Մատչելիության հղումներ

907-ն ընդունվեց փոփոխություններով


Միացյալ Նահանգների Կոնգրեսի եւ Սենատի համաձայնեցման հանձնախումբը փոփոխության է ենթարկել «Ազատության աջակցման ակտի» 907 բանաձեւի կասեցման մասին որոշումը: Վերջնական որոշման մեջ խստորեն նշվում է, որ Ադրբեջանին հատկացվող որեւէ օգնություն չի կարող օգտագործվել ագրեսիվ նպատակներով Հարավային Կովկասի հայկական համայնքների դեմ: Կոնգրեսը նաեւ իրավունք է վերապահում վերանայել 9Օ7 բանաձեւի պայմանական կասեցման որոշումը 2003 թվականի ֆինանսական տարում:

9Օ7 բանաձեւի ժամանակավոր կասեցման մասին որոշման մեջ շեշտվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարեւորությունը եւ նշվում, որ 9Օ7 բանաձեւի կոնգրեսական որեւէ վերանայում պետք է հաշվի առնի նաեւ Ադրբեջանի դիրքորոշումը խաղաղ բանակցություններում:

Ամերիկայի Հայկական համագումարի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Համաձայնեցման հանձնախմբի որոշումը հավաստում է այն տեսակետը, ըստ որի 9Օ7 բանաձեւը, որը միտված է պաշտպանելու ԱՄՆ-ի եւ Հայաստանի անվտանգության շահերը, հավասարակշռված է ու սատարում է տարածաշրջանում Միացյալ Նահանգների գլխավորությամբ իրականացվող հակաահաբեկչական գործողություններին:

Սենատի եւ Կոնգրեսի համաձայնեցման հանձնախմբի որոշումը, ըստ էության, վերջնական է, թեեւ այն դեռ քվեարկվելու է թե Սենատում եւ թե Կոնգրեսում:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 56-րդ նստաշրջանում երեկ ելույթ են ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Վիլայաթ Գուլիեւը եւ Վարդան Օսկանյանը:

Իր ելույթում անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին, Վարդան Օսկանյանը նշել է, թե սեպտեմբերի 11-ից հետո, «երբ սառը պատերազմը վերջնականապես ավարտվեց, եւ հին թշնամիները մի կողմ դրեցին բոլոր տարբերությունները, թերեւս Թուրքիան եւս մի կողմ դնի տարածաշրջանային շահերի եւ համաշխարհային խաղաղության հարցերում ունեցած նախապաշարումները»:

«Հայաստանը ցանկանում է բնականոն հարաբերություններ ունենալ Թուրքայի հետ եւ հուսով է, որ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ՝ բացելով դռները կառուցողական համագործակցության առջեւ: Հայոց ցեղասպանության հիշողությունը շարունակում է հետապնդել եւ խոչըդոտել հարաբերություններին: Սակայն խնդիրները կարող են կարգավորվել երկխոսությունների միջոցով, եւ հատկապես այս իրադարձություններից հետո, որոնք հիշեցրին, որ մարդիկ կարող են աննկարագրելի չարիքներ գործել եւ որ զանգվածային բռնությունները միայն անցյալին չեն պատկանում», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Մովսես Աբելյանը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը իր ելույթում քննադատել է միջազգային հանրությանը, որը, նրա խոսքերով, չկարողացավ անհրաժեշտ ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ ապահովել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը:

«Iնքնորոշման իրավունքը չի կարող դիտվել իբրեւ երկրի տարածքի մի մասի անջատում մնացած տարածքից եւ չի կարող արդարացնել երկրի տարածքային ամբողջականության խախտումը», - ասել է Վիլայաթ Գուլիեւը:

Հայաստանի արտգործնախարարությունը, ըստ Մովսես Աբելյանի, Ադրբեջանի արտգործնախարարի ելույթի կապակցությամբ վաղը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:


Աննա Կարապետյան եւ Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG