Մատչելիության հղումներ

Ազատ Արշակյանին ազատ են արձակում դատարանի դահլիճից


Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ այսօր վճռեց «Քրիտոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության նախկին ղեկավար, ներկայումս «Անկախության բանակ» հայրենասիրական միության վարչության անդամ Ազատ Արշակյանին ենթարկել երկու տարվա պայմանական դատապարտության եւ դատարանի դահլիճից ազատ արձակել:

Վճիռն ընդունելիս, դատարանը հաշվի է առել Ազգային ժողովի 12 պատգամավորների, ՔԴՄ նախագահի միջնորդությունները, ինչպես նաեւ քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի հայրենանվեր գործունեությունը:

Պետական մեղադրող Զելիմ Թադեւոսյանը պահանջում էր 3 տարի պայմանական ժամկետով մեղադրանք սահմանել, հանձնել իրավապահ մարմինների հսկողությանը եւ դատարանի դահլիճից ազատ արձակել: Իսկ Արշակյանի շահերի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը պահանջում էր արդարացնել իր պաշտպանյալին:

Ազատ Արշակյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 14-ին ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով: Սակայն թե' դատակոչված 6 վկաները եւ թե' Ազատ Արշակյանը իրենց ցուցմունքներում վկայել են, որ տեղյակ չեն եղել, թե Գորվետկա 4 հասցեում զենք-զինամթերք է պահվել:

Դրա մասին իմացել է ջոկատի նախկին հրամանատար եւ մեկ տարի առաջ մահացած Արթուր Մալխասյանը: Ազատ Արշակյանն էլ այսօր մեղքն իր վրա վերցնելով ի վերջո հայտարարեց, թե ժամանակին տեղյակ եղել է նախկինից մնացած որոշակի թվով զենք-զինամթերքի մասին, տեղյակ է պահել պաշտպանության նախարարությանը, հետո հորդորել է Արթուր Մալխասյանին հանձնել այն: Սակայն ինչ-ինչ պատճառներով Արթուր Մալխասյանը չի հանձնել:

Խորհրդային տարիների քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը այլախոհության հանար 1974-1981 թվականների ընթացքում 3 անգամ դատապարտվել էր, ճանաչվել առանձնապես վտանգավոր կրկնահանցագործ: 1990 թվականին նրա նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվել էին Գերագույն դատարանի որոշմամբ՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Իր վերջին խոսքում, համեմատելով խորհրդային շրջանի եւ ներկայիս դատական համակարգերը, Ազատ Արշակյանը ասաց. - «Ուզում եմ համեմատության համար ասել, որ հիմա շատ ավելի լավ է... Ես մտածում էի, որ սա ֆարս է լինելու: Դատարանն է դատարանի նման, մամուլը մամուլի նման է՝ հասարակական կարծիք է ստեղծում... Փաստաբանի ինստիտուտը՝ ես չէի կարծում, որ դա այդքան լավ բան է: Ակնհայտորեն մենք դարձել են ժամանակակից պետություն, սկսնակ ժամանակակից պետություն: Իմ գործը դրա ամենալավ ապացույցներից մեկն է»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG