Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի հերթական հանդիպումը Նյու Յորքում


Նյու Յորքում այսօր շարունակվել է կիրակի օրը սկսված Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի նիստը: Սպասվում է, որ նիստի ավարտին հանձնախմբի հայ եւ թուրք անդամները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցում ասաց հանձնախմբի հայ անդամներից մոսկվայաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, հանդիպման առաջին օրը թուրքական կողմի ներկայացուցիչները հանդես էին եկել որոշ հայտարարություններով, որոնք «վնաս էին բերել աշխատանքին եւ շատ վատ լույսի ներքո էին ներկայացրել հայ անդամներին»:

Միհրանյանի խոսքերով, հայկական կողմը հստակորեն հարց էր բարձրացրել, որ եթե իրական առաջընթաց հանձնաժողովի աշխատանքում չլինի, եւ դրա աշխատանքը որեւէ կերպ խանգարի հայոց ցեղասպանության ճանաչմանը միջազգային ատյանների եւ հանրության կողմից, ապա հայկական կողմը կմտածի հանձնախմբի աշխատանքի կասեցման ուղղությամբ:

Հանձնախմբի թուրք անդամները, ըստ Անդրանիկ Միհրանյանի, շատ լրջորեն են վերաբերվել հայկական կողմի կոշտ դիրքորոշմանը, եւ հանձնախմբի հայ անդամները հույս ունեն, որ ներկա հանդիպումը կարող է հանգեցնել շոշափելի արդյունքների:

Մոսկվայաբնակ հայ քաղաքագետը «Ազատություն» ռադիոկայանին ասաց նաեւ, որ նյույորքյան հանդիպմանը հայկական կողմից՝ դեռեւս ոչ հանձնախմբի անդամի կարգավիճակով, մասնակցում է եւս մեկ հայ ներկայացուցիչ՝ սփյուռքահայ հոգեբան Անի Կալաջյանը:

Հայ եւ թուրք հասարակական գործիչներից, պաշտոնաթող դիվանագետներից կազմված եւ ընթացիկ տարվա ամռանը Ժնեւում իր առաջին նիստը գումարած Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի տասը անդամներից վեցը ներկայացնում են թուրքական կողմը, իսկ չորսը՝ հայկականը: Հանձնաժողովի ստեղծումը միանշանակորեն չընկալվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Ընդդիմախոսները, ի թիվս այլ փաստարկների, ասում էին նաեւ, որ նման հանձնախմբի աշխատանքը կարող է խոչընդոտել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Պատասխանելով Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի մշտական քարտուղարության ստեղծմանը վերաբերող հարցին, Միհրանյանը ասաց, որ այդ մասին որոշումը պետք է կայացվի ներկա հանդիպման ընթացքում, քննարկվելու են մի քանի նախագծեր:

Ավելի կոնկրետ այդ մասին կհայտարարվի հանդիպման ավարտից հետո, ասաց նա, հավելելով, այդուհանդերձ, որ քարտուղարության նստավայրը կլինի, հավանաբար, Նյու Յորքը, իսկ Ստամբուլում եւ Երեւանում կգործեն դրա մասնաճյուղերը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG