Մատչելիության հղումներ

2002 թվականի բյուջեի նախագիծը ներկայացվեց Ազգային ժողով


Չորեքշաբթի օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կառավարության անունից Ազգային ժողովին ներկայացրեց 2002 թվականի պետական բյուջեի նախագիծը, որի կազմվել է, ըստ վարչապետի, հաշվի առնելով ինչպես երկրի տնտեսության մեջ ստեղծված իրողությունները, այնպես էլ Հայաստանի հիմնական դոնորների հետ ունեցած պայմանավորվածությունները։ Ըստ այդմ, պետության եկամուտները 2002 թվականին կազմելու են 214 միլիարդ դրամ, ծախսերը՝ 257 միլիարդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 43 միլիարդ դրամ։

Օրենսդիրներին բյուջեի նախագիծը ներկայացնելիս վարչապետը ընդգծեց, որ այն իրատեսական է, ակնկալվող գումարներով հնարավոր կլինի ֆինանսավորել առաջնային ոլորտները, մինչդեռ, ծախսերի մի մասի կատարումը կտեղափոխվի ավելի ուշ ժամկետի: «Մենք չենք հրաժարվում այդ ծրագրերից, ուղղակի կատարման ժամկետն ենք տեղափոխում, ավելի երկարաձգում», - ասաց Անդրանիկ Մարգարյանը:

Վարչապետի խոսքերով, եկող տարվա ծախսերն արվելու են ընդունված օրենքների շրջանակներում։ Միեւնույն ժամանակ, բյուջետային քննարկումների ընթացքում հարկ կլինի վերանայել մի շարք օրենքներ, որոնք, առանց հաշվի առնելով առկա հնարավորությունները, պարտադրում են ավելացնել այս կամ այն ոլորտի ֆինանսավորումը:

Եկող տարվա բյուջեն, ըստ վարչապետի, ծրագրվել է Համախառն ներքին արդյունքի ակնկալվող 6 տոկոս աճին համապատասխան։ Եկամուտներն ավելի մեծ չափով են ավելանալու՝ այս տարվա բյուջեում ծրագրվածի համեմատ 10,8 տոկոսով։ Պետական եկամուտների առաջանցիկ աճը պահովվելու է ի հաշիվ հարկային վարչարարության բարելավման։

Անդրանիկ Մարգարյանը այսօր խորհրդարանին առաջարկեց վերացնել ստուգումներից երեք օր առաջ հարկատուներին նախազգուշացնելու պրակտիկան: «Միայն Հայաստանում է գործում այդ երեք օրվա սահմանափակումը», - ասաց վարչապետը:

Նախորդ տարիներից փոխանցված պարտքերը, Անդրանիկ Մարգարյանի շեշտադրմամբ, կմարվեն, եթե միջազգային ֆինանսական կառույցները, առաջին հերթին Համաշխարհային բանկը վերջապես տա խոստացված ՍԱՔ-4 վարկի վերջին մասաբաժինները։ Հակառակ դեպքում պարքերը կփոխանցվեն հետագա տարիներին:

Համաշխարհային բանկը այս տարվա համար խոստացել է 35 միլիոն, հաջորդ տարվա համար՝ 20 միլիոն դոլար։ Սակայն, դրանք ստանալու համար շատ կոշտ պայմաններ են դրված: Խոսքը, առաջին հերթին, այս տարվա հարկահավաքման պլանի կատարմանը եւ, իհարկե, բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցմանն է վերաբերում։

Անդրանիկ Մարգարյանը այսօր հայտարարեց, որ բաշխիչ ցանցերը մինչեւ տարեվերջ կվաճառվեն: Սակայն, որոշ աղբյուրների պնդմամբ, ասպարեզում մնացած միակ ընկերությունը՝ ռուսաստանյան ՌԱՈ ԵԷՍը եւս հրաժարվել է մրցույթին ներդրումային առաջարկ ներկայացնելուց, քանի որ ցանցերը գնելու, առավել եւս նրանց զարգացման մեջ ներդրումներ անելու համար պարզապես փող չունի։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG