Մատչելիության հղումներ

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանում», - ասում է Պետդումայի կոմիտեի նախագահը


«Ես համոզված եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանում: Ռուսաստանը կարող է ակտիվորեն ազդել այդ հակամարտության կարգավորման վրա», - Մոսկվայում այսպիսի հայտարարություն արեց Ռուսաստանի պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահ, Դաշնային սահմանապահ ծառայության նախկին ղեկավար Անդրեյ Նիկոլաեւը:

Պաշտոնաթող գեներալը չի կարծում, որ ռուս-ամերիկյան մերձեցումն ուղղակիորեն տանում է դեպի Անդրկովկասում առկա հակամարտությունների հանգուցալուծումը: Ըստ նրա, ներկայումս Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միասին պայքարում են «ահաբեկչություն պատվիրող քաղաքականության դեմ»: Հազիվ թե այդ համատեղ պայքարն ուղղակի ազդեցություն ունենա զարգացումների վրա:

«Ակնհայտ է, սակայն, որ Ռուսաստանը հիմա հնարավորություն ունի ավելի ակտիվ հանգուցալուծելու հակամարտությունները ԱՊՀ երկրների տարածքում, այդ թվում՝ ԱՊՀ երկրների միջեւ՝ լինի դա Լեռնային Ղարաբաղում կամ այլուր: Որովհետեւ», - շարունակեց Նիկոլաեւը, - «եթե Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չեն հակադրվում այդ հակամարտությունների կարգավորման գործընթացում, ապա Ռուսաստանի հնարավորությունները մեծանում են»:

Նիկոլաեւի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր մոդելի կարիք գոյություն չունի: Միանգամայն կիրառելի են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշակվածները: «Ես կարծում եմ, որ ամենասուր հարցերի հանգուցալուծումից հետո Ռուսաստանն անպայման լրացուցիչ ջանքեր կգործադրի Ադրկովկասի հակամարտությունները կարգավորելու համար», - ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե ինչու մինչեւ հիմա այդ լրացուցիչ ջանքերը չեն գործադրվել եւ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, եթե դրա հանգուցալուծման բանալին գտնվում է Մոսկվայում, Անդրեյ Նիկոլաեւը ասաց. - «Քաղաքական իրավիճակն է Ռուսաստանում փոխվել: Նախագահ Պուտինը շատ ավելի զորեղ քաղաքական դեմք է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՊՀ-ի եւ ողջ աշխարհի մասշտաբներով, քան նրա նախորդը, ինչը հնարավորություն է տալիս ավելի ակտիվ ներգործել այն գործընթացի վրա, որի մասին խոսում ենք»:

Ըստ Նիկոլաեւի, դիվանագետներն ու մասնագետները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում արդեն արել են այն ամենն, ինչ հարկավոր էր անել՝ - «Իրենցից ուրիշ ոչինչ չի պահանջվում: Մնացել է քաղաքական որոշում ընդունել: Եվ բոլորը դա հիանալի հասկանում են»:

Նիկոլաեւը առանցքային համարեց երաշխիքների հարցը: «Երաշխիքներ պետք է տրվեն Հայաստանին, երաշխիքներ պետք է ստանա Ադրբեջանը եւ, իհարկե՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը», - ասաց նա:


Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG