Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Ռուստամյանը «Երկիր» թերթի հարցազրույցում հավաստում է՝ «Հայտարարությունները, որ այս օրերին ադրբեջանական մամուլում արվում են, թե իբր հունվարին արդեն Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քննարկվելու է Ղարաբաղի հարցը, պարզապես չեն համապատասխանում իրականությանը»: Հարցը, դեռեւս ուսումնասիրության, հասունացման որոշակի ճանապարհ պիտի անցնի, «մենք լուրջ ջանքեր ենք գործադրելու ղարաբաղյան կողմին եւս մոնիտորինգի՝ հակամարտություններն ուսումնասիրող ենթահանձնաժողովի քննարկումներին մասնակից դարձնելու համար, քանի որ համոզված ենք՝ դա էապես կնպաստի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ներկայացվելիք եզրակացության իրավացիության ապահովմանը»:

«Հայկական ժամանակ» թերթը ուշադրություն է սեւեռում, թե արտգործնախարար Օսկանյանի վերջին օրերի որոշ ձեւակերպումներ «խոչընդոտում են երբեւէ Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային կողմ դառնալու հնարավորությունը, քանի որ էլ ավելի են ամրապնդում այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը վերածվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի»:

«Առավոտ» թերթի խմբագրականն էլ «հպարտ ու ագրեսիվ» բնորոշումն է օգտագործում՝ անդրադառնալով խորհրդարանի ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանի տեսակետին, թե պետք է հրաժարվել Սենատի եւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից՝ Հայաստանին որպես ռազմական օժանդակություն տրվելիք մոտ 4 միլիոն դոլարից: «Դե, եկեք հրաժարվենք քեռի Սեմի օգնությունից եւ սկսենք միմյանց կոկորդ պատռել։ Տեսնես դրանից ո՞վ է տուժելու», - եզրափակել է խմբագրականը։

«Ազգ» թերթի մեկնաբանն այսօր հարկ է համարել կրկին զգուշացնել. «Մենք պիտի գիտակցենք, որ մեր ամեն մի անզգույշ արտահայտություն, զուտ ներքաղաքական պայքարի կրքերի շիկացումից բխող մեր ամեն մի չափազանցություն, նետված մեկս մյուսի հասցեին, հարեւան երկրում կարող է կեղծ, անհիմն եզրահանգումների տեղիք տալ, Ադրբեջանին խրախուսել, հրահրել անխոհեմ գործողությունների: Քարոզչական պատերազմը, որ տարիներ շարունակ մղում է Ադրբեջանը Հայաստանի դեմ, վերջ ի վերջո կարող է փոխվել նաեւ իսկական պատերազմի, եթե մենք, հակառակ իրենց տաքգլուխների, նախապես չսթափեցնենք անբարեխիղճ մոլորության մեջ հայտնված ադրբեջանական հասարակական կարծիքը»:

«Հայոց Աշխարհ» թերթում միանգամից երեք հրապարակում կա, այսպես ասած, սիրադեղյանական թեմայով: Մասնավորապես շեշտադրվում է, թե որոշ լրատվամիջոցներում նրան ներբողներ ձոնողները իսպառ կորցրել են ժամանակի եւ իրականության զգացողությունը: «Ո՞վ Հայաստանում չգիտի ձեր կուռքի հանցագործությունների մասին», - նորից հարցադրվում է «Հայոց Աշխարհ»-ում: - «Ենթադրենք, թե Սիրադեղյանը որոշակի վաստակ ունի այս երկրի նկատմամբ: Հետո՞ ինչ: Կնշանակի՞ արդյոք դա, թե նա միաժամանակ իրավունք ունի անպատժելիորեն սպանել ու թալանել»:

Մյուս կողմից, «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀՇ վարչությունում մտադիր են պատգամավորական մանդատից զրկված Վանո Սիրադեղյանի թեկնածությունը վերստին առաջադրել Տավուշի մարզի թիվ 75 ընտրատարածքում: Թերթում բերված է նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմենուհի Զոհրաբյանի պարզաբանումը, որ Սիրադեղյանը կարող է ընդամենը ֆաքսով իրենց ուղարկել առաջադրվելու իր համաձայնությունը, ընդհանրապես չներկայանալ, եւ ոչինչ չի կարող խանգարել նրա մասնակցությանը:

«Որ 75-րդ ընտրատարածքում Վանո Սիրադեղյանը ընտրվելու մեծ շանսեր ունի, ակնհայտ է», - ուրվագծում է «Հայկական ժամանակ»-ը: - «Եվ եթե նա որոշի առաջադրել իր թեկնածությունը, ապա գրանցվելուց անմիջապես հետո, այսինքն՝ ընտրություններից երկու ամիս առաջ, դարձյալ ձեռք է բերում անձեռնմխելիություն, եւ եթե ընտրվի պատգամավոր, ապա իշխանությունները ստիպված կլինեն ամեն ինչ սկսել զրոյից»:

Աշոտ Բլեյանի նախաձեռնած Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհուրդը երեկվա նիստում որոշեց դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակից Բաղրամյան պողոտայով մինչեւ Պռոշյան փողոց երթ անել: «Հայկական ժամանակ»-ը այսօր փորձում է դրա օրինականության հիմքերը ամրապնդել, ընդգծելով, որ նման որոշում կայացվել է «այն բանից հետո, երբ քննարկումների արդյունքում նաեւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչին ապացուցել են, որ ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիները կարող են խաղաղ, առանց զենքի երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնել՝ առանց իշխանությունների թույլտվության, եւ հանրահավաքներ արտոնել-չարտոնելու՝ իշխանությունների հավակնությունները բացարձակապես անհիմն են»: Վարչական իրավախախտումների մասին օրենքը, որի վրա հիմնվում են իշխանությունները, «հակասում է Սահմանադրությանը եւ այդպիսով իրավազոր համարվել չի կարող», - զուգադրված է «Հայկական ժամանակ»-ում:

Անդրադառնալով երկրում բռնապետություն հաստատվելու վտանգի մասին ընդդիմության ահազանգերին, «Ժամանակ» թերթի տեսաբանը գրում է. «Խոսքն ընդամենը այն մասին է, որ իշխանությունը ձգտում է իր ձեռքում կենտրոնացնել քաղաքական, տնտեսական, նաեւ տեղեկատվական հզորությունը: Իշխանության կենտրոնացումն ինչպես անձի, այնպես էլ սոցիալական որոշակի խմբի ձեռքում, հակասում է դեմոկրատիայի հռչակած սկզբունքներին»: Տեսաբանը փորձում է հիմնավորել, որ իշխանության կենտրոնացումից խուսափելը դեմոկրատիայի խոցելի կողմերից է. «Դեմոկրատական իշխանության ապակենտրոնացումը, դրա տրոհումը ճյուղերի (օրենսդիր, գործադիր եւ դատական), այս ճյուղերի միջեւ հավասարակշռություն ապահովելը բխում են այն պատկերացումից, որ մարդկանց ու սոցիալական խմբերի միջեւ կոնֆլիկտները միանգամայն բնական են, սովորական եւ նորմալ»: Բայց «միթե՞ մարդու համար բնականն ու նորմալը հենց կոնֆլիկտներից ու հակասություններց զերծ վիճակը չէ», - բանավիճում է տեսաբանը, բխեցնելով՝ - «Ուստի համակարգի ներսում առաջացած ցանկացած կոնֆլիկտ պետք է վերացնել, ցանկալի է՝ սաղմնավորման փուլում: Դրա համար անհրաժեշտ է ուժեղ, այսինքն՝ կենտրոնացած իշխանություն»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG