Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հանրապետական կուսակցության եւ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Առավոտ»-ի հարցազրույցում շեշտադրում է. «Կյանքը ցույց տվեց, որ տնտեսական բարեփոխումները, առանց քաղաքական համակարգի բարեփոխումների եւ առանց պետական կառավարման բարեփոխումների, լավագույն դեպքում դատապարտված են մի քանի տոկոսի համախառն ներքին արդյունքի աճի... Այսօր երկիրը բնականոն ուղի տեղափոխելու, տնտեսության զարգացումն ապահովելու համար հարկավոր են արմատական քայլեր։ Երկրի զարգացման ամենամեծ խոչընդոտը հենց քաղաքական ու պետական կառավարման համակարգում առկա սկզբունքային թերություններն են»։

«Ժամանակ» թերթի վերլուծականի համաձայն, «բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տարվա վերջին ամիսը լարվածությամբ գերազանցելու է աշնան ամիսներին»: Մասնավորապես՝ «Սահմանադրության նոր տարբերակների քննարկումը շատ հնարավոր է վերածվի աննախադեպ «գզվռտոցի»... քաղաքական պայքարի լուրջ սրման պատճառ կարող են դառնալ 2002 թվականի բյուջեի քննարկումները... Բյուջեն, իհարկե, կընդունվի, բայց չի բացառվում՝ զանազան տեսարանների ու իրավիճակների ուղեկցությամբ», - նշում է մեկնաբանը: - «Տարին ամփոփելիս կարեւորագույն նշանակություն կունենա այն հանգամանքը, թե ինչքանով իշխանություններն իրականացրած կլինեն իրենց խոստումները 40 հազար լրացուցիչ աշխատատեղ ստեղծելու մասին... Արմատական ընդդիմադիրները իրենց քննադատության հիմնական թիրախ են ընտրում հենց աշխատատեղերի ստեղծման հարցը»:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը երեկ էլ Երեւանի թաղամասերից մեկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անհեթեթ է որակել իշխանության հավաստիացումները՝ վերլուծելով. «Եթե 40 հազար աշխատատեղ է ստեղծվել, ուրեմն... այս տարի պետության կողմից հավաքագրված եկամտահարկն ու շահութահարկը պետք է ավելանային» («Հայկական ժամանակ»): Մինչդեռ, պաշտոնական տեղեկագրի տվյալներով, «անցած ինն ամիսների ընթացքում, նախորդ տարվա հետ համեմատած», դրանք մոտ քսան տոկոսով պակասել են:

«Բուն խնդիրը, որով հանդես է գալիս «Ազգային միաբանություն» կուսակցությունը, իշխանափոխության հրատապ լինելն է»,- եւս մեկ անգամ հայտարարել է Ա.Գեղամյանը: Մյուս կողմից, ինչպես առանձնացնում է «Հայկական ժամանակ» թերթը, «ընդդիմադիր եռյակի ներսում հարաբերությունները կարծես թե շարունակում են չճշտված մնալ», եւ սրա վկայությունը Գեղամյանի հետեւյալ ձեւակերպումն է. «Ասել ենք եւ շարունակում ենք ասել, որ «Միասնություն» դաշինքի կողմից որդեգրված սոցիալ-տնտեսական ծրագրերը տանում են փակուղի»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր սահմանում է, որ դեռեւս պահպանվող ընդդիմադիր եռյակը, «ունենալով մարդկային-քանակական որոշակի ներուժ, կարող է դառնալ ուժերի նոր համախմբման առանցք, եթե ձեռք բերի որեւէ ընդգծված ու հստակ նպատակներ ունեցող քաղաքական առաջնորդ: Իսկ այս վիճակում մնալու դեպքում եռյակը կդառնա մարդկային-քանակական հումք՝ այլ ուժերի ու գործիչների կողմից օգտագործվելու համար»: Մասնավորապես, ըստ մեկնաբանի, ընդդիմադիր ուժերի առանցքը դառնալու եւ «2003 թվականին իշխանություններին վճռական ճակատամարտ տալու ամենամեծ հնարավորություններն ունեն նախկին իշխանությունները ներկայացնող կամ նրանց հետ այս կամ այն կերպ կապված ուժերը»:

«Հայոց Աշխարհ»-ում ուրվագծված է. «Վերջիններիս ներկա խաբուսիկ լռությունը փոխհատուցվում է գաղափարաքարոզչական աննախադեպ ակտիվությամբ, արտաքին ուժերի, այդ թվում եւ ռուսական որոշակի շրջանակների հետ կապեր հաստատելու փորձերի աշխուժացմամբ եւ հանրության համար բոլորովին նոր ու չվարկաբեկված մի այնպիսի լիդերի փնտրտուքով, որը 2003 թվականին կարող է իր շուրջը համախմբել իշխանությունից դժգոհ բոլոր ուժերին»:

«Թե ինչու որպես թիրախ ընտրվել է հենց ՀՀՇ-ական ճամբարը, այլ ոչ թե, ասենք, Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը, հասկանալի է», - անդրադառնում է «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Վերջիններս ունեն մարդկային ռեսուրսներ ու որոշակի վարկանիշ, սակայն քարոզչական մեքենայի տերն ու տնօրենը նախկին իշխանությունն է: Հետեւաբար, այդ քարոզչական մեքենան ընտրություններից առաջ վնասազերծելու համար իշխանությունը պետք է որ դիմեր դրա տերերին ամենաահավոր հանցագործությունների հետ կապելու մարտավարությանը, ինչը եւ տեսնում ենք այսօր... «Հոկտեմբերի 27»-ի գործը դեռեւս 1999-ի նոյեմբերից վերածվել է շանտաժի ունիվերսալ գործիքի, որից օգտվում են մերթ հակաքոչարյանական, մերթ քոչարյանամետ ճամբարները», - ընդգծված է «Իրավունք»-ում: - Վերջին շրջանում էլ նկատելի է հակառակորդ ճամբարի ներկայացուցիչներին «Հոկտեմբերի 27»-ով խարանելու նոր ակտիվացում:

«Երկիր» թերթում էլ համադրված է. «Ինչ-ինչ լրատվամիջոցներ փորձում են այսօրվա Հայաստանը որպես դրախտ ներկայացնել եւ այսօրվա իշխանավորներին՝ որպես սրբեր, ու դա անում են այնպիսի ջանադրությանբ, որ... հակառակ արդյունք են ստանում, չեն թողնում հնարավորություն իսկապես ձեռքբերման ու հաջողության մասին ճշգրիտ գնահատական տալու: Ճիշտ այդպես նախկիններին պաշտպանողները այնքան են թացն ու չորը խառնում, այնքան են քննադատությունը վերածում հայհոյանքի ու ատելության, որ դարձյալ ճշմարիտ ու արդար քննադատությունը մնում է անլսելի, անպատասխան»:

Ղարաբաղյան խնդրի մոտիվներով, պատգամավոր Կիմ Բալայանը «Իրավունք»-ի հարցազրույցում շեշտում է. «Հաղթանակի, մեր իղձերի իրականացման հիմնական երաշխիքը... Ղարաբաղի ժողովրդավարացումն է, քաղաքացիական հասարակության ստեղծումը, որից, ցավոք, այսօր ղարաբաղյան իշխանությունները շատ հեռու են»: Բալայանը վստահ է՝ առաջիկայում Ղարաբաղի ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի եւ կունենա այնպիսի իշխանություն, որը բարոյահոգեբանական ցանկալի մթնոլորտ կստեղծի այնտեղ: Թղթակցի՝ «իսկ մինչեւ ընտրություննե՞րը» հարցին ի պատասխան էլ Կիմ Բալայանը ակնարկում է. «Հայաստանի քաղաքական ուժերը որոշակի վերաբերմունք պետք է արդեն արտահայտեն: Եվ կարծում եմ, առաջիկայում՝ բյուջեի քննարկման ժամանակ առնվազն, նման լուրջ խնդիրներ առաջ կգան... ՀՀ Ազգային ժողովը ամեն տարի՝ բյուջեն հաստատելու ժամանակ, որոշակի վարկ է տալիս ԼՂ-ին: Եվ ինչպես մենք վերահսկում ենք բյուջեի կատարումը ՀՀ-ում, այնպես էլ պիտի վերահսկենք Արցախում: Պարտավոր ենք տեսնել, թե ինչպես են օգտագործվել Լեռնային Ղարաբաղին հատկացված գումարները՝ եւ արդյո՞ք դրանք նպաստել են ԼՂ-ում օրինականություն, ժողովրդավարություն հաստատելուն, մարդկանց անձնական կարիքները բավարարելուն»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG