Մատչելիության հղումներ

Հարզախույզի արդյունքները ցույց են տալիս Հայաստանի ղեկավարության վայելած ժողովրդական աջակցության սահմանները


Նոյեմբերի 13-15-ը Հայկական սոցիոլոգիական ընկերակցությունը «Ազատություն» ռադիոկայանի Հայկական ծառայության պատվերով հարցախույզ էր անցակցրել Հայաստանի չորս քաղաքների կամայականորեն ընտրված 1000 բնակիչների շրջանում:

Հարցախույզի արդյունքներն արտացոլում են լայնորեն տարածված հիասթափությունը նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա վարած քաղաքականությունից, միաժամանակ, սակայն, ցույց են տալիս, որ եթե այժմ տեղի ունենային նախագահական ընտրություններ, ոչ Քոչարյանը, ոչ էլ որեւէ այլ քաղաքական գործիչ չէր հաղթի առաջին փուլում:

Հարցման մասնակիցների 26 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկեր Քոչարյանի օգտին: Երկրորդ տեղում «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանն է (10.5 տոկոս), որին հետեւում են Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը (4.2-ական տոկոսով): Հարցվածների գրեթե կեսը Քոչարյանի վարած քաղաքականությունը գնահատել են «վատ» (19.3 տոկոս) կամ «շատ վատ» (28.2 տոկոս), մինչդեռ դրան «բավարար» գնահատական են տվել միայն 38.6 տոկոսը:

Հարցվածների միայն 24.5 տոկոսն է Քոչարյանին համարում Հայաստանում ամենաազդեցիկ դեմքը: Երկրորդ տեղում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է (13.9). քաղաքական որեւէ այլ գործիչ չի անցել 5 տոկոսի սահմանը, իսկ հարցվածների 31.2 տոկոսը քաղաքական գործիչներից ոչ մեկին «ազդեցիկ դեմք» չի համարում: Այս պատասխանները, թերեւս, անհամապատասխանության մեջ են մտնում այն հարցի պատասխանների հետ, թե «Ստորեւ նշված քաղաքական գործիչներից ո՞վ ավելի շատ շանսեր ունի ՀՀ հաջորդ նախագահ ընտրվելու համար»: Քոչարյանին անունն այստեղ նշել են 42.3 տոկոսը, հաջորդը Գեղամյանն է (9.3 տոկոս), ապա Սերժ Սարգսյանը եւ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը (6.7-ական տոկոս):

Հարցախույզը կարծես թե հաստատեց նախկինում կատարված հետազոտություններով բացահայտված մի երեւույթ, երբ հարցվողները ոչ միշտ են ճիշտ պատասխան տալիս այն հարցին, թե ում օգտին էին քվեարկել նախորդ նախագահական ընտրություններում: Ներկա հարցախույզի արդյունքներով, 1998 թվականին Քոչարյանի օգտին քվեարկել էր հարցվածների 31.4 տոկոսը, երկրորդ փուլում նրա մրցակից Կարեն Դեմիրճյանի օգտին՝ 33.4 տոկոսը, իսկ 28.6 տոկոսը չի քվեարկել կամ քվեարկել է այլ թեկնածուի օգտին: Սա կարող է մեկնաբանվել հօգուտ այն կասկածների, թե 1998 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված էին: Սակայն, մեկնաբանելով այս բացահայտ հակասությունը, հարցախույզի ղեկավար Գեւորգ Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե երբ 1996 թվականին ինքը նման հարզախույզ էր անցկացնում, հարցվածներից շատ քչերն ընդունեցին, որ 1991 թվականին քվեարկել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, թեեւ վերջինս նախագահական ընտրություններում հավաքել էր ձայների ավելի քան 80 տոկոսը:

Հարցախույզի արդյունքները ցույց են տալիս նաեւ, որ բավարար վստահություն չի վայելում քաղաքական կուսակցություններից եւ ոչ մեկը: Հարցվածների մեկ երրորդը պատասխանել է, որ չէր մասնակցի խորհրդարանական ընտրություններին (13.2 տոկսոը) կամ չէին քվեարկի ցուցակում նշված ութ կուսակցություններից որեւէ մեկի օգտին (22.9 տոկոսը): Հարցվածների 14.6 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին: Կուսակցություններից ամենամեծ ժողովրդականությունը վայելում է Կոմկուսը (14.5 տոկոս), որին հետեւում են Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (7.8 տոկոս) եւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (7.1 տոկոս):

Դիտորդները Երեւանում կասկածի տակ են առնում Կոմկուսի բարձր վարկանիշը, նշելով, որ կուսակցության վերջին հանրահավաքին մասնակցում էին ընդամենը մեկուկես հազար հիմնականում տարեց մարդիկ: Տարօրինակ է նաեւ, որ հարցվածների ընդամենը 1.4 տոկոսն է պատասխանել, թե նախագահական ընտրություններում կքվեարկեր Կոմկուսի առաջնորդի՝ Վլադիմիր Դարբինյանի օգտին:


Լիզ Ֆուլլեր, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG