Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահի Իրան կատարելիք այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել Իրան - Հայաստան գազամուղին վերաբերող փաստաթուղթ


Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Քոլեյնիի կարծիքով, նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջիկա այցը Իրան շրջադարձային է լինելու երկու երկրների կապերի ընդարձակման առումով: Նրա խոսքերով, Իրանի եւ Հայաստանի երկկողմ կապերը գտնվում են ռազմավարական հասունացման փուլում՝ ամրապնդվելով բոլոր բնագավառներում:

Այս մասին Քոլեյնին ասաց երեքշաբթի օրը Երեւանում Իրանի էներգետիկ ոլորտի արդյունաբերության նմուշների ցուցահանդես-սեմինարի բացման ժամանակ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը հարեւան երկրների հարաբերություններում կարեւոր նշանակություն է տալիս էներգետիկայի բնագավառում համագործակցությանը եւ, իհարկե, Իրան - Հայաստան գազամուղի շինարարությանը, որի վերաբերյալ ամբողջ տարվա ընթացքում հուսադրող հայտարարություններ էին հնչում, սակայն առաջընթաց, առայժմ չկա:

«Նախատեսվում է Հայաստանի նախագահի Իրան կատարելիք առաջիկա այցի ընթացքում ստորագրել համապատասխան փաստաթուղթ այս ծրագրի վերաբերյալ», - ասաց Կարեն Գալուստյանը: - «Էներգետիկայի բնագավառում համագործակցության հիմնահարցերից է Իրան - Հայաստան գազամուղի ծրագիրը, որի նշանակությունը հանրապետության էներգակիրներով ապահովման հուսալիության բարձրացման, արդյունաբերական հզորությունների խթանման եւ հանրապետության տնտեսության վերականգնման գործում դժվար է գերագնահատել»:

Իրան - Հայաստան գազամուղին այսօր անդրադարձել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Ես կարծում եմ, որ մեկ տարվա ընթացքում մենք մեծ առաջընթաց ենք արել: Փաստաթղթերը իսկապես ամբողջությամբ պատրաստ են: Չեմ կարող ասել, որ եկող այցի ընթացքում վերջնական ինչ-որ մի փաստաթուղթ կստորագրվի: Դրա հավանականությունը, այդուհանդերձ, բարձր է», - ասել է նա:


Շաքե Ավոյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG