Մատչելիության հղումներ




Եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվաշնեւսին հինգշաբթի օրը այցելեց Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր: «Ցեղասպանություն եղել է եւ դա ոչ ոք չի կարող վիճարկել: Հայոց ողբերգությունը հայտնի է բոլորորին: Հիմա խնդիրն այն է, թե ինչպես են զարգանալու Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, եւ այդ հարցում քաղաքական առումով Լեհաստանը Հայաստանի հետ է», - ասաց նախագահ Կվաշնեւսկին:

Լեհաստանի նախագահը հստակ կերպով չասաց՝ կճանաչի՞ արդյոք Լեհաստանի խորհրդարանը հայոց ցեղասպանության փաստը: Իր կողմից, սակայն, Կվաշնեւսկին հարցի լուծման նպատակով հայերի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեց: Եվ ոչ միայն պատմական առումով, այլեւ այն պատճառով, որ խնդիրը քննարկելու ժամն, իրոք, հասել է:

«Որովհետեւ», - ասաց Լեհաստանի նախագահը, - «սառը պատերազմից հետո, աշխարհում ճշմարտությունն ասելու ժամանակն է եկել», ավելացնելով, որ ինքը պատրաստ է հորդորել Թուրքիայի իշխանություններին, որ նրանք նույնպես ճշմարտությունն ասեն:

Դրա անհրաժեշտությունը Ալեքսանդր Կվաշնեւսիկն կապեց նաեւ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետ: «Այլեւս պարզ է, որ աշխարհը ոչ միայն գլոբալ քաղաքականության ու տնտեսության, այլեւ գլոբալ սպառնալիքների հետ գործ ունի, ուստի պետք է լուծում տալ պատմական բոլոր հարցերին»:

Լեհաստանի նախագահը այսօր այցելեց նաեւ Հայաստանի Ազգային ժողով, ուր Աժ նախագահ Արմեն Խաչատրյանի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների եւ խմբակցությունների ղեկավարների հետ քննարկեց հայ-լեհական փոխհարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Երեւանի պետական համալսարանում Լեհաստանի նախագահը հանդես եկավ «Եվրոպան ապագա ունեցող մայրցամաք է: Երկխոսության, հանդուրժողականության եւ համագործակցության դերը» դասախոսությամբ:

Երեւանում այսօր սկսեց աշխատել հայ-լեհական տնտեսական համաժողովը, որը բացեց Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի նախագահը իր խոսքում կանգ առավ այն իրողություների վրա, որոնք գրավիչ են դարձնում Հայաստանը տնտեսական համագործակցության համար՝ հայաստանյան շուկայի կանխատեսելիությունը, էթնիկ հակամարտությունների բացակայությունը, քաղաքական կայուն վիճակը:

Պատասխան խոսքում Լեհաստանի նախագահը հավաստեց, որ Լեհաստանը մտադիր է ակտիվորեն աշխատել հարավկովկասյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ:

«Բոլորը Հայաստանը ճանաչում են ադամադով ու կոնյակով, սակայն Հայաստանի ահռելի հարստությունն են էներգետիկ ռեսուրսները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց համաժողովի մասնակիցներից Լեհաստանի հիմնադրամի նախագահ Մարեկ Մուշկովսկին, ավելացնելով, որ, ամենյան հավանականությամբ, կստորագրվի Հայաստանում փոքր հիդրոէլեոկտրակայանների կառուցման եւ համատեղ շահագործման մասին փաստաթուղթ:

Արտասահմանյան ներդրողներին տեխնիկական եւ խորհրդատվական աջակցություն ցուցաբերող Հայկական զարգացման գործակալության տնօրեն Վահագն Մովսիսյանի տպավորությամբ եւս արդյունքներ այս հանդիպումից անշուշտ լինելու են:

«Նրանք Վրաստանից են եկել Հայաստան, եւ ես զգում եմ, որ իրենք էլ են զարմացած, որ մեզ մոտ ներդրումային մթնոլորտն ավելի լավ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վահագն Մովսիսյանը:


Արմեն Զաքարյան եւ Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG