Մատչելիության հղումներ

Հայաստանը «խիստ մտահոգված է» Կովկասում Եվրոպական պաշտպանական ուժերի գործողություններում Թուրքիայի դերի բարձրացմանը վերաբերող տեղեկատվությամբ


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր խիստ մտահոգություն հայտնեց այն տեղեկատվության վերաբերյալ, որ Թուրքիան հանել է իր առարկությունը Եվրոպական պաշտպանական ուժերի ստեղծման վերաբերյալ այն բանից հետո, երբ հավաստիացում է ստացել, որ Եվրամիությունը Կովկասում անվտանգության հետ առչվող որեւէ գործողություն իրականացնելուց առաջ պետք է խորհրդակցի Թուրքիայի հետ:

Ասելով, որ որեւէ պաշտոնական փաստաթուղթ այդ կապակցությամբ ինքը դեռ չի ստացել եւ չի ուզում առայժմ մեկնաբանություններով հանդես գալ, Վարդան Օսկանյանը, այդուհանդերձ, նշեց որ խիստ մտահոգիչ է համարում դա, քանզի «Թուրքիան իրեն բարոյական իրավունք է վերապահում Ղարաբաղի նկատմամբ նման հայտարարություն անելու»: Նախարարն ավելացրեց, որ նշված ուժերի ստեղծման վերաբերյալ որոշման մեջ շեշտված է, որ դրանք չեն կարող օգտագործվել Կիպրոսում եւ Լեռնային Ղարաբաղում:

«Այս տասը տարվա ընթացքում նա այդ իրավունքը ձեռք չի բերել: Նա չի կարողացել դրական, հավասարակշիռ դեր խաղալ մեր տարածաշրջանում, որպեսզի կարողանա տարածաշրջանի նկատմամբ նման հավակնություններ ունենալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ Բուխարեստից հեռախոսային հարցազրույցում ասաց Վարդան Օսկանյանը:

ԵԱՀԿ նախարարների խորհրդի Բուխարեստի այսօրվա ավարտական նիստում ընդունվեց հայտարարագիր, որտեղ 55 անդամ երկրների նախարարները պատրաստակամություն են հայտնում պայքարել ահաբեկչության դեմ: Նախարարների խորհուրդը ընդունեց ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումների փաթեթ, որտեղ Վանկուվերից մինչեւ Վլադիվոստոկ ձգվող այս կառույցը պարտավորվում է համաձայնեցնել ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:

ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում ունեցած իր ելույթում Օսկանյանը Հայաստանի լիակատար աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ-ի որոշումներին, դատապարտեց ահաբեկչությունը: Հայաստանի արտգործնախարարի ելույթի գլխավոր դրույթները Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության իրավական հիմնավորմանն էին վերաբերում:

0սկանյանը հորդորեց իր գործընկերներին զինված ապստամբությունը բռնակալության դեմ չհամարել ահաբեկչություն: Այն չպետք է համարել նաեւ անջատողականություն: «Այդպիսի արդար պայքար է նաեւ ղարաբաղյան պայքարը», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

«Երկիմաստ ու անորոշ դիվանագիտական ոչ մի լեզու չի կարող քողարկել այն իրողությունը, որ մարդիկ, կանայք ու երեխաները Լեռնային Ղարաբաղում իրավունք են վաստակել խաղաղ կերպով ապրել իրենց պատմական հողերի վրա, ազատված օտար տիրապետությունից եւ օտարերկրյա օկուպացիայից: Լեռնային Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից եւ' իրավական էր, եւ' խաղաղ եւ' արդար», - այսպիսի կտրուկ ու հստակ հայտարարությամբ հանդես եկավ արտգործնախարար Վարդան 0սկանյանը:

«Ադրբեջանի պահանջատիրությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավական եւ բարոյական ուժ չունի: Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մասը չի կազմել: Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը մերժել է Ղարաբաղի ժողովրդի հիմնարար սոցիալական ու տնտեսական իրավունքները, մշտապես բռնի հարձակումներ է գործել: Ահա սրանք են հենց բանակցային գործընթացի գլխավոր խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին առաջ տանել խաղաղ գործընթացը», - ասաց Վարդան 0սկանյանը, Ադրբեջանին մեղադրելով գործընթացը խափանելու եւ պատերազմական գայթակղություններով տարվելու մեջ:

Իր ելույթում Հայաստանի արտգործնախարարը խիստ քննադատության է ենթարկում Ադրբեջանին ԵԱՀԿ փասթաթղթերում Փարիզի կամ Քի Վեստի մասին հիշատակումներին դեմ լինելու համար:

ԵԱՀԿ նախարարները խորը մտահոգույթուն են հայտնում, որ չի հաջողվել կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, չնայած կողմերի միջեւ երկխոսության ակտիվացմանը եւ Մինսկի խմբի եռանախագահների գործուն աջակցությանը: Նախարարները համոզմունք են հայտնում, որ հակամարտության կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ համագործակցության հաստատմանը:

«Մենք վերահաստատում ենք խաղաղ երկխոսության շարունակման կարեւորությունը եւ կոչ ենք անում կողմերին շարունակել ջանքերը միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա հակամարտության լուծումը գտնելու համար», - ասված է ԵԱՀԿ նախարարների խորհրդի հայտարարության մեջ:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG