Մատչելիության հղումներ

Իրաքցի դիվանագետը դժգոհ է հայ-իրաքյան կապերի զարգացման տեմպերից


Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Աբբաս ալ Բադրին ուրբաթ օրը կշտամբել է Հայաստանի կառավարությանը՝ իր երկրի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու գործում չափազանց դանդաղաշարժ լինելու համար:

«Իրաքում կան բազմազան գործարար հնարավորություններ», - ասել է նա: - «Ես զարմացած ու վհատված եմ, որ Հայաստանը չի օգտագործում դրանք»:

Հայաստանի խորհրդարանում օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ ալ Բադրին ասել է, որ Հայաստանը կարող է շոշափելիորեն շահել՝ մասնակցելով ՄԱԿ-ի «Նավթ՝ սննդի դիմաց» ծրագրին: Սակայն Իրաքից էժան նավթի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագումը, նրա խոսքերով, հետաձգվել է հայկական կողմից՝ իր համար անհայտ պատճառներով:

«Մեր երկրների համագործակցության համար առկա են բոլոր հնարավորությունները, սակայն, մեր կարծիքով, դրանք ավելի բարձր մակարդակով աջակցության կարիք ունեն», - ասել է իրաքցի դիվանագետը: - «Թերեւս դուք պետք է ուսումնասիրեք այն պետությունները փորձը, որոնք զարգացնում ու ամրապնդում են Իրաքի հետ իրենց կապերը»:

Հանդիպմանը մասնակցող Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը, սակայն, միանշանակորեն չհամաձայնեց դրան, ասելով, որ Երեւանը նախագահ Սադդամ Հուսեյնի ռեժիմի հետ համագործակցությունն ակտիվացրել է 2000 թվականից ի վեր: Հայաստանի արտգործնախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության աշխատակից Անահիտ Թովմասյանը նշեց Բաղդադում Հայաստանի դեսպանատան բացումը անցած փետրվարին եւ հայկական տարբեր պատվիրակությունների այցերը Իրաք:

«Մեկուկես տարին շատ փոքր ժամանակամիջոց է երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար», - փաստարկեց Անահիտ Թովմասյանը:

Փետրվարի վերջին Իրաքում պաշտոնական այցով եղել է Հայաստանի արտգործնախարարի գլխավորած մեծ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին կառավարության պաշտոնյաներ, օրենսդիրներ ու գործարարներ: Այդ այցը, ըստ Վարդան Օսկանյանի, դրեց երկու երկրների միջեւ առեւտրական կապերի զարգացման հիմքերը: Այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Օսկանյանը Սադդամ Հուսեյնի եւ այլ պաշտոնյաների հետ քննարկել է նաեւ «Նավթ՝ սննդի դիմաց» ծրագրում Հայաստանի ներգրավման հարցը:

Այցից հետո Հայաստանի պաշտոնատարները հույս էին հայտնել, որ շահավետ պայմանագրեր կարող են կնքվել Իրաքի հետ էներգետիկ բնագավառում, որը մեծապես տուժել էր 1991 թվականի պատերազմի ժամանակ: Հայաստանի արդյունաբերողները նույնպես հետաքրքրություն էին ցուցաբերել Իրաքի՝ որպես արտահանման նոր շուկայի նկատմամբ:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG