Մատչելիության հղումներ

Քոչարյանի թիկնապահին մեղադրանք կառաջադրվի «Առագաստ» սրճարանում կատարված սպանության համար


Սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում Ջավախքի Ջիգրաշեն գյուղի գյուղապետ Պողոս Պողոսյանի սպանության առնչությամբ հարուցված քրեական գործով, հավաստի աղբյուրների վկայությամբ, այսօր կամ վաղը քրեական օրենսգրքի 103 հոդվածի՝ անզգուշությամբ կատարված սպանության, հատկանիշներով մեղադրանք է առաջադրվելու հանրապետության նախագահի թիկնապահներից մեկի՝ Աղամալ Հարությունյանի նկատմամբ:

Դեպքից հետո քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 100 հոդվածի՝ դիտավորյալ սպանության, հատկանիշներով: Այս հոդվածով օրենքն ավելի մեծ պատիժ է սահմանել: Բացի այդ, իրավաբանների վկայությամբ, կոնկրետ դեպքի համար կարող էր նաեւ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելու մեղադրանք առաջադրվել:

Մինչդեռ անզգուշությամբ կատարված սպանության համար քրեական օրենսգրքով նախատեսված է շատ ավելի մեղմ պատիժ՝ մինչեւ երեք տարի ժամկետով ազատազրկում:

Դեռեւս հոկտեմբերի 19-ին հանրապետության գլխավոր դատախազ Արամ Թամազյանը լրագրողներին հավաստիացրեց, որ մանրամասն քննություն է կատարվում, հարցաքննվել են այդ օրը սրճարանում գտնվող բոլոր անձինք, որոնց թվում ականատես վկա, փաստորեն, մեկն է՝ Պողոս Պողոսյանի ընկեր Ստեփան Նալբանդյանը: Միայն նա կարող էր իրականում տեսած լինել, թե ինչպես եւ ովքեր են մասնակցել սրճարանի զուգարանի տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքին, ինչի արդյունքում սպանվել էր Պողոսյանը:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, Պողոս Պողոսյանը մահացել է գլխին հասցված բութ հարվածից: Հավաստի աղբյուրների վկայությամբ, կատարվել է նաեւ լրացուցիչ փորձաքննություն, որի արդյունքների կամ եզրակացության մասին տեղեկություններն առայժմ մեզ հասու չեն: Պարզ չէ նաեւ, թե Աղամալ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացվել է, թե ոչ:

Թեեւ սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում կատարվածի կապակցությամբ անցկացրած խորհրդակցության ժամանակ նախագահ Քոչարյանը գլխավոր դատախազին եւ ներքին գործերի նախարարին հրահանգել էր եղելությունը պարզելու համար բազմակողմանի եւ օբյեկլտիվ քննություն անցկացնել, այնուամենյանիվ, մեղադրանք առաջադրելու համար ավելի քան երկու ամիս պահանջվեց:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG