Մատչելիության հղումներ




Երեւանի ճարտարագիտական համալսարանի ուսանողների հետ հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է ընթացիկ տարվա տնտեսական աճի ցուցանիշներին, հարկային ու կադրային քաղաքականությանը, արտաքին քաղաքական հարցերի: Նախագահը պատասխանել է նաեւ 2000 թվականի մարտին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանին ներում շնորհելու մասին հարցին:

Գեներալ Սամվել Բաբայանը, որը Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է եղել Ադրբեջանի դեմ մղված պատերազմում, իրեն մեղավոր չի ճանաչել: Այդ տարիների Լեռնային Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ այժմ ձեռնպահ էր մնացել հարցին անդրադառնալուց:

«Ինչ պատահել է Արցախում, իհարկե, ցավալի է: Բայց կա դատական որոշում, մենք պետք է հարգենք այդ որոշումը, Ղարաբաղի նախագահի իրավունքները հետագայում որոշ լուծումներ տալու», - ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Իհարկե, քննարկում ենք նաեւ իր հետ այս հարցերը»:

«Տասը ամսվա տվյալներով մեր համախառն ներքին արդյունքը 109,6 տոկոս է», - խոսելով ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշների մասին, ասել է Հայաստանի նախագահը: - «Պետք է ասեմ, որ անկախությունը ձեռք բերելուց հետո այսպիսի ցուցանիշ մենք երբեք չենք ունեցել: Արդյունաբերությունում աճը 6,9 տոկոս է, գյուղատնտեսությունում 11,5, կապիտալ շինարարությունում 14 տոկոսից ավելի: Մոտ 11 տոկոսով աճել են արտահանման ծավալները»:

Իբրեւ պետության առջեւ ծառացած հրատապ խնդրի, նախագահը անդրադարձավ հարկային վարչարարությանը՝ նշելով, որ այս ոլորտում օրենսդրությունը հետ է մնացել տնտեսության մեջ կատարված փոփոխություններից:

Նախագահը խոսեց նաեւ կադրային քաղաքականության մասին: Ռոբերտ Քոչարյանը կրկին առաջնային համարեց «Պետական ծառայության մասին» օրենքի ամբողջական ընդունումը, ինչը հիմք կհանդիսանա լուրջ ու համակարգված կադրային քաղաքանություն վարելու համար:

Անդրադառնալով կառավարության անդամների նշանակմանը, Քոչարյանն ասաց, որ դրանք ոչ թե կադրային, այլ քաղաքական նշանակումներ են: «Պարտադիր չէ, որ նախարարը, եթե նշանակվում է, լինի տվյալ բնագավառի ամենափայլուն մասնագետը... Շատ դեպքում, այո, նախագահը ստիպված է լինում, հաշվի առնելով Ազգային ժողովի կառուցվածքը, ստիպված լինելով հաշվի առնել քաղաքական իրավիճակը, որոշ նշանակումներ անել, որոնք, միգուցե պոպուլյար չեն լինում»,- ասաց նախագահը, ավելացնելով, որ այդ քայլերն արվում են այն գիտակցությամբ, որ հետագայում շտկվելու են:

Պատասխանելով հարցին, թե ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող խաղաղ գործընթացի ձախողման պարագայում Հայաստանը կնախաձեռնի արդյոք Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի սուբյեկտ դարձնելու գոծընթաց, նախագահ Քոչարյանն ասաց, որ եթե Արցախն իր ներքին, արտաքին քաղաքականությամբ ու բարեփոխումների ընթացքով կարողանա ցույց տալ, որ համաքայլ է համաշխարհային ընթացքին, ապա Ղարաբաղի անկախության յուրաքանչյուր տարին արդեն իսկ քայլ է այդ ուղղությամբ:

«Սա գործընթաց է, որ ջանք, աշխատանք ու պատասխանատվություն է պահանջում», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG