Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Նայելով Հայաստանի քաղաքական դաշտում իշխանամետ ուժերի ճամբարին, «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը արձանագրում է. «Ի տարբերություն քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի, իշխանությանն այս կամ այն կերպ աջակցող ուժերի շրջանում շարունակում է պահպանվել վերջին տարիներին բնորոշ անորոշ կացությունը: Ավելին, խորանում է այդ ուժերի ներքնապես տարամիտվելու գործընթացը, ինչն ունի մեկ ընդհանուր եւ հստակ տրամաբանություն: Իշխող քաղաքական կուսակցության բացակայության պայմաններում վերջինիս փաստորեն փոխարինել է ոչ թե իշխանությանն աջակցող քաղաքական տարբեր ուժերի ողջ հանրագումարը, այլ նրանց վերնախավային շերտը, որը վերածվել է ձեւով տարամիտված ու բաժանված, բայց բովանդակային առումով միասնական իշխանության կուսակցություն... Կուսակցությունների վերին շերտերը ձգտում են դեպի իշխանություն, իսկ անդամների հիմնական զանգվածը՝ դեպի ընդդիմություն: Այս պայմաններում իշխանությանն աջակցող քաղաքական ուժերի թվաքանակի մեծացումը հանգեցնում է ոչ թե իշխանության քաղաքական հենարանի ընդլայնմանը, այլ՝ ընդհակառակը»:

Մեկնաբանի ամփոփմամբ՝ «գաղափարաքաղաքական հստակեցումները հերթական անգամ դեպի փակուղի առաջնորդելու դեպքում պայքարող կողմերից որեւէ մեկը չպետք է անգամ փոքր հույս ունենա, որ ինքը քաղաքական հաղթանակ է արձանագրելու հակառակորդի հանդեպ: Նման «քաղաքական» ընտրապայքարը լինելու է եւ' իշխանության, եւ' ընդդիմության, եւ' ողջ հասարակության պարտությունը»:

Մամուլով կարծես Հայաստանի քաղաքական դաշտ վերադարձող Արկադի Վարդանյանը «Հայկական ժամանակ»-ում ներկայացվող իր հերթական հրապարակախոսությամբ սահմանում է. «Նախորդների քաղաքական փիլիսոփայությունն իր արտահայտությունն էր գտել մի հասարակ եւ ոչ երկիմաստ ձեւակերպման մեջ՝ «մեր դեմ խաղ չկա», որը Քոչարյանի «վերնախավը», ըստ էության թողել է անփոփոխ, միայն թեթեւակի ոճական շտկումներ կատարելով՝ «լոխ մունքն ենք... Ահա թե ինչու է այսօր հայկական ներքաղաքական դաշտը աբսուրդի աստիճանի մասնատված, իսկ բաղկացուցիչ մասերը որակական եւ կենսունակության տեսակետից այնքան թույլ են եւ ամորֆ, որ ենթակա չեն հասարակության ընկալմանը»:

Արկադի Վարդանյանը կրկին շեշտադրում է՝ գլխավոր դերակատարը ժողովուրդն է, «ուստի լուրջ քաղաքական ընդդիմության հիմնական ջանքերը պետք է ուղղված լինեն ոչ թե իշխանության գալու՝ հանուն սեփական ամբիցիաների կամ արյան վրեժի, այլ միայն այն գաղափարի իրագործման ուղղությամբ, ըստ որի ժողովուրդն իրավունք ունի ձեւավորել այնպիսի իշխանություն, որին վստահում է»:

Իրավագետ Վլադիմիր Նազարյանն էլ «Հայկական ժամանակ»-ում ասում է. «Վերջին 5-6 տարիները ապացուցեցին, որ կառավարման կիսանախագահական ձեւը հանգեցնում է հանրապետության նախագահի (թե նախորդ եւ թե ներկա) բացարձակ անպատասխանատվության: Կիսանախագահականի դեպքում խորհրդարանը, այսօրվա նման, կամ պետք է մտնի նախագահի գրպանը, եւ հաստատվի գերեզմանոցային կայունություն, կամ էլ պետք է դուրս գա գրպանից, եւ սկսվի տուր ու դմփոց... Հեռուսատեսություն նայելով՝ ես տեսնում եմ, որ իշխանությունները արդեն ժողովրդին հասցրել են ստրկության», - գնահատում է իրավագետը: - «Իշխանությունները կայունություն ասելով հասկանում են, որ իրենց հասցեին որեւէ քննադատական խոսք չլինի, այսինքն՝ լինի կայուն լռություն: Բայց դա նորմալ լեզվով կոչվում է ստրկություն»:

«Մեր դեմ խաղ չկա» սկզբունքը իշխանությունների կողմից հետագայում էլ կիրառվելու դեպքում, ՍԻՄ-ը կդիմի նաեւ Եվրախորհուրդ», - «Առավոտ» թերթում զգուշացնում է ՍԻՄ-ի փոխնախագահ, պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, մասնավորապես մանրամասնելով, որ «բազմաթիվ գործարարների նկատմամբ, որոնք առնչվում են ՍԻՄ-ի հետ, «հատուկ չգրված օրենքներ են կիրառվում... կան պաշտոնյաներ, որոնք փորձում են այսպիսի մեթոդներով ազդել նաեւ կուսակցության պաշտոնաթերթի՝ «Իրավունքի», բովանդակության վրա»։

«Ազգ» թերթի մեկնաբանի ուսումնասիրությամբ, «կառավարման համակարգի այս տեսքով պահպանմանն է ուղղված ողջ պետական համակարգի գործունեությունը»: Հիմա մի կողմից հռչակված է բյուջետային հաստիքների կրճատման գործընթաց, մյուս կողմից, փաստացի, նկատվում է չինովնիկների թվի ընդհանուր առմամբ ավելացման միտում: Մեզանում «10 քաղաքացիների բաժին է ընկնում 1 բյուջետային աշխատող: Այն դեպքում, երբ նման ցուցանիշը հատուկ է զարգացած, առաջադեմ երկրներին», - ի մի բերել մեկնաբանը: - «Մեր պարագայում նման հարաբերակցությունը ոչ միայն խիստ ծախսատար է, այլեւ խանգարում է պետական կառավարման համակարգի բնականոն գործունեությանը... այս ուռճացվածությունը կաշառակերության եւ կոռուպցիայի բարգավաճման հիմնական խթանիչներից է»:

Այս ամենի կողքին մամուլում հրապարակումներ կան եւ, թե դժվարությունները ինչքան ըմբռնող ու լավի տրամադրված է ժողովուրդը: «Երկիր» թերթում, օրինակ, Դաշնակցության խմբակցության՝ Վայոց ձորի մարզ կատարած շրջայցի պատկերագրության մեջ կարդում ենք. բարձր լեռնային, սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչները, որոնք ամենակենսական հարցեր լուծելու դժվարություններ ունեն, պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել են՝ «Այն մարդիկ, ովքեր նախկինում իշխանություն էին, հիմք դրեցին այս երկրում արտագաղթին, կաշառակերությանը եւ տնտեսական ճգնաժամին, այսօր իշխանափոխություն պահանջելու եւ ընդդիմադիր լինելու իրավունք չունեն»: «Նախագահին մենք ենք ընտրել, նրա՞նք են ուզում վռնդել», - տարակուսել են գյուղացիները:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG