Մատչելիության հղումներ

Եվրամիություն ֊- Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը կոչ է անում Թուրքիային վերաբացել Հայաստանի հետ իր սահմանները


Եվրամիություն ֊- Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նոյեմբերի 19-21-֊ը Բրյուսելում կայացած նիստում ընդունված «Հայտարարություն եւ առաջարկություններ» վերնագրված փաստաթուղթը ողջունում է ահաբեկչության դեմ պայքարին Հայաստանի աջակցությունը, ինչպես նաեւ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելուն ուղղված բոլոր անկեղծ ջանքերը, հատկապես ընդգծում կառավարությունների մակարդակով շուտափույթ ձեռնարկվելիք միջոցառումների կարիքը, կոչ է անում Անկարային՝ վերաբացել Հայաստանի հետ իր սահմանները, որը կհամապատասխանի Եվրամիության անդամության թեկնածու Թուրքիայի ստանձնած պարտավորությանը»:

Ընդունված փաստաթուղթն ամրագրել է, որ հանձնաժողովը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ փարիզյան եւ քիուեսթյան սկզբունքների վրա հիմնված բոլոր ջանքերը եւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության նախագահ Աղվան Վարդանյանը, նշել է, որ «այսօր էլ խնդրի կարգավորման լավագույն ֆորմատը մնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը»:

«Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովն ակնկալում է, որ Հայաստանի կառավարությունը կհարգի Մեծամորի ատոմակայանը փակելու պատրաստակամությունը՝ այլընտրանքային հուսալի եւ անվտանգ էներգահզորությունների առակայության դեպքում», - ասված է փաստաթղթում: Ըստ Աղվան Վարդանյանի, «սրանով 2004 թվականին ատոմակայանի փակման մասին խոսք չի կարող լինել, փաստորեն այս ժամկետը այլեւս ֆիքսված չէ»: Այլընտրանքային էներգառեսուրսների համար էլ Եվրամիությունը ծրագրեր է նախապատրաստում՝ ներառյալ ֆինանսական աջակցությունը:

Փաստաթղթում լուրջ մտահոգություն կա Հայաստանում գործազրկության բարձր տոկոսի, դրա հետեւանքով՝ երկրից «ուղեղների արտահոսքի» համար:

Եվրամիություն֊-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը նաեւ ակնկալում է Հայաստանում մահապատժի վերացումը, այլընտրանքային զինծառայության մասին օրենքի ընդունումը: Ընդգծում է տնտեսության ոլորտում թափանցիկության աճի անհրաժեշտությունը եւ աջակցում է կոռուպցիայի դեմ պայքարի՝ ԵԱՀԿ հովանավորած նախաձեռնությունը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG