Մատչելիության հղումներ

Դավիթ Վարդանյանը այլեւս ԱԺՄ անդամ չէ


Պետական գույքի կառավարման նախարար, Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) հիմնադիր անդամներից Դավիթ Վարդանյանը ԱԺՄ անդամ չէ, այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է այդ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքերով, պետական գույքի կառավարման նախարարը անդամների վերահաշվառում անցկացնող կուսակցության վարչության կազմբաժնին տեղեկացրել է, որ ինքը ԱԺՄ անդամ չէ: Հայաստանյան մամուլում լայնորեն շրջանառվում էր, թե հենց Դավիթ Վարդանյանն էր կանգնած ԱԺՄ-ի իշխանամետ թեւի գործողությունների հետեւում, որոնց արդյունքում ընթացիկ աշնանը կուսակցությունից դուրս եկան եւ նոր կուսակցություն ստեղծեցին մի շարք հայտնի ԱԺՄ-ականներ:

Դեկտեմբերի 1-ին նշանակված ԱԺՄ հերթական համագումարը Վազգեն Մանուկյանի գլխավորած կուսակցությունը կանցկացնի առանց մի շարք հիմնադիր անդամների, ովքեր այս տարվա ընթացքում հեռացել եւ իրենց կուսակցություններն են ստեղծել: Շավարշ Քոչարյանը դեռեւս գարնանը ստեղծել եւ գլխավորում է Ազգային ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ), ամռանը առանձնացավ Արշակ Սադոյանը՝ ստեղծելով Ազգային ժողովրդավարների դաշինքը (ԱԺԴ), եւ վերջապես Սեյրան Ավագյանը՝ Ժողովրդավարական ազգային միությունը (ԺԱՄ):

«Այս համագումարը տարբերվում է նախորդ համագումարից, որ որոշ անդամներ՝ բավականին հայտնի որպես ԱԺՄ անդամներ, արդեն ԱԺՄ անդամներ չեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարգեն Մանուկյանը: Նրա խոսքերով, համագումարից առաջ անցկացված վերահաշվառման տվյալներով, ԱԺՄ-ն պահպանել է իր անդամների 90 տոկոսին:

Ըստ Վազգեն Մանուկյանի, առաջիկա համագումարում քննարկվելիք կանոնադրական փոփոխությունների շարքում չի լինելու նախագահի ընտրության հարցը, ինչ էլ սկզբունքային տարաձայնությունների պատճառ էր դարձել՝ Սեյրան Ավագյանի ու նրա կողմնակիցների հետ:

«Ես չեմ համարում դրանք սկզբունքային տարաձայնություններ, որովհետեւ խնդիրը լրիվ ուրիշ էր... Նրանք շատ լավ կազմակերպվել էին, նրանց թվում էր, որ ամբողջ կուսակցությունը կարող են իրենց ձեռքը վերցնել, մի հատ էլ խաղալիք նախագահ կունենան, որ իրենց ենթակայության տակ կլինի», - ասաց ԱԺՄ նախագահը: Գործող կանոնադրությամբ, ԱԺՄ նախագահին ընտրում է համագումարը:

Անդրադառնալով Ազգային ժողովում ԱԺՄ խմբակցության վերաբերյալ հարցին, Մանուկյանը ասաց. «Օրենքներն, իրարկե, անկատար են: Այս խմբակցությունը ստեղծվել էր որպես ԱԺՄ կուսակցության խմբակցություն, որի անդամները պատգամավոր դարձել են նաեւ ԱԺՄ-ի անդամ լինելու շնորհիվ: Հիմա անհեթեթություն կլինի, եթե նրանցից միայն ես եմ ԱԺՄ կուսակցության անդամ, որ խմբակցությունը պահպանվի այդ կազմով»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG