Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Նախկին պաշտոնյաներին չէր ներվում շատ բան, ինչի վրա այժմ մի թեթեւ ուշադրություն էլ չեն դարձնում», - շարունակում է տարակուսել «Առավոտ»-ի մեկնաբանը։ - «Ո՞վ կարող է բացատրել, թե ինչու էր Վանո Սիրադեղյանի տունը բոլորի աչքի փուշը դարձել, բայց հիմա հանրությունն ու լրատվամիջոցները հանգիստ են վերաբերում» Սերժ Սարգսյանի ու Կարլոս Պետրոսյանի առանձնատներին:

«Բազմահարկ առանձնատներով իրար հետ մրցում են նաեւ այլ բարձրաստիճաններ։ Ինչպե՞ս է, որ ներկա պաշտոնյաների «Ջիփ»-երն ու «Մերսեդես»-ները, նաեւ նյութական բարեկեցության ու ճոխության այլ դրսեւորումները, այլեւս սովորական են դիտվում... գուցե մենք ուղղակի սովորեցի՞նք, վարժվեցինք ու հաշտվեցի՞նք, որ այդպես էլ պիտի լինի եւ փոքրիշատե նշանակալի որեւէ աթոռի հասածը իր դիրքը պիտի օգտագործի սեփական բարեկեցության համար», - հայրենակիցներին է դիմում «Առավոտ»-ը։

«Իրավունք» թերթը նույնպես, արձանագրելով, որ «անցել են ժամանակները, երբ գենսեկերը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ թաքցնում էին իրենց շքեղ ամառանոցներն ու տները, ժողովրդի աչքին երեւում էին համեստ հագուկապով, երկսենյականոց բնակարանով», համենայն դեսպ, ազգային անվտանգության նախարարի առանձնատան հարցով պարզաբանումներ ստանալու համար դիմել է ազգային անվտանգության նախարարության լրատվական ծառայություն: Բայց՝ «Մեզ հրաժարվեցին պատասխանել, նշելով, որ ժամանակին այլ թերթեր էլ էին անդրադարձել այդ հարցին, եւ իրենք ցանկություն չունեն մեկնաբանել»: Թերթը մնացել է հույսով, որ «ամեն ինչ արվել է՝ ելնելով ազգային անվտանգության շահերից»:

«Ներքին» խորագրի տակ «Ազգ» թերթում արժեվորված է, թե «արմատականները ընդդիմություն կոչվող քաղաքական հզոր միավորի նշանակությունն ու վարկանիշը գցելուց բացի, ոչինչ ավելին չարեցին: Ուստի գոնե հանգստացնող ու հուսադրող է նրանց տրամադրվածությունը՝ «վաստակած ձմեռային հանգստի» գնալու կապակցությամբ»: «Առավոտ» թերթում, սակայն, ընդդիմության որոշ առաջընթաց է ամրագրվում: Մեկնաբանն առանձնացրել է. «Սոցիալիստական Հայաստան» միավորման երեկվա խորհրդաժողովը էապես տարբերվում էր ընդդիմադիր դաշտում գործող, օրինակ՝ Եռյակի, գործելաոճից՝ եւ հիմնականում նրանով, որ սոցուժերը առաջնային էին համարում՝ նույնիսկ մինչեւ ցանկալի իշխանափոխությունը նախ հասարակությանը ներկայացնել Հայաստանի զարգացման մասին իրենց պատկերացումները կոնկրետ ծրագրերի եւ հայեցակարգերի տեսքով: Մի բան, որ մյուս ուժերի պարագայում, թերեւս, վերածվում է իշխանափոխության ածանցյալի»:

Իշխանության եւ ընդդիմության գործելակերպը «Երկիր»-ի տեսաբանը խտացրել է այսպես. «Իշխանությունը գերազանցապես ապավինում է օբյեկտիվ դժվարություններին՝ երբեք չմատնանշելով մարդկային գործոնի դերը: Իսկ ընդդիմությունը, հակառակը՝ շրջանցում է օբյեկտիվ խոչընդոտների հարցը եւ ուշադրությունը գամում իշխանության անկարողականության վրա: Երկուսն էլ անընդունելի, մերժելի են լայն հասարակության համար, որը չի հավատում ոչ կառավարողների կողմից դժվարություններին ապավինելուն, եւ ոչ էլ ընդդիմադիրների ամպագոռգոռ խոստումներին»:

«Ազգովին կանգնած ենք ներպետական «ավգյան ախոռների» մաքրման շեմին», - հռչակվում է «Երկիր»-ում: - «Մեր հասարակությունը օժտված է կարող ուժերով, որոնք ունակ են արմատապես վերափոխելու մեր կյանքը՝ ազատելով կլաներից, մենաշնորհներից, կաշառակերությունից եւ այլ ախտերից»:

Մամուլը կարծես վերջին պատրաստություններն է տեսնում մենամարտելու տարվա նախահռչակված ցուցանիշների շուրջ: Անդրադառնալով հավաստիացումներին, թե «զբոսաշրջիկների թվի մասին կանխատեսումները իրականացան», «Հայկական ժամանակ» թերթը, արդեն մատուցվող 91 հազար թիվը հաշվարկման կեղծ մեթոդոլոգիայի արդյունք ներկայացնելուց բացի, ուշադրություն է հրավիրում որոշ պաշտոնյաների կողմից մոռացության տրվող մի էական հանգամանքի. տարեսկզբին նախագահ Քոչարյանը խոսում էր 2001-ին լրացուցիչ 100 հազար տուրիստ ունենալու մասին: Այստեղ առանցքային բառը լրացուցիչն է, այսինքն իրականում հիմա գնահատականներ պիտի տրվեին մոտ 150 հազար թվի համեմատ:

ԱՊՀ հոբելյանական վեհաժողովի կապակցությամբ, «Առավոտ»-ը նշում է. «Ոչ ոք ԱՊՀ երկրների ինտեգրացման խորացմանը չի հավատում, եւ նման ծրագրեր էլ կարծես չկան։ Համագործակցությունը շարունակում է գոյատեւել հիմնականում իներցիայի ուժով... Նման իներցիոն գոյությունը կարող է դեռ երկար շարունակվել։ Նախեւառաջ այն պատճառով, որ Ռուսաստանը դեռեւս չի ձերբազատվել իր կայսերական հավակնություններից։ ԱՊՀ-ում մնալու երկրորդ պատճառը Կոլեկտիվ անվտանգության պայմանագիրն է, որը մի շարք հանրապետությունների, այդ թվում եւ Հայաստանի, համար կենսական անհրաժեշտություն է թվում։ Եվ երրորդ պատճառը ԽՍՀՄ փլուզումից հետո այդպես էլ տնտեսապես ոտքի չկանգնող երկրների տարտամ հույսերն են, թե իբր երբեւէ կստեղծվի տնտեսական միասնական տարածություն»։

«Հայաստանն արագ ինտեգրացիա նախընտրող երկրների թվում է», բայց պարտքերի դիմաց ձեռնարկություններ տալը «Առավոտ»-ը տնտեսական ինտեգրացիայից շատ հեռու բան է համարում: «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանի մատուցմամբ էլ՝ «ԱՊՀ-ն իր տասնամյակը դիմավորում է մի նոր եւ խիստ յուրահատուկ կացության մեջ, երբ ապաինգտեգրացման արտաքին ազդակները կորցրել են իրենց նախկին ուժը, բայց ինտեգրացման ներքին՝ առաջին հերթին տնտեսական ազդակները դեռեւս լիովին չեն հասունացել... Կբավարարվի՞ արդյոք Վլադիմիր Պուտինը ԱՊՀ ընդհանուր տարածքի ռազմաքաղաքական վերահսկողության իր համար փաստորեն գրեթե լուծված խնդրով, թե՞ կառաջարկի ԱՊՀ երկրների հետագա ինտեգրացման նոր ու հստակ տնտեսական-քաղաքական մոդել... ըստ այդմ էլ ԱՊՀ-ն կպահպանի իր ներկա անորոշ կացության առանձին տարրերը կամ էլ կթեւակոխի զարգացման որակապես նոր հանգրվան»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG