Մատչելիության հղումներ

Կառավարությունը ջանալու է ապահովել նախատեսված հարկային մուտքերը եւ ստանալ ՍԱՔ-4-ի հերթական չափաբաժինը


«Չորրորդ եռամսյակում նախատեսված է ապահովել 53 միլիարդ դրամի հարկային մուտքեր», - «Ազատություն» ռադիոկայանին շաբաթ օրը ասաց պետական եկամուտների նախարար Երվանդ Զաքարյանը: Հարկային մուտքերի ապահովումը Արժույթի միջազգային հիմնադրամի պայմանն է՝ Կառուցվածքային բարեփոխումների վարկի (ՍԱՔ-4) երկրորդ՝ 15 միլիոն դոլարի չափաբաժինը տրամադրելու համար:

«Մենք հույս ունենք, որ չորրորդ եռամսյակի խնդիրները 53 միլիարդ դրամի հավաքագրման առումով պետք է որ կատարվի, որը կլուծի ՍԱՔ-ի հերթական վարկային ռուսուրսների տրամադրման հարցը», - ասաց պետեկամուտների նախարարը:

Նախորդ եռամսյակում հարկերի թերհավաքագրման հիմնական պատճառը, ըստ նախարարի, էներգետիկ ոլորտի կողմից հարկային պարտավորությունների թերացումն է: Կուտակված պարտքերը հաշվի առնելով, չորրորդ եռամսյակում Էներգետիկ համակարգի ձեռնարկությունները մինչեւ տարեվերջ պարտավոր են բյուջե փոխացել 12,5 միլիարդ դրամ:

Նախարարի գնահատմամբ, «տարվա կտրվածքով բյուջեի թերակատարումները կլինեն 3-4 միլիարդի սահմաններում: 2000 թվականին բյուջեի մուտքերը եղել են 152 միլիարդ դրամ: Այս տարի պլանայինը 173,3 միլիարդ է. եթե անգամ մենք 3-4 միլիարդով թերակատարենք պլանները՝ ընդհանուր հարկային մուտքրեը, ապա բոլոր դեպքերում 2000 թվականի նկատմամբ կունենանք 11 տոկոս աճ»:

«Իսկ հնարավո՞ր է Հայաստանում կատարելի բյուջե գրել» հարցին Երվանդ Զախարյանն ասաց, թե կառավարությունում մանրամասնորեն քննարկվել է 2002 թվականի բյուջեն եւ հաշվի են առնվել բոլոր հարկային ու մաքսային հնարավորությունները: Նկատի է առնվել նաեւ այն հանագամանքը, որ Ազգային ժողով է ներկայացվել հարկային դաշտի կանոնակարգմանը վերաբերող օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթը: Դրանց ընդունումն, ըստ նախարարի, կբարելավի ոչ միայն հարկային վարչարարությունը, այլեւ հարկատուի ու հարկային մարամինների փոխհարաբերությունները:

Նախարարը համոզված է, որ դրանից հետո հարկային մարմիններում մշակվելիք միջոցառումները հնարավորություն կտան կատարել 2002 թվականի բյուջեն, որի Ազգային ժողով ներկայացված նախագծով հարկային մուտքերը ավելանալու են 12 տոկոսով:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG