Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Մամուլում առավել աշխույժ տարածում կա Ազգային ժողովում երեկ արծարծված բենզինի մենաշնորհի խնդրի շուրջ: Փաստորեն, կառավարության անդամի մակարդակով հաստատվեց, որ նման մենաշնորհ կա, - արձանագրում է «Առավոտ» թերթը: Ու թեեւ վարչապետ Մարգարյանը պնդում է, որ «թելադրող-որոշողը քաղաքական հզոր հովանավորությունը կամ տանիքը չէ», այլ՝ շուկան, «Առավոտ»-ը ամրագրել է, որ վերջապես պատգամավորներն էլ, թեկուզ մեծ դժվարությամբ, հանրահայտ իրողությունները սկսում են իրենց անունով կոչել:

Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը երեկ ասաց, որ բենզինի ներկման ասպարեզում գրեթե բացարձակ մենաշնորհային վիճակ ունեցող «Միկա» ընկերությունը վնասով է աշխատում: «Հայկական ժամանակ»-ում մեջբերված է նրա՝ «Ես ինչ անեմ, որ փաստաթղթերով ըտենց ա» արտահայտությունը: «Եթե նախարարի ասածն իսկապես համապատասխանում է իրականությանը, նշանակում է այդ իրականությունը շատ ավելի դաժան է, քան մենք կարող ենք պատկերացնել», - նշում է «Հայկական ժամանակ»-ը: - «Որովհետեւ, թվում է, կա եկամուտներ թաքցնելու մի աստիճան, որից այն կողմ հնարավոր չէ անցնել: Բայց, երեւում է, իշխանական կլանի հնարավորություններն ու գործող կառավարության անճարությունը սահման չունեն»:

Պետական եկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում հարկային եկամուտների թերհավաքագրումների հիմնական պատճառներից առանձնացնում է, որ «անցած տարվանից սկսած ձեռնարկությունները սկսել են շահութահարկի գծով հայտարարագրել վնասներ: Սակայն այդ ձեռնարկությունները ոչ թե վնասով են աշխատում, այլ գործող հարկային օրենսդրությունը թույլ է տալիս ներկայացնել նման հաշվետվություն: Արդյունքում այդ ձեռնարկությունները բյուջեին փող չեն տալիս»: «Մինչեւ օրս Հայաստանում չի եղել պատասխանատվություն կեղծ վնասների համար», եւ այս առումով էլ հրատապ է մնում գործող օրենսդրությունում փոփոխություններ կատարելու խնդիրը:

«Հայկական ժամանակ»-ում այսօր դիտարկվում են եւ սահմանադրական փոփոխությունների շուրջ ծավալվող կրքերը՝ Պարույր Հայրիկյանի այն հայտարարության հետքերով, թե «անհատ պատգամավորը կամ ֆրակցիան Սահմանադրության նախագիծ ներկայացնելու իրավունք չունի... Դա բացահայտ հակասահմանադրական խուլիգանություն է»: Թերթում բերված է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի լուսաբանումը՝ Սահմանադրության վրա հղումներով, որ «ցանկացած պատգամավոր իրավունք ունի ցանկացած նախաձեռնությամբ հանդես գալու, որից հետո Ազգային ժողովը, քննարկելով համապատասխան նախագիծը, որոշում է ընդունում, եւ այդ որոշումը դառնում է Ազգային ժողովի նախաձեռնությունը»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը ամփոփել է այսպես՝ «Իսկ թե ինչու է Հայրիկյանը Քոչարյանին սիրելու ոլորտում տվել-անցել նույնիսկ ՀՌԱԿ-ին, որոշ դիտորդների կարծիքով, Հայրիկյանի վերջին օրերի սիրային զեղումները եւ Վանո Սիրադեղյանի ազատված 75-րդ ընտրատարածքը միմյանց հետ լուրջ աղերսներ ունեն»:

«Հայոց Աշխարհ» թերթում հանդուգն եւ ֆանտաստիկ են որակված Վանո Սիրադեղյանին կրկին նույն ընտրատարածքից խորհրդարան մտցնելու մտմտուքները: Իսկ ընդհանուր առմամբ արձանագրվում է. նախկինների բարձրացրած աղմուկը հասկանալի է, քանզի «Վանոյի հետ կապված յուրաքանչյուր իրավական ակցիա, քվեարկություն կամ պարզապես քննարկում ընկալվում է հասարակության մեջ, տվյալ դեպքում՝ ԱԺ-ում առկա ուժերի հարաբերակցության տեսանկյունից»: Տվյալ դեպքում էլ փաստվում է, որ «հանրահավաքային բումի, իմփիչմենթի նախաձեռնության, պատգամավորների հոգեբանական մշակման եւ անանուն ստորագրահավաքի արդյունքում նախագահ Ռ. Քոչարյանի դիրքերը չեն սասանվել»:

«Երկիր» թերթում այսօր խտացված է, թե ներկայիս արմատական ընդդիմադիրները «պարտություն կրելով քաղաքական բաց պայքարում, որպես առճակատման դրոշ նախընտրում են վաղուց հայտնի տրաֆարետային, օտար, հհշական մտքեր, որոնք Հայաստանը հասցրեցին անդունդի եզրին: Եթե դուք էլ, որեւէ նոր բան չառաջարկելով, կրնկնելու եք քաղաքական քննություն չբռնած ուժի սպառված գաղափարները, դուք եւս ապագա չունեք», - բանաձեւել է մեկնաբանը, ընդդիմությանը նաեւ մեղադրելով, թե «տարված իշխանափոխության հիվանդագին մոլուցքով՝ բացառապես կենտրոնացել է ներքին խնդիրների վրա՝ գիտակցաբար շրջանցելով մեր ժողովրդի ոխերիմ թշնամիների քարոզչական անզուսպ արշավի դեմ հանդես գալու անհրաժեշտությունը»:

«Քոչարյան - Ալիեւ մոսկովյան հանդիպման նախօրեին Ադրբեջանը պատերազմով սպառնում է Ղարաբաղին», - ուշադրություն է կենտրոնացնում «Ազգ» թերթը: Պաշտպանության փոխնախարար գեներալ Միքայել Գրիգորյանը «Ժամանակ»-ի հարցազրույցում ասում է. «Ադրբեջանի ղեկավարությունը միտումնավոր խնդրի լուծումը տանում է փակուղի՝ փորձելով սեփական ժողովրդին ցուցադրել ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի վճռելու՝ իշխանությունների անպտուղ կամքն ու չեղած հնարավորությունը... Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի՝ առաջին հերթին հոգեբանական առումով»:

Ինչ վերաբերում է մեզ, եթե մեր ժողովուրդը, «այսօր լսելով Ադրբեջանի սպառնալիքները, հանգիստ է ու անխուճապ, ուրեմն հավատում է իր բանակի ուժին», - նշում է գեներալը: - Թե կամային ու բարոյահոգեբանական, թե ռազմական առումով մենք բացահայտ առավելություն ունենք: Պաշտպանության փոխնախարարի հայացքով, թվացյալ է եւ տպավորությունը, թե «Ադրբեջանը առավելություն ունի քարոզչական պատերազմում»:

«Բնավ էլ պարտադիր չէ, որ քարոզչական պատերազմում հաղթող ճանաչվի նա, ով շատ է աղմկում: Դուք նայեք արդյունքներին», - ասել է Հայաստանի պաշտպանության փոխնախարարը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG