Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի հաշվարկներով, նախագահ Քոչարյանի վարկանիշն այսօր առնվազն 30 տոկոս է: «Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում նա կիսվել է նաեւ, թե «քաղաքական գործիչներից ամենաբարձր վարկանիշն ունեն Ռ. Քոչարյանը, Ա. Մարգարյանը եւ Ս. Սարգսյանը», իսկ կուսակցություններին «առաջիկա խորհրդարանական ընտրություններում ծանր փորձություն է սպասվում... Որեւէ մեկը նրանցից այսօր չի կարող ընտրողների 10 տոկոսից ավելիին արժանանալ»: Հանրապետական կուսակցության, ՀՅԴ-ի եւ ՀԺԿ-ի վարկանիշերը գնահատվում են 10 տոկոսի մոտ:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի մատուցմամբ, «Դաշնակցությունը ամբողջ թափով գրավում է գործադիր իշխանությունը... միակ ոլորտը, որտեղ ՀՅԴ-ի ազդեցությունը դեռեւս բավականին թույլ է, ուժային կառույցներն են... Այս հարցում ՀՅԴ-ի ամենամեծ ախոյանը Սերժ Սարգսյանն է», եւ դատելով վերջերս Ազգային ժողովում դաշնակցականների կողմից բարձրացվող հարցերից, նրանք փորձում են հանրության ուշադրությունը սրել հենց բանակին առնչվող խնդիրների վրա:

«Սա ընդամենը նախապատրաստություն է գլխավոր ճակատամարտից առաջ», - եզրափակել է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «ԱԺ-ի ընտրությունների արդյունքը կարող է որոշել, թե որքանով է ՀՅԴ-ն արժանի տիրապետելու ուժային կառույցներին: Իսկ դրա համար անհրաժեշտ է հնարավորինս մեծ թվով գործադիր լծակներ ձեռք գցել՝ առայժմ այլ ոլորտներում»:

«Երկիր» թերթի մեկնաբանի գնահատականով, «պետական իշխանությունը, ուժային կառույցները դեռ երբեք այնքան համակարգված չեն եղել, որքան այժմ: Նախագահին հաջողվել է ապահովել պետական հաստատությունների փոխկապակցված աշխատանքը: Իշխանության ներսում խորը հակասություններ չկան, որ թուլացնեն նախագահի դիրքերը»: Միեւնույն ժամանակ, նույն վերլուծականում ակնարկվում է. «Ոչ ոք չի արդարացնում ամենակուլ կոռուպցիան, նրա զարհուրելի դրսեւորումը՝ կաշառակերությունը, ակնառու թալանը, ստվերային տնտեսության գոյությունը, կադրային կարուսելները: Բայց կա ժամանակ, եւ այդ պահին պետք է լուծել իշխանության հարցը»: Մեկնաբանի համոզմամբ, «տվյալ պահին իշխանափոխության գնալը շատ ավելի մեծ վտանգ կստեղծի երկրի համար, քան առկա հիմնախնդիրները», ուստի՝ «գլխավոր հանգուցալուծումը պետք է սպասել 2003 թվականին»:

«Իրավունք» թերթն այսօր շեշտադրում է. «Այս պահին նաեւ սահմանադրական փոփոխությունների ոլորտում մեր մաշկի վրա զգում ենք վաղաժամկետ մեկնարկած նախագահական ընտրարշավի վնասները: Գործում է հակառակ կողմին առավելագույնս լծակներից զրկելու նախընտրական տրամաբանությունը, եւ շատեը թքած ունեն, թե դրա արդյունքում կունենանք աբսուրդներով հագեցած սահմանադրություն եւ որպես հետեւանք երկրի բոլոր ոլորտների դեֆորմացված պատկեր: Նույնը վերաբերում է նաեւ ընտրական օրենսգրքի բարեփոխումներին»:

Զինվորական դատախազության քննչական բաժնի ղեկավար Արտակ Հարությունյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում այսօր ասում է, որ մինչեւ մամուլում ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի վերջին շրջանի հայտարարությունները քննչական խմբին հայտնի չի եղել, որ նա տիրապետում է «Հոկտեմբերի 27»-ին առնչվող որոշակի ինֆորմացիայի: Մասնավորապես, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները եւս որոշ նկարահանումներ են կատարել նիստերի դահլիճում: «Զինվորական դատախազը արդեն իսկ հարցում է կատարել ռազմական ոստիկանություն, խնդրելով նկարահանումներ պարունակող տեսաժապավենն անհապաղ ուղարկել մեզ, քանզի անջատված մասով նախաքննությունը շարունակվում է», - տեղեկացնում է Հարությունյանը, ընդհանուր առմամբ ավելացնելով, որ դեռեւս որեւէ վարկած հերքված չէ, ի հայտ են բերված որոշակի նոր հանգամանքներ ու դրանք, ելնելով գործի հետագա քննության շահերից, առայժմ չեն ուզում մանրամասնել:

Օրերս Լոնդոն այցելած Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթում ավետում է, որ Մեծ Բրիտանիայի հայերից «շատ-շատերը Հայաստան գալու, Հայրենիքում իրենց տունն ու գործը ունենալու ցանկություն» են հայտնել: «Այստեղ մենք լուրջ անելիքներ ունենք, որովհետեւ մի շարք բացասական դեպքեր նրանց շրջանում զգուշավորություն են առաջացնում Հայրենիք գալու կապակցությամբ», - ավելացնում է Տիգրան Թորոսյանը: - «Մեր խնդիրն է՝ վերացնել այդ ճանապարհին հանդիպող սուբյեկտիվ խոչընդոտները, որովհետեւ ամեն մի բացասական երեւույթ մեծ արձագանք է ստանում Սփյուռքում»:

Արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Արա Պետրոսյանն էլ «Հայաստանի Հանրապետություն» թերթում հավաստիացնում է, որ այս տարի Հայաստան այցելածների մեծ հոսքը «ուղղակի կենդանի գովազդ է դառնալու Հայաստանի համար, քանի որ լավագույն տպավորություններով են գնացել»:

«Եթե տուրիզմի ավանդական երկրները այսօր ռիսկային են դարձել իրադարձությունների բերումով, ապա պոտենցիալ զբոսաշրջիկը փնտրելու է մեկ այլ տեղ: Ահա նաեւ այս պահից է, որ պետք է կարողանանք օգտվել եւ զբոսաշրջիկների հոսքեր ուղղել Հայաստան», - հեռագծում է փոխնախարարը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG