Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը կարող է նոր որակ հաղորդել Հայաստանի վարած փոխլրացման արտաքին քաղաքականությանը


«Թեեւ Միացյալ Նահանգների հետ ռազմական ոլորտում մեր համագործակցությունը իր ձեւով եւ բնույթով էապես տարբերվելու է Ռուսաստանի հետ մեր համագործակցությունից՝ այնտեղ բոլորովին այլ որակ է, համենայնդեպս, այս նոր հնարավորությունը կարող է նոր որակ հաղորդել մեր վարած փոխլրացման քաղաքականությանը», - այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, անդրադառնալով «Ազատության աջակցման ակտի» 907 բանաձեւի կասեցման մասին որոշմանը, որի ստորագրումը նախագահ Բուշի կողմից, Օսկանյանի խոսքերով, ակնկալվում է մոտ ժամանակներս:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ասաց նաեւ, որ 907-ի կասեցման արդյունքում Ադրբեջանին տրամադրվելիք ամերիկյան ռազմական աջակցության մասին թյուր կարծիք կա: Խոսքը ռազմական տեխնիկայի տրամադրման մասին է, բայց, ըստ Օսկանյանի, դա ենթադրում է ընդամենը տեխնիկական օգնություն, կադրերի պատրաստում, սահմանների պահպանման համար սարքավորումների տրամադրում:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը, Վարդան Օսկանյանը ասաց, որ հարկավոր է սպասել նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի Մոսկվայում այս շաբաթ հավանաբար կայանալիք հանդիպմանը ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում:

«Ողջունելի էր Ալիեւի վերջին հայտարարությունը, երբ նա նշեց, որ ինքը կարծում է, որ հարցը հնարավոր է, որ եկող տարվա ընթացքում լուծվի խաղաղ ճանապարհով», - ասաց Հայաստանի արտգործնախարարը: - «Մենք հույս ունենք, որ անկեղծ է ինքը իր հայտարարության մեջ»:

Լրագրողների շրջանում մեծ հետաքրքրություն էր առաջացրել «Ազատություն» ռադիոկայանին անցած շաբաթ տված հարցազրույցում նախարարի արտահայտած միտքը, թե անկախության կամ Հայաստանին միավորվելու համար Ղարաբաղը իրավական եւ պատմական ամուր հիմքեր ունի: Վարդան Օսկանյանն այսօր էլ ձեռնպահ մնաց հստակ պատասխան տալուց, թե արդյոք այդ հարցը տեղ ունի բանակցություններում:

«Ես ուղղակի գտնում եմ, որ Ղարաբաղի անկախության կամ Հայաստանի հետ միավորման իրավական փաստերը բավականին ամուր են: Բայց չի նշանակում, որ կոնկրետ այդ հարցը անպայմանորեն քննարկվում է», - ասաց նա:



Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG