Մատչելիության հղումներ

Բաշխիչ ցանցերը սեփականաշնորհման միջազգային մրցույթը երկրորդ անգամ տապալվեց


Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփանականաշնորհման միջազգային մրցույթը, ինչպես եւ անցած գարնանը, տապալվեց՝ արտասահմանյան ներդրողների հայտերի բացակայության պատճառով:

Հայաստանի չորս բաշխիչ էլեկտրացանցերը միջազգային մրցույթի էին հանվել դոնորների պահանջով: Համաշխարհային բանկը, օրինակ, ցանցերի մասնավորեցմամբ էր պայմանավորել Երեւանի համար վճռորոշ 20 միլիոն դոլար վարկի տրամադրումը:

Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 30-ին ժամը 18-ին լրացավ հայտերի ներկայացման վերջնաժամկետը, եւ մրցութային հանձնաժողովին որեւէ հայտ չներկայացվեց:

«Դա նշանակում է, որ մրցույթը չկայացավ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը, կրկին նշելով, որ կառավարությունը, հավանաբար, կքննարկի բաշխիչ ցանցերը լիազոր կառավարման տալու հնարավորությունները:

Պոտենցիալ գնորդներից մեկը՝ ռուսաստանյան ՌԱՈ ԵԷՍ-ը ցանկանում էր Հայաստանի բաշխիչ ցանցերը ստանալ «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի շրջանակներում, որը ենթադրում է հայաստանյան մի շարք խոշոր ձեռնարկությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթների տրամադրումը Ռուսաստանին՝ Հայաստանի 94 միլիոն դոլար պարտքի դիմաց: Համաշխարհային բանկը եւ մյուս միջազգային դոնոր կազմակերպությունները, սակայն, կտրականապես դեմ էին արտահայտվել դրան:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG