Մատչելիության հղումներ

ԱԺ-ին կներկայացվի խորհրդարանական կառավարում նախատեսող սահմանադրության միասնական նախագիծ


Սահմանադրական փոփոխությունների նախագահական տարբերակին զուգահեռ Հայաստանի Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված մյուս երկու տարբերակների հեղինակները որոշել են խորհրդարանի քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկ միասնական նախագիծ:

Այդ մասին հայտնի դարձավ Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ), Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ), Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ), «Հանրապետություն» եւ Սահմանադրական իրավունք միություն (ՍԻՄ) կուսակցությունների՝ այսօր տարածած համատեղ հայտարարությունից:

«Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացնել պետական կառավարման խորհրդարանական համակարգ սահմանող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկ միասնական նախագիծ», - այդ առիթով երեքշաբթի հրավիրված ասուլիսում համատեղ հայտարարության հիմնական պարբերությունը հրապարակեց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը:

Այս ճանապարհին կուսակցությունները, ինչպես արձանագրում է հայտարարությունը, «ճշգրտել են եղած երկու նախագծերում առկա ոչ սկզբունքային բնույթի տարբերությունները», եւ ծավալելու են, Շավարշ Քոչարյանի բնորոշմամբ, «սահմանադրական շարժում»:

Հայտարարության ոչ բոլոր հեղինակներն են, սակայն, խորհրդարանական կառավարման կտրական կողմնակիցներ: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանի խոսքերով, օրինակ, «կառավարման ցանկացած համակարգ կարող է արդյունավետ գործել, եթե այդ համակարգի կրողները, պատասխանատուները գործեն օրենքի շրջանակներում»:

ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանի կարծիքով, «Ազգային Սահմանադրության կերտումը ազգային- ազատագրական պայքարի, հասարակության բարեփոխման, ազատականացման ամփոփումն է... եւ երկրի վերնախավը պետք է հրաժարվի կողմնակալ վերաբերմունքից. բոլոր նախագծերի նկատմամբ ունենա միայն մեկ մտահոգություն»: Խաչատրյանի կարծիքով այդ մտահոգությունը պետք է վերաբերի այն բանին, որ նախագծերը պարունակեն համակարգ՝ անկախ խորհրդարանական, նախագահական կամ կիսանախագահական լինելուց:

Խորհրդարանական կառավարման անվերապահ կողմնակիցներ են ԱԺՄ-ն եւ Հայկոմկուսը: ԱԺՄ ներկայացուցիչ Լյուդվիգ Խաչատրյանի խոսքերով, իրենց կուսակցությունն այդ դիրքորոշումը որդեգրել է 1991 թվականից ի վեր: Կոմկուսի ներկայացուցիչ Ֆրունզե Խառատյանի կարծիքով, նախագահական ու խորհրդարանական կառավարման միջեւ ընտրություն կատարելով, ժողովուրդը որոշում է հարցը, թե «անիշխանություն պետք է մնա, թե ժողովրդավարական ռեժիմ հաստատվի»:

Կուսակցությունների այս նոր համախմբումը, որում ընդգրկված են ինչպես արմատական ընդդիմությունը ներկայացնող «Հանրապետություն» կուսակցությունը, այնպես էլ երրորդ ուժ դառնալուն հավակնող ՍԻՄ-ը, հազիվ թե վերաճի քաղաքական դաշինքի: Ինչպես ասաց Հրանտ Խաչատրյանը «ՍԻՄ-ը ոչ մի կերպ համաձայն չի եղել եւ հիմա էլ չի լինելու, որպեսզի Սահմանադրության նախագիծը դարձվի իշխանության պայքարի դրոշ»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG