊՀ երկրների հարկային եւ ֆինանսական հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի երրորդ նիստի արդյունքում ստորագրվեց երեք փաստաթուղթ, որոնք վերաբերում են օպերատիվ հետախուզությանը, ինֆորմացիայի փոխանակությանը եւ կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը։

Ողջունելով նիստի մասնակիցներին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ասաց, թե անընդհատ աճող հարկային հանցավորությունը սպառնալիք է ԱՊՀ երկրների տնտեսական անվտանգությանը: Այն ոչ միայն վտանգում է համագործակցությունը, այլեւ վերջինիս վարկաբեկում է համաշխարհային հանրության աչքում։

Հայաստանի վարչապետը հարկային հետաքննող կառույցների ղեկավարներին կոչ արեց համատեղ խափանել հանցավոր եկամուտների օրինականացումը ԱՊՀ ողջ տարածքում։

Ֆինանսահարկային ոլորտում հանցավորության ինտեգրացումը, սակայն, ավելի ինտենսիվ է ընթանում, քան դրանց դեմ պայքարող կառույցներինը։ Ավելին, վերջիններիս կոռումպացվածությունն ամենուր հավելյալ բարդություններ է ստեղծում։

Պաշտոնական տվյալներով, այսօր ստվերային է Հայաստանի տնտեսության շուրջ 30 տոկոսը, որը, ԱՊՀ երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի գնահատումներով, համագործակցության անդամ երկրներում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։

Իսկ ԱՊՀ երկրների մեծ մասում, այսպես ասած, պաշտոնական ստվերայնությունը 25-40 տոկոսի սահմաններում է։ Ռուսաստանի Դաշնության հարկային ոստիկանության պետ Միխայիլ Ֆրադկովը այսօր հայտարարեց, թե Ռուսաստանում ստվերայնության մակարդակը հասնում է 40 տոկոսի։

Անկախ փորձագետները, սակայն, պնդում են, թե տնտեսության ստվերայնության վերաբերյալ պաշտոնական թվերը զգալիորեն նվազեցված են. իրականում, օրինակ, Հայաստանի տնտեսության մեջ ստերայնությունը առնվազն 60 տոկոս է կազմում:

ԱՊՀ երկրների հարկահավաքները հույս ունեն միմյանց համապատասխան ինֆորմացիա տրամադրելու միջոցով բացահայտել ու հարկել իրենց երկրների քաղաքացիների ստացած եկամուտները։ Մասնավորապես, Հայաստանի պետեկամուտների նախարարության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Սարգիս Գրիգորյանը մեծ ակնկալիք ունի Ռուսաստանի հարկային ոստիկանությունից, քանի որ «հարկման դաշտ կա այնտեղ»:

Ըստ Գրիգորյանի, Հայաստանի պետական բյուջեի մուտքերի 10 տոկոսը ստացվում է հենց օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ։

«Արդյո՞ք Հայաստանում լվացվում-օրինականացվում է ռուսական անօրինական ծագում ունեցող կապիտալը» հարցին ի պատասխան, Ռուսաստանի Դաշնության հարկային ոստիկանության պետ Միխայիլ Ֆրադկովը որեւէ կոնկրետ դեպք չնշեց, սակայն հավելեց, որ ենթադրաբար նման երեւույթներ առկա են խոշոր առեւտրատնտեսական գործարքներում։ Այդ պատճառով ստորագրված փաստատթղթերից մեկը նախատեսում է կնքված տնտեսական պայմանագրերի շարունակական համատեղ մոնիտորինգ՝ շահագրգիռ երկրների հարկային կառույցների կողմից:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG