Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Հայաստանը չի ընդունի առաջարկներ, որոնք կհակասեն փարիզյան սկզբունքներին»





Ուրբաթ օրը Ստրասբուրգում «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ասաց, որ անցած շաբաթվա տարածաշրջանային այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձել են վերակենդանացնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ փարիզյան համաձայնությունների շրջանակներում: Նախարարի խոսքերով, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան ներկայացնող համանախագահները Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում անցկացրած բանակցությունների ժամանակ նոր առաջարկներ չեն ներկայացրել:

Ըստ Վարդան Օսկանյանի, այն բանից հետո, երբ Բաքուն մերժեց Փարիզում եւ Քի Ուեսթում կայացած բանակցությունների արդյունքում մշակված փարիզյան համաձայնությունները եւ ներկայացրեց դրանց վերանայման սեփական առաջարկները, միջազգային միջնորդները փորձել են պարզել, թե ինչպես կարձագանքի հայկական կողմը Ադրբեջանի առաջարկներին: Օսկանյանը հրաժարվեց ասել, Երեւանը ընդունել թե մերժել է ԵԱՀԿ խաղաղարար առաջարկների վերանայման ադրբեջանական առաջարկները: Նախարարն ասաց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շարունակական գործընթաց է, եւ այն անհնարին է մեկ փուլով ավարտել:

«Ես համոզված եմ, որ համանախագահները կշարունակեն իրենց ջանքերը եւ կրկին կայցելեն տարածաշրջան, եւ հարկ չկա անմիջապես մեկնաբանել՝ առաջարկներն ընդունելի են թե ոչ», - ասաց Վարդան Օսկանյանը:

Մեկնաբանելով Հայաստանի պաշտոնական տեսակետը ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար վերջին առաքելության մասին, Օսկանյանն ասաց, որ քանի դեռ փարիզյան սկզբունքները ամբողջական են, եւ զարգացումները բանակցային գործընթացում կառուցվում են այդ սկզբունքների հիման վրա, Հայաստանը պատրաստ է շարունակել քննարկումները: «Հայաստանի չի ընդունի առաջարկներ, որոնք կհակասեն փարիզյան սկզբունքներին», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Ուրբաթ օրը Հայաստանի նախագահը ժամանել էր Ստեփանակերտ: Լեռնային Ղարաբաղի դիվանագիտական աղբյուրների համաձայն, Ռոբերտ Քոչարյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների խաղաղարար վերջին նախաձառնությունները քննարկել է ղարաբաղյան իշխանությունների հետ:

Ուրբաթ օրը Ադրբեջանը քննադատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային միջնորդների նոր գաղափարները: Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի խորհրդական Նովրուզ Մամեդովը դրանք բնութագրել է որպես Բաքվի համար «անընդունելի»: «Մենք դրանք նոր առաջարկություններ չենք համարում... Վերջին առաջարկություններում ես առանձնապես փոփոխություններ չեմ տեսնում Ադրբեջանի համար: Դրանք անընդունելի են», - ասել է Ալիեւի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Նովրուզ Մամեդովը:

Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ԱՄՆ-ի հատուկ դեսպան Ռուդոլֆ Փերինան, Ռուսաստանի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը, եւ ֆրանսիացի Ֆիլիպ դը Սյուրմենը տարածաշրջանային այցի ընթացքում հակամարտող կողմերին ներկայացրին, իրենց խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր գաղափարներ:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ, Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ եւ Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG