Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը ԱՊՀ երկրներից «տնտեսապես ամենաազատն» է


Արեւմտյան երկու հեղինակավոր կազմակերպությունների վերջերս անցկացրած հետազոտության համաձայն, Հայաստանի տնտեսությունը ամենաբացն ու ներդրումային առումով ամենաբարեկամականն է Անկախ պետությունների համագործակցությունում եւ տնտեսության ազատության ցուցանիշներով մոտենում է զարգացած երկրներին:

The Wall Street Journal-ի (WSJ) եւ Վաշինգտոնում գտնվող պահպանողական հետազոտական կենտրոնի՝ Heritage Foundation-ի («Ժառանգություն» հաստատություն) համատեղ ուսումնասիրությունը աշխարհի 156 երկրները դասակարգել է ըստ տասը տարբեր գործոնների՝ առեւտրական եւ արժութային քաղաքականություն, տնտեսության մեջ կառավարության միջամտություն, բանկային գործ եւ սեփականության իրավունքներ եւ այլն: «Տնտեսական ազատության 2002 թվականի ցուցանիշները» ուսումնասիրության մեջ Հայաստանը վեց երկրների՝ այդ թվում Ֆրանսիայի, հետ կիսում է 45-րդ տեղը:

Երկուշաբթի օրը հրապարակված 450 էջանոց զեկույցը աշխարհի 71 երկրների տնտեսությունները դասակարգում է որպես «ազատ» կամ «հիմնականում ազատ», իսկ 85 երկրներինը՝ «հիմնականում անազատ» կամ «ճնշված»: 2,7 միավորով (հնգաստիճան սանդղակով) Հայաստանը դասակարգվել է որպես ԱՊՀ երկրներից միակ «հիմնականում ազատ» երկիրը: Համեմատության համար նշենք, որ աշխարհում ամենաազատը ճանաչված Հոնգ Կոնգի տնտեսությունը ստացել է 1,35 միավոր:

Հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը զբաղեցնում են համապատասխանաբար 108-րդ եւ 118-րդ տեղերը եւ երկուսն էլ համարվել են «հիմնականում անազատ»:

Ըստ զեկույցի, Հայաստանը WSJ/Heritage ուսումնասիրության մեջ անցած տարում առաջընթաց է ունեցել գլխավորապես շարունակական ցածր սղաճի եւ անցած տարվա դեկտեմբերին հարկադրույքների խոշոր կրճատման շնորհիվ: Շեշտվում է «հովանավորչության շատ ցածր մակարդակը» Հայաստանի արտաքին առեւտրում, «փոքր խոչընդոտները» օտարերկրյա ներդրումների ճանապարհին, բանկային համակարգի «նվազագույն» պետական վերահսկողությունը եւ տնտեսությանը պետական միջամտության «չափավոր մակարդակը»:

«Օտարերկրյա ներդրումների համար պաշտոնական ընդամենը մի քանի սահմանափակումներ կան, եւ ներդրողների համար բաց են արդյունաբերության գրեթե բոլոր ոլորտները», - ասված է զեկույցում:

Զեկույցում ընդգծված են նաեւ Հայաստանի գործարար միջավայրի բացասական կողմերը՝ քաղաքական անկայունությունը, համատարած կոռուպցիան, բյուրոկրատական արգելքները, արատավոր դատական համակարգը: «Անցած տարվա ընթացքում Հայաստանը առաջընթաց է ապրել, սակայն որոշ ներքին եւ արտաքին գործոնների զուգադրությունը շարունակում է արգելակել տնտեսական աճը», - նշված է զեկույցում:

«Համընդհանուր տնտեսական աճը դանդաղեցնում են կոռուպցիայի բարձր մակարդակը, սեւ շուկան, վարչական ծանրաշարժ պահանջները եւ ներդրողների իրավունքների թույլ պաշտպանությունը»:

«Այնպիսի տարբեր երկրների տնտեսությունների առաջընթացը, ինչպիսին են Էստոնիան, Լիտվան, Չեխիայի Հանրապետությունը, Հունգարիան, Լեհաստանը եւ Հայաստանը վկայում են այն մարդկանց իմաստնության մասին, ովքեր երկարատեւ «սառը պատերազմ» են մղել «Չարիքի կայսրության»՝ Խորհրդային Միության դեմ», - զեկույցի առաջաբանում գրել է Heritage Foundation-ի նախագահ Էդվին Ֆյոլները, նկատի ունենալով առաջին հերթին Ռոնալդ Ռեյգանին եւ Մարգարեթ Թաթչերին:

«Տարածաշրջանի ընդհանուր առաջընթացը ցույց է տալիս պետական միջամտության վրա շուկայական ազատության գերակայությունը հաստատած Ռեյգանի եւ Թաթչերի հեղափոխությունների արդյունքները», - արձանագրում է զեկույցը: - «Տնտեսական մեծ ազատություններ ունեցող երկրներում բարձր են նաեւ երկարատեւ տնտեսական աճի տեմպերը, եւ այդ երկրներն ավելի բարգավաճ են, քան անազատ տնտեսություն ունեցողները»:

Հայաստանը, սակայն, ուր մակրոտնտեսական կայունությունը եւ Համախառն ներքին արդյունքի յոթնամյա հաջորդական աճը էապես չեն բարձրացրել կենսամակարդակը, առայժմ դուրս է մնում այդ ձեւակերպումից: Երկրում խիստ բարձր է գործազրկությունը եւ քաղաքացիների մեծ մասը ապրում է աղքատության մեջ: Արեւմտյան դոնորների կարծիքով, տնտեսական առողջացման բանալին օրենքի գերիշխանության հաստատումն է եւ ներդրումային մթնոլորտի բարելավումը, ինչն էլ պետք է կազմի բարեփոխումների առանցքը:

WSJ/Heritage-ի զեկույցում նշվում է, որ տարածաշրջանային անկայունությունը բազմաթիվ օտարերկրյա ներդրողներին Հայաստան գալուց «հետ պահող» հիմնական գործոնն է: «Առեւտրական հարաբերությունների բացակայությունը հարեւան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչը հետեւանք է Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվող հակամարտության, արգելակում է այն շահավետ հնարավորությունները, որ կարող է տրամադրել Հայաստանի համեմատաբար բաց առեւտրական ռեժիմը», - ասված է զեկույցում:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG