Մատչելիության հղումներ

Հայաստանի լրագրողները առժամանակ չեն այցելի Ադրբեջան


Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց, որ հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցելությունները անիմաստ են, քանի դեռ չի ավարտվել ադրբեջանական մամուլում սկսված հակահայկական հիստերիան:

«Փոխանակ ընդհանուր կլիման, ընդհանուր մթնոլորտը լավանան մեր երկու երկրների եւ ժողովուրդների հարաբերություններում, վերջին ամիսներին այդ փոխադարձ այցելությունները հակառակ արդյունքի են բերում», - ասաց Բորիս Նավասարդյանը:

Հայաստանյան ոչ մի կազմակերպություն այնքան ինտենսիվ շփումներ չի ունեցել ադրբեջանցի գործընկերների հետ, որքան Երեւանի մամուլի ակումբը, որի ներկայացուցիչները 1996 թվականից ի վեր մի քանի տասնյակ հանդիպումներ են ունեցել ադրբեջանցի լրագրողների հետ Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, վերջերս՝ նաեւ Թուրքիայում:

Ըստ Նավասարդյանի, բացասական դրսեւորումները առաջին անգամ ցայտուն դարձան Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն 92» կազմակերպության պատվիրակների անցած սեպտեմբերին Բաքու այցելության ժամանակ, երբ օդանավակայանում հարվածել էին այդ կազմակերպության ղեկավար Կարեն Օհանջանյանին: Իսկ Երեւանի մամուլի ակումբի անդամների վերջին՝ անցած ամիս կայացած այցելությունից հետո ադրբեջանական «Զերկալո» թերթը ակումբի անդամ Աշոտ Մելիքյանին որակել էր «ահաբեկիչ եւ գործակալ»:

Բորիս Նավասարդյանի կարծիքով, ադրբեջանցի լրագրողների նման վերաբերմունքը հրահրվում է երկրի քաղաքական շրջանակների կողմից:

Երեւանի մամուլի ակումբի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ նոյեմբերի 8-ին համագործակցության արձանագրություն է ստորագրվել Երեւանի մամուլի ակումբի, ադրբեջանական «Ենի նեսիլ» («Նոր սերունդ») միության, Ժողովրդավարության թուրքական հիմնադրամի ու դիվանագիտական լրագրողների ընկերակցության միջեւ, որով մասնակիցները համաձայնում են ձեռնպահ մնալ քարոզչական պատերազմի մեթոդներից, աջակցել երեք երկրների մերձեցմանը, նրանց միջեւ երկխոսության հաստատելու ջանքերին:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG