Մատչելիության հղումներ

logo-print

Պաշտպանության նախարարը Մոսկվայում է անցկացնում իր արձակուրդը


Ըստ պաշտոնական անձանց հայտարարությունների, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ անսովոր երկարատեւ այցելությունը Մոսկվա կապված է նրա հերթական արձակուրդի հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Սեյրան Շահսուվարյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է, թե
նախարարը մոտ օրերս կվերադառնա Երեւան: Խոսնակը մանրամասներ չի հաղորդել, իր խոսքերով՝ «մասնավոր այցի» վերաբերյալ:

Անցած ամսվա վերջին Սերժ Սարգսյանը Երեւանում լրագրողներին ասել էր, թե նոյեմբերի սկզբին որպես հայ- ռուսական միջկառավարական հանաձնաժողովի համանախագահ մեկնելու է Մոսկվա՝ այդ մարմնում իր գործընկերոջ՝ Ռուսաստանի փոխնախագահ Իլյա Կլեբանովի հետ վերջնականապես համաձայնեցնելու Հայաստանի ռուսական պարտքի (93 միլիոն դոլար) մարման պայմանները: Խոսքը «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի իրագործման մասին է, ըստ որի Հայաստանի առաջատար մի քանի ձեռնարկությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթները հանձնվելու են Ռուսաստանին:

Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնել նոյեմբերի սկզբին եւ, ըստ մամուլի հաղորդումների, հանդիպումներ է ունեցել Իլյա Կլեբանովի, ինչպես նաեւ ղարաբաղյան հարցով Ռուսաստանի գլխավոր բանագնաց՝ առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովի հետ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG