Մատչելիության հղումներ

Նավթի գների անկումը չի անդրադառնում հայաստանյան շուկայի վրա


Վերջին երկու ամսվա ընթացքում համաշխարհային շուկայում նավթի գներն ընկել են առնվազն 30 տոկոսով՝ նավթի մեկ բարելի միջազգային գինը 30 դոլարից նվազել է մինչեւ 19-20 դոլարի։ Հայաստանյան շուկայում, սակայն, դա գրեթե չի ազդել նավթամթերքի՝ բերզինի, դիզելային վառելիքի ու մազութի գների վրա:

Բենզինի ու դիզելային վառելիքի մանրածախ գները չեն փոխվել՝ 250-300 դրամ (կախված որակից) արժե մեկ լիտր բենզինը եւ 200-210 դրամ՝ մեկ լիտր դիզվառելիքը: Մի փոքր ավելի ցածր են բենզինի ներկրման գործը մենաշնորհի վերածած ընկերությունների բենզալցակայանները։

Նման գործարար վարքագիծն, իհարկե, կարող է տրամաբանական դիտվել միայն մեկ պարագայում. եթե ավտովառելիքի ներկրման գործը մեկ կամ երկու ընկերության մենաշնորհն է, եւ բացակայում է պետության համապատասխան հակամենաշնորհային կառույցների հսկողությունը:

Նորանկախ Հայաստանում շահութաբեր կամ գերշահութաբեր համարվող ավտովառելիքի ներկրման գործը միշտ էլ գտնվել է ուժային լծակներ տնօրինող անձանց ձեռքում, դրա շուրջ, միշտ էլ տեսանելի կամ թաքուն պայքար է ընթացել։ Մենաշնորհային բարձր գների պատճառով, հարկադրված է եղել սովորականից ավելի վճարել ոչ միայն շարքային սպառողը, այլեւ գործարարը, քանի որ դրա հետեւանքով թանկացել են տրանսպորտային փոխադրումների ծախսերը։

Որոշակի մրցակցություն բենզինի եւ դիզվառելիքի շուկայում կար մինչեւ 1999 թվականի օգոստոսը, երբ կառավարությունը որոշեց կտրուկ բարձրացնել ներկրվող բենզինից գանձվող հաստատագրված վճարը՝ ակնկալելով, որ դրանից բյուջեի մուտքերը կտրուկ կավելանան։ Ներմուծվող բենզինի մեկ տոննայի համար սահմանվեց 223 դոլար հաստատատգրված վճար, խստացվեց վերահսկողությունը։ Այդ քայլը, սակայն, չավելացրեց բյուջեի մուտքերը, ավելին՝ մոտ երեք անգամ նվազեց բենզինի ու դիզելային վառելիքի ներմուծումների ծավալը:

Հնարավո՞ր է, որ մեր շուկայում բենզինի գները նույնպիսի շարժ ունենան, ինչպես միջազգային շուկայում։ Այս հարցին, շուկայի դիտորդները բացասական պատասխան են տալիս։ Իսկ հնարավո՞ր է, որ միջազգային եւ ներքին գների տարբերությունից գոյացած գերշահույթները հարկվեն ու մտնեն պետական բյուջե։ Այս հարցը նույնպես արժանանում է շուկայի փորձագետները բացասական պատասխանին:

Խնդիրն այն է, որ Հայաստան բենզին ներկրող յոթ ընկերությունները, իրականում, բենզինը պարտադրված են գնել ոչ թե անմիջական շուկաներից, այլ լավագույն դեպքում՝ Փոթի նավահանգստից, ուր եվրոպական շուկաներից բենզին է փոխադրում այդ շուկայի գերմենատերը՝ Մեծ Բրիտանիայում գրանցված «Միկա-լիմիթիդ» ընկերությունը, որն էլ թելադրում է գինը՝ անկախ միջազգային գների շարժից:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG