Մատչելիության հղումներ

Խորհրդարանը Վանո Սիրադեղյանին զրկում է պատգամավորական մատդատից





Տավուշի մարզի թիվ 75 ընտրատարածքը ներկայացնող եւ Ազգային ժողովում ՀՀՇ֊ից միակ պատգամավոր Վանո Սիրադեղյանը, ում 2000 թվականի ապրիլին խորհրդարանն արդեն զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, հինգ օրվա ընթացքում կզրկվի նաեւ պատգամավորի մանդատից: Ազգային Ժողովն այսօր, գրեթե առանց քննարկման, առանց ելույթների, բաց էլեկտրոնային քվեարկությամբ որոշեց 2000թ. գարնանային նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիից Վանո Սիրադեղյանի բացակայությունները ճանաչել անհարգելի:

Նախկինում Հայաստանի ներքին գործերի նախարար, ՀՀՇ վարչության նախագահ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձավորագույն աջակից Վանո Սիրադեղյանը մեղադրվում է 1992-96 թվականներին մի շարք սպանություններ պատվիրելու համար: 2000 թվականի հուլիսին այդ սպանություններն իրականացրած հանցախմբի երկու անդամ դատապարտվեցին մահվան, մյուս յոթ անդամները՝ 4-11 տարվա ազատազրկման: Ինքը՝ Սիրադեղյանը վճռականորեն մերժել է բոլոր մեղադրանքները:

Այս տարվա հոկտեմբերի 10-ին խորհրդարանը փակ քվեարկությամբ մերժել էր անհարգելի համարել Վանո Սիրադեղյանի բացակայությունները:

Ըստ հիմնական զեկուցող, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի, հինգ օրվա ընթացքում «Ազգային ժողովի նախագահը... այս որոշումը պետք է ուղարկի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ վերջինս Ազգային ժողովի որոշումը պետք է ընդունի ի գիտություն եւ Վանո Սիրադեղյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ փոխվեց հոկտեմբերի 10-ից հետո, Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ասաց, թե պատգամավորները «երեւի ժամանակ էին ունեցել ավելի լավ մտածելու»:

ՀԺԿ-ական պատգամավոր Արամայիս Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ սկզբունքորեն չի մասնակել քվեարկությանը, քանի որ «այսօրվա մանդատից զրկելը որեւիցե հարց չէր լուծում»: Նրա կարծիքով, հարցն այսօր, ի տարբերություն 2000թ. ապրիլի 3֊-ի, երբ խորհրդարանը թույլ տվեց կալանավորել Վանո Սիրադեղյանին, քաղաքական հնչողություն ունի: Ազգային Ժողովն իրենից պահանջվածն արել է:

«Կալանավորելու վերաբերյալ տվել էինք մենք իշխանություններին այդպիսի հնարավորություն, բայց՝ չարեցին: Այստեղ իշխանություններն ունեն խնդիր՝ ինչո՞ւ չարեցին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արամայիս Բարսեղյանը:

ՀԺԿ-ական պատգամավորը համոզված է, որ «եթե փակ գաղտնի քվեարկություն լիներ, էլի չէին զրկելու Վանո Սիրադեղյանին պատգամավորական մանդատից»:

«Եվս մեկ անգամ պարզ դարձավ, որ այն ամենը, ինչ 1998 թվականի սկզբից Վանո Սիրադեղյանի շուրջ կատարվում է, քաղաքական ենթատեքստ ունի: Եվ այս անգամ դա ավելի պարզ երեւաց», - մեկնաբանելով Սիրադեղյանի բացակայությունները անհարգելի ճանաչելու մասին որոշումը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՀՇ վարչության քարտուղար Անդրանիկ Հովակիմյանը: - «Ես վստահ եմ, որ այս անգամ գործադիր իշխանությունը շատ հստակ ճնշում է գործադրել բոլոր պատգամավորների վրա»: Դրա վկայություն Հովակիմյանը համարեց այն, որ քվեարկությունը բաց է եղել՝ որպեսզի երեւա, թե ով ինչպես է քվեարկել:

Անդրանիկ Հովակիմյանի կարծիքով, նախորդ ու այսօրվա քվեարկությունների արդյունքներում դեր է խաղացել նաեւ Վանո Սիրադեղյանի ուղարկած ստորագրությունը, որով նա միացել է նախագահի Քոչարյանի իմփիչմենթի գործընթացին:


Ռուզան Խաչատրյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG