Մատչելիության հղումներ

ԱԺ-ում ավելանում է սահմանադրական փոփոխությունների նախագահական տարբերակի կողմնակիցների թիվը


Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող սահմանադրական փոփոխությունների երեք նախագծերից նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկած նախագիծը, թեկուզ որոշ փոփոխություններով, պաշտպանելու պատրաստակամություն են հայտնել Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը, խորհրդարանի ոչ քաղաքական ուժերից մեծաթիվ «Ժողովրդական պատգամավոր» եւ «Ագրոարդյունաբերողների ժողովրդական միություն» խմբերը: Այսօր պարզ դարձավ նաեւ «Միասնություն» խմբակցությունում վեց պատգամավոր ունեցող Ժողովրդադեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) դիրքորոշումն այս հարցում:

«Մենք կողմնակից ենք Սահմանադրության նախագահական տարբերակին», - այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց ԺԴԿ վարչության նախագահ, Ազգային Ժողովի փոխնախագահ, նախկին ՀԺԿ֊-ական Գագիկ Ասլանյանը, ավելացնելով՝ - «Ես գտնում եմ, որ հանրապետությունում անկախ անձից պետք է լինի ուժեղ նախագահ: Անցման շրջանում դրա անհրաժեշտությունը ես տեսնում եմ»:

Մյուս երկու տարբերակներով առաջարկվում է խորհրդարանական կառավարում: Մեկը ներկայացրել են Հայկոմկուսի պատգամավորները, մյուսը՝ Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ), Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ), «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) եւ «Հանրապետություն» կուսակցության պատգամավորները:

Այս երկրորդ նախագծի համահեղինակ Շավարշ Քոչարյանը այսօրվա ասուլիսում ասաց, որ իրենց տարբերակը պաշտպանում են ՀԺԿ պատգամավորներն ու խորհրդարանում չներկայացված Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը: Շավարշ Քոչարյանի խոսքերով, աշխատանք է տարվում Հայկոմկուսի եւ իրենց նախագծերը միասնականացնելու ուղղությամբ:

Նախագահի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դրվելու համար Ազգային Ժողովը, քննարկելուց հետո, առնվազն 66 կողմ ձայնով պետք է ընդունի, որից հետո Հանրապետության նախագահը պետք է հանրաքվե նշանակի:

Այլ է Ազգային Ժողովի պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման եւ ընդունման ընթացակարգը: Առնվազն 66 կողմ ձայնով ընդունված նախագիծն ուղարկվում է Հանրապետության նախագահի հաստատմանը: Եթե նախագահը հետ է վերադարձնում, խորհրդարանը պետք է առնվազն 88 ձայնով վերստին ընդունի նախագիծը, որպեսզի նախագահը պարտադրված լինի հանրաքվե նշանակել:

Դիտարկումները ցույց են տալիս, որ Հանրապետության նախագահի ներկայացրած նախագիծն արդեն իսկ առնվազն 66 պաշտպան ունի խորհրդարանում: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ի սկզբանե իրենց նախագիծը դատապարտված չէ Ազգային Ժողովի պատերից դուրս չգալուն, Շավարշ Քոչարյանը ասաց, որ իրենք էլ ունեն նման մտավախություն: Հակակշիռը, նրա խոսքերով, կարող է լինել միայն հասարակությունը, եւ հասարակությունը այսօրվանից պետք է տեղյակ լինի, թե ինչ նախագծերի մասին է խոսքը:

Շավարշ Քոչարյանն այսօրվա ասուլիսում նաեւ ասաց, որ նախագծերի մրցակցությունը ոչ թե անհաշտ թշնամական հարթության վրա է տեսնում, այլ այնպիսի, որը կհարստացնի, կբարելավի տարբերակները, որոնք, ըստ նրա, հարկ է, որ որպես այլընտրանքային ներկայացվեն հանրաքվեի:

Մինչդեռ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ հուլիսին դեմ է արտահայտվել, որ մեկից ավելի տարբերակ դրվի հանրաքվեի՝ մտավախությամբ, որ մասնակիցների եւ կողմ ձայների թվաքանակի բաժանման դեպքում ոչ մի տարբերակը չի անցնի եւ փաստորեն կհաղթի գործող Սահմանադրությունը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG