Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վանոյին հանձնեցին», - իրենց լսարանին գուժում են «Առավոտ»-ն ու «Հայկական ժամանակ»-ը, մեղադրական հայացքով դրա հետեւում տեսնելով գործադիր իշխանության կողմից ճնշումներ պատգամավորների վրա: Մյուս կողմից, պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը, որը վստահ է՝ Սիրադեղյանը «կկանգնի դատարանի առաջ, պատասխան կտա եւ կընդունի իր մեղքերը», «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է՝ «Ավելորդ է խոսել գործադիրի կողմից իբր իրականացված ճնշումների մասին, որովհետեւ եթե նման բան լիներ, կլիներ նաեւ առաջին քվեարկության ժամանակ... Ուղղակի խորհրդարանը այս անգամ շատ լուրջ մոտեցավ խնդրին»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, «ութ դեմ քվերակողների, ձեռնպահների, ինչպեսեւ չքվեարկողների... ցուցակը վերլուծելով, կարելի է պարզել, թե ովքեր են մարդասպանների, ՀՀՇ-ի հետ գումարները լափում»:

«Առավոտ»-ի մեկնաբանի մատուցմամբ, «Երեկ Վազգեն Սարգսյանի զինակիցները՝ երկրապահները, այս կամ այն ձեւերով «կողմ» չքվեարկեցին Վանո Սիրադեղյանին մանդատից զրկելուն։ Վազգեն Սարգսյանի մերձավորների համար, ուրեմն, միանշանակ անհեթեթ են նրա սպանությունը նրա ընկերոջ հետ կապելու փորձերը»։ «Առավոտ»-ում ընդգծվում է նաեւ, թե ուրեմն ներկա իշխանությունների տեղը շատ նեղ է, որ շարունակում են «27»-ի կազմակերպիչների մեջ «նախկիններին» եւ Վազգեն Սարգսյանի զինակիցներին մեղադրանքներ ներկայացնելու անհաջող փորձեր անել:

«Անգամ բաց քվեարկության պայմաններում Վանոյին մանդատից զրկել չցանկացան գործարարները, երկրապահները (անկախ ընդդիմադիր կամ իշխանամետ լինելուց) եւ գրողները», - սահմանում է «Իրավունք»-ի մեկնաբանը՝ դա բացատրելով այսպես. «Գործարարները բավականին հաճախ իրենք են բացակայում նիստերից եւ նրանց համար բացակայության պատճառով պատգամավորին մանդատից զրկելը ինքնին անցանկալի նախադեպ է: Ինչ վերաբերում է երկրապահներին, ապա, ամենայն հավանականությամբ, նրանք վերհիշել են, որ մինչեւ 1997-ը, ըստ էության, Վանոյի հետ նույն թիմում էին»: Գրողներն էլ «հավանաբար հաշվի էին առել, թե ինչպիսի վերաբերմունք կա Վանոյի նկատմամբ այսօրվա գրական վերնախավում, եւ գերադասել են գրողական հոսանքին հակառակ չգնալ»:

«Խոշոր հաշվով այս քվերակությունը ոչինչ չի փոխում», - ամփոփված է «Իրավունք»-ում: - «Նրա մանդատի լինել-չլինելը ամենեւին էլ չի ազդելու նրան ձերբակալելու-չձերբակալելու վրա: Պարզապես պատգամավորների մեծ մասը քվեարկությունից առաջ հարվարկներ էր անում. ո՞ր քվեարկությունը դուր կգա ընտրողներին եւ որը իշխանություններին, արդյո՞ք իրենք իրենց համար վտանգավոր նախադեպ չեն ստեղծում, եւ ինչքանո՞վ է հավանական, որ Վանոյի համախոհները հերթական ընտրություններից հետո հայտվեն իշխանության բարձունքներում...»:

«Ժամանակ» թերթը այսօր կրկին անդրադարձել է ընդդիմության դաշտում Արտաշես Գեղամյանի պահվածքին, բացելով հետեւյալ ենթադրվող ազդակը. «Ձեռքը անմիջականորեն ժողովրդի «զարկերակին» դնելով՝ Գեղամյանը «հայտնաբերեց», որ հանրահավաքին ներկաները բոլորովին էլ իրեն որպես միանձնյա լիդեր չեն ընկալում, ընդհակառակը, ի դժբախտություն իրեն, ամբոխն ավելի հակված է այդպիսին ընդունելու Ստեփան Դեմիրճյանին»: Այս հիասթափությունն էլ «կանխորոշեց գեղամյանական պայքարի մեթոդոլոգիայի փոփոխությունը: Եթե ի մի բերենք եռյակը, փաստորեն, տրոհելու Գեղամյանի բոլոր մեկնաբանությունները, բացատրությունները, արդարացումները, համադրենք ու ամփոփենք դրանք, ապա արդյունքում կստանանք հակասական, անհասկանալի, աբսուրդի հասնող այսպիսի մի բանաձեւ: «Ես չեմ ցանկանում ապակայունացնել երկրի ներքաղաքական կյանքը, որովհետեւ այդ ապակայունացմանը ձգտում են իշխանությունները»: Ի հեճուկս իշխանության սեփական ուժերը ջլատելու այս ոճը «Ժամանակ»-ում որակված է պարզունակ ու մանկամիտ:

Օրերս Սյունիքի մարզում հանդիպումներ ունեցած ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը, ինչպես փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը, ասել է. «Անընդհատ խոսելն էլ որեւէ բան չի տալիս» եւ «Հայաստանում այսօր առճակատման գնալով էլ հարց չի լուծվի»: «Վազգեն Մանուկյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը գնահատում է վատ՝ նշելով, որ Հայաստանում այսօր պետք է լինի մի հզոր կուսակցություն, որը «պատասխանատվություն վերցնի իր երկրի հանդեպ»: «Թե չէ Վազգեն Սարգսյանի եղբայրը, Կարեն Դեմիրճյանի տղան, Գեղամյան Արտաշեսը «Հոկտեմբերի 27» - ից բացի, ուրիշ հարցի մասին չեն վիճում», - մասնավորեցրել է նա: - «Դա ընդդիմություն չէ»:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանը «Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցազրույցում մտորում է. «Մի այնպիսի երկրում, ուր առկա են բազում չլուծված խնդիրներ, բնականաբար, ժողովուրդը գոհ լինել չի կարող: Նման պարագայում իշխանություններն էլ չեն կարող գոհ մնալ իրենց գործունեությունից: Ամեն դեպքում, կարեւորն այն է, որ մարդը արտահայտի այն, ինչ մտածում է»: Ի դեպ, «Արցախի կոմունիստ» թերթի լույսընծայման կապակցությամբ ողջույնի ուղերձում Եսայանը նշում է, թե «վերջին ժամանակներս ԼՂՀ-ում լուրջ քայլեր են արվում կանոնակարգված քաղաքական հարաբերությունների ձեւավորման ուղղությամբ»: Նա կիսվում է նաեւ հետեւյալ արժեվորմամբ. «Եթե թերթը չի կատարում կոլեկտիվ ագիտատորի եւ կոլեկտիվ կազմակերպչի իր հայտնի առաքելությունը, ապա այն անխուսափելիորեն ստանձնում է կոլեկտիվ քայքայիչի ու ապատեղեկատուի դերը»:

Սա ներկայացնող «Հայաստանի կոմունիստ» թերթի խմբագրականում էլ կարդում ենք. «Այսօր Արցախը կրկին ներշնչված է իր սոցիալիստական վերածննդի մտահոգություններով, այսօր Արցախն ու արցախցին հավաստում են, որ սոցիալիզմն ու սոցիալիստական գաղափարները առանձնակի արգասաբերությամբ են ծլարձակել արցախյան բազմաչարչար հողում: Հայաստանի կոմունիստները.. լիահույս են, որ Արցախը, որպես Հայաստանի անբաժան մաս, նոր հորձանքով կնպաստի սոցիալ-քաղաքական այն գործընթացներին, որոնց տրամաբանական «հանգրվանը» Բելառուս - Ռուսաստան նորաստեղծ միությունն է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG