Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովը գումարեց իր առաջին նիստը



Հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը (ձախից) եւ փոխնախագահ Հրանտ Խաչատրյանը


Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող սահմանադրական փոփոխությունների երեք նախագծերը քննարկելու եւ դրանց վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով անցած շաբաթ ստեղծված ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի առաջին նիստում դրա նախագահ ընտրվեց Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, փոխնախագահ՝ Հրանտ Խաչատրյանը:

Հանձնաժողովում ներկայացված են Ազգային ժողովի բոլոր խմբերն ու խմբակցությունները: Տիգրան Թորոսյանը մասնակցել է սահմանադրության փոփոխությունների նախագահական տարբերակի մշակմանը: «Իրավունք եւ միաբնություն» խմբակցության անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը Շավարշ Քոչարյանի ներկայացրած սահմանադրական նախագծի համահեղինակներից է: Շրջանառվում է նաեւ սահմանադրական փոփոխությունների Հայկոմկուսի տարբերակը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Տիգրան Թորոսյանը, հանձնաժողովի ստեղծումը խորհրդարանական մեծամասնության կողմից բարի կամքի դրսեւորում էր, քանի որ եթե քննարկումը թողնեին պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ապա այնտեղ «Միասնություն» դաշինքի անդամները գերակշռող մեծամասնություն ունեն, մինչդեռ նորաստեղծ ժամանակավոր հանձնաժողովում ներկայացված են բոլոր ուժերը:

Այսօրվա նիստում որոշվեց տարբերակների՝ հանձնաժողովում քննարկման ընթացակարգը: Նախ կքննարկվեն պատգամավորական, ապա՝ նախագահական տարբերակները: Քննարկման ժամկետները կճշտվեն հանձնաժողովի հաջորդ նիստում:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG