Մատչելիության հղումներ

Էներգետիկայի նախարարն ասում է, որ «ՌԱՈ ԵԷՍ»-ը չի մասնակցելու Հայաստանի բաշխիչ ցանցերի մասնավորեցման մրցույթին


Հայաստանի Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ռուսաստանյան «ՌԱՈ ԵԷՍ» ընկերությունը թեեւ պաշտոնապես չի հրաժարվել Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման միջազգային մրցույթին մասնակցելուց, սակայն այդ ընկերության ներկայացուցիչները իրեն բանավոր կերպով տեղեկացրել են, որ մրցույթին չեն մասնակցելու:

Ըստ մրցութային գործընթացներին քաջատեղյակ աղբյուրների, «ՌԱՈ ԵԷՍ»-ը ցանկանում էր Հայաստանի բաշխիչ ցանցերը ձեռք բերել «Գույք՝ ռուսական պարտքի դիմաց» բանաձեւի շրջանակներում: Անցած ամսվա վերջին Սերժ Սարգսյանը Երեւանում լրագրողներին ասել էր, թե նոյեմբերի սկզբին որպես հայ- ռուսական միջկառավարական հանաձնաժողովի համանախագահ մեկնելու է Մոսկվա՝ այդ մարմնում իր գործընկերոջ՝ Ռուսաստանի փոխնախագահ Իլյա Կլեբանովի հետ վերջնականապես համաձայնեցնելու «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի իրագործման պայմանները: Այդ բանաձեւի շրջանակներում Ռուսաստանին ունեցած պարտքի (93 միլիոն դոլար) դիմաց Հայաստանի առաջատար մի քանի ձեռնարկությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթները հանձնվելու են Ռուսաստանին: Սարգսյանի եւ Կլեբանովի հանդիպումը, ըստ որոշ լրատվամիջոցների, կայացել է, արդյունքների մասին, սակայն, առայժմ տեղեկություններ չկան:

«ՌԱՈ ԵԷՍ»-ը մրցույթի հավանական մասնակիցներից վերջինն էր՝ հաշվի առնելով, որ իսպանական «Յունիոն Ֆենոսա» ընկերության ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ ընկերությունը չի մասնակցելու Հայաստանի բէց-երի մրցույթին:

Էներգետիկայի նախարարությունում եւ կառավարությունում արդեն քննարկում են ցանցերը ոչ թե վաճառելու, այլ կառավարման հանձնելու հարցը:

Կարեն Գալուստյանի խոսքերով, էներգետիկ համակարգը պատրաստ է ձմեռային ծանրաբեռնվածությանը. - «Ատոմակայանը լիովին աշխատում է: Այսօր մենք ստանում ենք համապատասխան քանակի գազի ծավալ, որը մեզ բավարարում է լիովին»:

Երեկ եւ այսօր Հայաստանում տեղացած առատ ձյունը որոշ խնդիրներ է առաջացրել բաշխիչ ցանցերում: «Կան վթարներ բաշխիչ ցանցերում, մանավանդ այն ռեգիոններում, որտեղ շատ ձյուն է եկել», - ասաց նախարարը: Վթարների հետեւանքով մի շարք համայնքների հոսանքն անջատված է՝ Կոտայքում, Արագածոտնում, Սիսիանում, Ղափանում: Աշխատանքներ են տարվում էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG