Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ալիեւը ձեռնունայն վերադարձավ Մոսկվայից. Մոսկվան խոսքերի չի հավատում», - ամրագրում է այսօր «Երկիր» թերթը: - «Բաքվում իշխում է մի տարօրինակ մտայնություն. ռազմական օգնություն ակնկալել ԱՄՆ-ից, ամեն րոպե շեշտել Թուրքիայի դերը Կովկասում եւ դեռ հույս ունենալ, թե Ռուսաստանում քայլեր կձեռնարկվեն իրենց օգտին: Այդպես չի լինում... Ալիեւը եւ մյուսները հայտնվել են երկու մամլիչի արանքում: Դրանից էլ՝ Բաքվի անսկզբունքային տատանումները՝ մեկ այս կողմ, մեկ՝ այն կողմ»: Իսկ ելքը, - ընդգծում է մեկնաբանը, - Արցախի ինքնորոշումը ճանաչելն է ու նրա հետ բնականոն հարաբերություններ հաստատելը:

Այս առումով «Երկիր»-ը շեշտադրել է. «Նման քաղաքական հեռանկարը չի հետաքրքրում Հայաստանի թրքաֆիլներին: Նրանք մի գերնպատակ ունեն. Արցախը հանձնել Բաքվին, իսկ Հայաստանը տեսնել Թուրքիայի հետ գրկախառնված... Իշխանությունը ետ ստանալու այս երկու հրաման-պահանջները ստիպում են, որ հհշական քարոզիչները գիշեր-ցերեկ նսեմացնեն սեփական երկրի ղեկավարությանը եւ լայնորեն տարածեն թրքամետ տեսակետներ»:

«Հայոց Աշխարհ» թերթի մատուցմամբ՝ «Հանրային կարծիքի ճնշման տակ հայտնված Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հայ անդամները Նյու Յորքում իրենց թուրք գործընկերների հետ կայացած հանդիպման ժամանակ պահանջել են, որ հանձնաժողովի գործունեությունը չխոչընդոտի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին... Իսկ թուրքերը, որոնց արդեն հաջողվել է ՀԹՀՀ-ի գոյությունն օգտագործել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Եվրամիության ճանաչման պահանջների շարքից գոնե ժամանակավորապես հանելու համար, ցուցաբերել են անհրաժեշտ «մեծահոգություն»՝ վիճելի խնդիրը հանձնելով երրորդ կողմի արբիտրաժին եւ դրանով իսկ նոր ծուղակի մեջ քաշելով»:

Ըստ «Հայոց Աշխարհ»-ի, «պատասխանատվությունը ուսերին բարդելու ձգտումը արտացոլում է տվյալ խոչընդոտից ազատվելու երկկողմ ցանկության առկայությունը»: Միջնորդ կողմը «ոչ թե փորձելու է բացահայտել ողջ ճշմարտությունը, այլ կայացնելու է մի այնպիսի որոշում, որը հնարավորություն կտա շարունակել Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքները»: Այսպիսով, արձանագրվելու է արհեստական մի «կոմպրոմիս», որի քողի տակ շարունակվելու է հանձնաժողովի թուրքանպաստ գործունեությունը, - եզրափակված է «Հայոց Աշխարհ»-ում:

«Քաղաքականությունը խանգարում է տնտեսությանը» բանաձեւի տակ է «Ազգ» թերթի մեկնաբանը դիտարկում «Ինչո՞ւ չկարողացանք վաճառել բաշխիչ ցանցերը» հարցը, նկատի ունենալով թե' ներքին եւ թե' արտաքին քաղաքականությունը: «Հայաստանյան ընդդիմությունը հանգիստ խղճով կարող է ցանցերի սեփականաշնորհման մրցույթի տապալումը գրել իր «ակտիվում», որպես կառավարության տնտեսական քաղաքականության դեմ մղած պայքարի կոնկրետ հաղթանակ: Ընդսմին, իշխանություն-ընդդիմություն պայքարի տրամաբանության տեսակետից ամենեւին կարեւոր չէ՝ խափանված գործարքն իրո՞ք օգտակար էր լինելու երկրին, թե՞ ոչ, դա իսկապե՞ս առնչվում էր երկրի տնտեսական անկախության հնարավոր կորստին, իսկապե՞ս ազգային անվտանգության հարց էր, ինչպես պնդում էր ընդդիմությունը, թե՞ ոչ», - նշում է մեկնաբանը:

Մասնավորեցման գլխավոր խոչընդոտ, սակայն, այնուամենայնիվ համարվում է արտաքին իրավիճակը. «Գնորդն անվերապահորեն պիտի ձգտի առնվազն կրկնապատկել էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ արտահանելու եւ շահույթներ ստանալու համար: Իսկ ո՞վ կարող է գնել հայաստանյան էլեկտրաէներգիան: Առաջին հերթին, իհարկե, հարեւանները՝ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, որոնք իսկապես էներգիայի սուր պակաս ունեն: Սակայն սրանցից առաջին երկուսը, իբրեւ Հայաստանի հետ հակամարտ երկրներ, կտրականապես դեմ են մեզնից էլեկտրաէներգիա գնելուն կամ, առնվազն, ա՚յն քանակությամբ գնելուն, որն էական նշանակություն ունենա մեր տնտեսության համար եւ նպաստի Հայաստանի հզորացմանը: Վերջինը՝ Վրաստանը, հիմա՚ էլ մեզնից էլեկտրաէներգիա է գնում, այն էլ միջազգայինից բավական ցածր գներով, եւ նույնիսկ ա՚յդ պարագայում վճարել չի կարողանում»:

«Անհաշտ ընդդիմությունը ստեղծում է նոր եռյակ» վերնագրի տակ «Իրավունք»-ը ուրվագծում է, թե ինչպես եւ ինչու Արտաշես Գեղամյանի տեղը անցավ Աշոտ Մանուչարյանին: Ըստ այդմ՝ վերջիններս իրար հետ անհամատեղելի են ոչ պարզապես փոխադարձ սիրո բացակայության պատճառով: «Եթե իշխանամետ քաղաքական ճամբարին հարող ուժերից յուրաքանչյուրը ձգտում է դուր գալ Ռ. Քոչարյանին, ապա այս ճամբարում (ռուսամետ) բոլորն իրենց հերթին ցանկանում են ազդեցիկ երեւալ եւ դուր գալ Ռուսաստանին: Այդ առումով վաղուց սկսվել է յուրօրինակ մրցապայքար... Ռուսաստանը... Հայաստանում խաղարկում է եւ' Արամ Սարգսյանին, եւ' Ստեփան Դեմիրճյանին, եւ' Աշոտ Մանուչարյանին, եւ' Արտաշես Գեղամյանին, եւ' իհարկե Սերժ Սարգսյանին: Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է իր շուրջը կենտրոնացնել ուժեր, որոնք ունակ են, այսպես ասած, խոսք ասելու»:

«Իրավունք»-ում այսօր նաեւ առանձնացված է. «Քաղաքական դաշտում ակտիվացել են խորհրդարանական սահմանադրության նախագծի շուրջ խմբված կազմակերպությունները, որոնց համագործակցությունը ապագայում կարող է վերաճել կառուցողական ընդդիմության, կամ, ինչպես ասում են, երրորդ քաղաքական բեւեռի»:

Անդրադառնալով «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործով առաջադրված մեղադրանքին, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. «Գնահատականի համար անհրաժեշտ է ծանոթանալ գործի ամբողջական նյութերին։ Բայց այսօր, դժբախտաբար, չունենք գործի նյութերը եւ առկա ապացուցողական տեղեկատվությանը չենք տիրապետում... Երբ նախաքննության փուլն ավարտվի եւ Պողոս Պողոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանը ծանոթանա գործի ամբողջական պատկերին՝ ուսումնասիրի վկաների ցուցմունքները եւ բոլոր այլ ապացույցները՝ կկարողանանք գնահատել։ Բայց գնահատականի իրավունքը դարձյալ կվերապահենք իրավաբաններին, քանի որ շարունակելու ենք պահպանել գործը չքաղաքականացնելու եւ այն իրավական դաշտում պահելու մինչ այժմ մեր որդեգրած սկզբունքը»։

Իսկ «Առավոտ»-ը խմբագրականում տարակուսում է. «Եթե այս դեպքը համարվում է անզգույշ սպանություն, ապա ի՞նչ անուն տալ մտածված սպանությանը։ Եվ առհասարակ, այսպիսի բան բնության մեջ լինո՞ւմ է»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG