Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը այսօր առաջնորդում է հասկանալու՝ ինչու է Եվրամիությունը սկսել Հայաստանը կարեւորելու նշաններ ցույց տալ: «Պարզապես Եվրամիությունը որոշակի քաղաքական եզրահանգումներ է արել սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ձեւավորվող նոր կացության մասին՝ ընդհանրապես եւ Եվրամիության ընդլայնման սկզբունքների վերաբերյալ՝ մասնավորապես», - նշում է մեկնաբանը: - Ու դրանցում «խիստ կարեւոր տեղ է գրավում Թուրքիայի հանդեպ նոր քաղաքականություն մշակելու խնդիրը»: Մեկնաբանի ընդգծմամբ, «հայ-թուրքական թնջուկի առկայությունը ԵՄ-ին թույլ է տալիս ստեղծել հակակշիռների նոր համակարգ՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, ինչը հնարավորություն կտա եւս 10-15 տարի Թուրքիային քարշ տալ իր դռների մոտ՝ Կիպրոսի օկուպացումը վերացնելու խնդրի փոխարեն նրա առջեւ դնելով Հայաստանի շրջափակումը վերացնելու, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդիրները»:

«Ուստի», - եզրափակված է «Հայոց Աշխարհ»-ում, - «Հայաստանի արտաքին քաղաքականության առջեւ բացվում է Եվրամիության հետ հակագործակցության մեծացման որոշակի դաշտ, որտեղ աշխատելու համար հարկավոր է խորապես հասկանալ Անդրկովկասում Հայաստանի դերի կարեւորման մեջ վերջինիս շահագրգռության իրական պատճառները եւ, միմյանց անօգուտ կերպով քննադատելու ու մեղադրելու փոխարեն, ուղղակի օգտվել հնարավորություններից՝ մեր ներկայությունը եվրոպական կառույցներում ուժեղացնելու եւ Թուրքիային քաղաքական զիջումների մղելու համար»:

Արտգործնախարար Օսկանյանի արտահայտությունները, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան զգալի արդյունքներ չտվեց» եւ որ «Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքի շրջանակներում Քոչարյանի եւ Ալիեւի հերթական հանդիպումը դժվար թե աշխուժություն հաղորդի ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին», «Առավոտ» թերթի համար առիթ են դարձել եւս մեկ ամգամ ներկայացնելու իր այն տեսակետը, թե Քոչարյանի ու Ալիեւի հիմնական նպատակ էլ հենց բանակցային գոծընթացը փակուղի մտցնելն է: Խմբագրականում վկայակոչված է եւ Մինսկի խմբի համանախագահների Ռուսաստանի երբեմնի ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի հոդվածը «Նեզավիսիմայա գազետա» թերթում, ըստ որի «համանախագահների վերջին այցը տարածաշրջան եւս մեկ անգամ հաստատեց, որ «փաթեթային» տարբերակը չի աշխատում։ Ոչ տեսանելի նպատակները եւ վճռականության բացակայությունը «փաթեթային» տարբերակը դարձնում են անիրական։ Եթե ընտրվեր խնդրի կարգավորման «փուլային» տարբերակն ու եթե այսօրվա դրությամբ լուծված լինեին միայն մի քանի հարցեր, իրավիճակն այսքան վտանգավոր չէր լինի, իսկ դեմագոգներն ու ավանտյուրիստներն այսքան ամուր հող չէին ունենա իրենց ոտքերի տակ»։

«Քոչարյանը գիտակցաբար ընդունեց ի սկզբանե դատապարտված տարբերակը», - ամփոփում է «Առավոտ»-ը։ - «Եվ սա իրո՛ք պարարտ հող է դեմագոգների եւ ավանտյուրիստների համար։ Վերջիններս պատրաստ են մինչեւ վերջ տեր կանգնել այդ տարբերակին, հակառակ դեպքում կզրկվեն իշխանությունից»։

«1997 թ. ԵԱՀԿ Կոպենհագենի խորհրդաժողովից եւ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հրապարակումից հետո մեր հանրության հայրենասիրական հատվածը անցավ Ղարաբաղը ծախելու՝ իշխանությունների ծրագրերի բացահայտմանը՝ պահանջելով այդ իշխանությունների շուտափույթ հրաժարականը: Հայ հայրենասերների բանակում աչքի ընկնող դեր էր ստանձնել Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը», - հիշեցնում է «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը, արձանագրելով, որ այսօր արդեն նույն Սարգսյանը անհուսալի իրավիճակից միակ ելքը համարում է նախագահական արտահերթ ընտրությունները:

«Սոցիալական վիճակը օրեցօր վատթարանում է, աշխատավարձերը 1997 թվականից 1 դրամ էլ չեն ավելացել: Այնպես որ, մի օր երկիրը կոլապսի է գալու», - «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, պնդում է Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդականը, որի կարծիքով Ռոբերտ Քոչարյանին սպառնում է ոչ միայն պաշտոնանկություն, այլ նաեւ ավելի ծանր հետեւանքներ, որը կորոշեն հաջորդ իշխանությունների դատական մարմինները»:

«Հայկական ժամանակ»-ի տպավորությամբ, «օր առաջ Քոչարյանի պաշտոնանկությունը պահանջող եռյակը հոկտեմբերի 26-ի հանրահավաքից հետո կարծես թե ընդհատակ է անցել», եւ, դատելով նրանց հանդեպ իշխանական լրատվամիջոցների հետաքրքրության կորստից էլ՝ եռյակը այլեւս անվտանգ է համարվում: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, սակայն, «Հայկական ժամանակ»-ի թղթակցին, այսպես ասած, հուսադրել է՝ «Այս իշխանությունները թե ներքին, թե արտաքին եւ թե Լեռնային Ղարաբաղի հարցում այնպիսի վտանգավոր խաղերի մեջ են, որ ցանկացած պահի քաղաքական իրադրությունը կարող է փոփոխվել, եւ պատգամավորները կարող են շատ արագ հավաքել 66 եւ ավելի ստորագրություն, ուստի հարցը մենք միշտ պահում ենք օրակարգում... Մեզ համար կյանքի նպատակ չէ ամեն գնով հասնել իշխանափոխության», - որոշ երանգներ է թարմացնում Բազեյանը: - «Իշխանափոխությունը հասարակական պահանջարկի արդյունք պետք է լինի, եւ եթե այդ պահանջարկն այսօր ամբողջությամբ ձեւակերպված չէ, աշխարհը չի կործանվի, եթե մենք չհասցնենք արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ ձայներ հավաքել»:

«Հայկական ժամանակ»-ը խտացնում է, որ փաստորեն «ընդդիմադիր ուժերի հույսը իշխանափոխության հարցում պատգամավորական առնետավազքն է»՝ պայմանավորված քաղաքական իրավիճակի հերթական փոփոխությամբ:

«Հայոց Աշխարհ» թերթն անդրադառնում է, որ Հայաստանում «նոմենկլատուրային արտոնությունները ամեն կերպ պաշտպանելու միտունը պահպանվում է»: Մեկնաբանը կտրականապես համամիտ չէ արծարծվող այն տեսակետին, թե կոռուպցիան, կաշառակերությունը վերացնելու համար պետք է զգալիորեն բարձրացնել չինովնիկների աշխատավարձը: «Հայրենի նոմենկլատուրայի աղքատությունը ուղղակի հեքիաթ է», - ընդգծված է «Հայոց Աշխարհ»-ում: - Իրականում նրանք ստանում են «ավելի շատ ու կանոնավոր, քան բժիշկները, ուսուցիչները, գիտնականները.. Եվ չկա քաղաքակիրթ աշխարհում մի երկիր, որտեղ այդպիսի վատ աշխատանքի դիմաց չինովնիկներին վճարեն այդքան շատ: Դեռ թույլ էլ տան կաշառք վերցնել ու գողանալ»:

«Մոռացված առասպել 150 հազար տուրիստի եւ 1000-ական ԱՄՆ դոլարի մասին» վերնագրի տակ «Երկիր» թերթը ի մի է բերել. «Մեր պետական այրերի սպասելիքները Հայաստանի գրավչության եւ օտարերկրյա զբոսաշրջիկների ձեռնաբացության հարցերում, մեղմ ասած, պարզապես գերագնահատված էին... Համար առիթը բաց էր թողնված ի սկզբանե... 1700-ամյակի նախապատրաստությունները Հայաստանում սկսվեցին բավական ուշացումով եւ տարերայնորեն»: Մինչդեռ՝ «աշխարհի այլ երկրներում ցանկացած նման կարգի միջոցառումների սկսում են նախապատրաստվել մի քանի տարի առաջ եւ ամենակարեւորը՝ համակարգված ծրագրով»:

Ընդհանուր առմամբ, մեկ-երկու ավանդական երթուղիներից զատ Հայաստանը տուրիստներին առաջարկելու առանձնապես բան էլ չուներ: Այդպես էլ գրեթե անմատչելի մնացին մարզերի տեսարժանությունները, քանզի զբոսաշրջիկների կացության տարրական պայմաններ անգամ չկային: «Երկիր» -ում առանձնացված է եւս մեկ վանող հանգամանք. ոչնչացվող բնությունը՝ անտառներից մինչեւ Սեւան:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG