Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթն այսօր արձանագրում է հայրենի ընդդիմության տարեկան տապալումը. «Չնայած ընդդիմադիր «եռյակի» հավաստիացումներին, թե նրան հաջողվել է հավաքել «գրեթե» 40 պատգամավորների ստորագրություն՝ հօգուտ նախագահի իմփիչմենթի, իրականում նման պատգամավորների թիվը հազիվ է անցնում 10-ից»: Բազմաթիվ պատճառներից «Առավոտ»-ի խմբագիրը թվարկում է «արմատական ընդդիմության մաս կազմող կուսակցությունների անփորձությունը, նրանց մեջ լիակատար համաձայնության բացակայությունը, պատգամավորների ծայրաստիճան բթությունն ու վախկոտությունը: Բայց ամենակարեւոր պատճառն, իհարկե, այն է, որ հասարակության մեջ չկա վճռականություն՝ ձերբազատվելու գործող իշխանությունից», - ընդգծված է «Առավոտ»-ում: - «Այսօր մեր քաղաքացիների մեծ մասը վստահ է, որ դա անհնարին է, եւ, որն ավելի կարեւոր է՝ նրանք չեն տեսնում իշխանափոխության իմաստը: Ոչ ոք դա կարգին չբացատրեց»:

Ընդդիմադիր եռյակի «կուսակցությունները, որոնք խորհրդարանում իրենց անդամներն ունեն, ի վիճակի չեն ոչ միայն ստորագրահավաք կազմակերպել, այլեւ՝ օգտվել խորհրդարանի՝ հասարակության ակտիվ մասին ուղղված անհրաժեշտ քարոզչություն ծավալելու հիանալի ամբիոնից», - փաստված է «Առավոտ»-ում: - «Խորհրդարանից դուրս էլ ընդդիմությունն, ըստ էության, պարապուրդի է մատնված: Այն ընդդիմադիր գործունեություն ծավալելու մեխանիզմներին ու տեխնոլոգիաներին չի տիրապետում»:

Ինչ վերաբերում է իշխանությանը, խմբագրի նկարագրությամբ, նախագահ Քոչարյանի «կուսակցությունը նոմենկլատուրային վերնախավն է... Այդ վերնախավն ապահովում է Քոչարյանի իշխանության վարչական հզոր ռեսուրսը: Հիշյալ վերնախավի տանիքի տակ աշխատող նոմենկլատուրային «բիզնեսմենները» կազմում են նույն իշխանության նյութական ռեսուրսը: Վերջապես, կողքից դամ են քաշում գրպանային կուսակցությունները, գործիչներն ու «մտավորականները»»: Իշխանությունը, սակայն, «Առավոտ»-ում այս իդիլիայի մեջ չի թողնվում՝ հետեւյալ հեռանկարով. «Պարադոքսալ ձեւով, երբ ամեն ինչ հանգիստ է, խաղաղ ու «կայուն», հենց այդ ժամանակ էլ սկսվում են իշխանության ամենամեծ պրոբլեմները՝ սկսվում է իշխանական համակարգի ներքին քայքայումը: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջեւում է»:

«Երկիր» թերթի ընդգծմամբ, «2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները այսօր իսկ գտնվում են ոչ միայն հանրապետության քաղաքական ուժերի, այլեւ տարածաշրջանային եւ մեծ տերությունների սեւեռուն ուշադրության կենտրոնում»: Եվ ընդդիմադիր եռյակի «թերացումներից մեկն էլ գերտերությունների քաղաքական շահագրգռությունների անտեսումն էր»: Մյուս կողմից, այս ընթացքում իշխանությունը արտաքին հարաբերություններում ավելի ամրապնդվեց, - հավաստում է մեկնաբանը, որի մատուցմամբ, ընդհանուր առմամբ, 2003-ին մենք «ընտրելու ենք կա'մ հօգուտ առկա ռազմաքաղաքական համակարգի պահպանման, կա'մ էլ նոր կողմնորոշիչներ ենք փնտրելու, որոնց ազգային-պետական տարողունակությունը պատմական քննություն չի բռնել»:

«Իրավունք» թերթի մեկնաբանի դիտարկմամբ՝ «Այն, որ չափազանց ինքնավստահ Ռոբերտ Քոչարյանը հանկարծ ակտիվացրեց իր քարոզչական մեքենայի գործունեությունը եւ այդ գործունեությանը նաեւ սկսեց ներառել իմիջ ձեւավորելու տարրեր, նշանակում է, որ նա առաջիկայում ակնկալում է բավականին լուրջ մրցակցություն: Անշուշտ, այդ նոր մրցակիցը ՀԺԿ - «Հանրապետություն» - «Ազգային միաբանություն» հականախագահական եռյակը չէ... Մրցակիցը էապես ավելի լուրջ է», - ամրագրում է «Իրավունք»-ը, ու դատելով այն բանից, որ դրանից պարզապես անցնում է Սերժ Սարգսյան - Ռուսաստան կապերի ամրապնդման նկարագրությանը, թերեւս լուրջ մրցակից ասելով, նկատի ունի հենց պաշտպանության նախարարին:

Մամուլում շարունակում են նկատելի տեղ գրավել միջթերթային բախումները: «Հայոց Աշխարհ»-ը՝ ընդդեմ «Իրավունք»-ի կտրվածքում, գրում է. «Մի քանի տիրոջ ծառայելով՝ սույն լրատվամիջոցը ընդամենը բազմակարծության քողածածկույթ է ստեղծում: Բոլոր քաղաքական ուժերին, դիրքորոշում ունեցող եւ քաղաքական համակրանքները թաքցնելու ջայլամային գործելակերպ չորդեգրած լրատվամիջոցներին, այսպես ասած, «պապայի» դիրքերից դատող ու դատապարտող այս թերթը սարսափելի զգայուն է, երբ ինչ-որ մեկը տրորում է իր պոչը»:

«Հայոց աշխարհ»-ին մասնավորապես վրդովել է «Իրավունք»-ում ռուսաստանյան իրավապաշտպաններից մեկի հետազոտական ամփոփագրի հրապարակումը, ըստ որի «Հայոց Աշխարհ» եւ «Գոլոս Արմենիի» թերթերը Սերժ Սարգսյանի կողմից ֆինանսավորվող զանգվածային լրատվամիջոցների ցանկում են: Աղմուկ է բարձրացրել եւ հայաստանյան թերթերի տպաքանակի ու չվաճառված քանակությունների մասին «Առավոտ»-ի վիճակագրությունը: «Հայոց Աշխարհ»-ը, մեղմ ասած, «սուտ» է որակել իրեն վերաբերող թվերը եւ այս առիթով էլ «Առավոտ»-ին ընդհանուր առմամբ գունավորել է:

«Առավոտ»-ը մեր ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» վերնագրի տակ մերկացման արահետ է դուրս եկել եւ «Հայկական ժամանակ»-ը՝ պատկերելով. «Ինչպես հայաստանյան հասարակական կյանքի ցանկացած ոլորտում, մամուլի ասպարեզում էլ, պարզվում է, կան արտոնյալ վիճակում գտնվողներ: Ահա այդ արտոնյալ վիճակում գտնվող թերթերը, փոխանակ սուսուփուս օգտվելու իրենց արտոնյալ վիճակից, փորձում են ամեն կերպ նսեմացնել ուրիշների արժանիքները»: «Ստացվում է, որ Հայաստանում ամենաանկախն է համարվում այն թերթը, որը ֆինանսավորվում է պարտքերի տակ ճռռացող պետական ձեռնարկության»՝ Հայմամուլի կողմից, - մեղադրանքը որոշակիացնում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: Հարցի պատասխանը՝ «Ինչո՞ւ է Հայմամուլը բոլոր թերթերին միլիոնավոր դրամներ պարտք, իսկ «Առավոտ»-ին պարտաճանաչորեն վճարում է ոչ միայն վաճառվածի, այլեւ չվաճառվածի համար», մեկնաբանը տեսնում է Հայմամուլին իջեցված պատվերի շրջանակներում, ակնարկելով՝ «Թե ով է իջեցրել այդ պատվերը, դժվար չէ կռահել: Նման բարդագույն եւ շատերին ոչ հասկանալի ֆինանսական կոմբինացիա Հայաստանում գտնվող մեկ-երկու մարդու մտքով կանցներ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG