Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ






ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընթացիկ տարվա ընթացքում երրորդ տարածաշրջանային այցի ավարտին Երեւանում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ուր նշված է, որ նախագահներ «Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի ուշադրությանն են ներկայացվել որոշ գաղափարներ, որոնք, միջնորդների կարծիքով, կոչված են օգնել մոտեցնելու նրանց դիրքորոշումները»:

Այցի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահների հետ բանակցություններ անցկացրած Ռուսաստանի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը, ԱՆՄ-ն ներկյացնող դեսպան Ռուդոլֆ Փերինան եւ ֆրանսիացի Ֆիլիպ դը Սյուրմենը համատեղ հայտարարության մեջ նշել են, որ «փոխընբռնելի լուծումներ գտնելու գլխավոր պատասխանատվությունը առաջվա պես ընկած է հակամարտության մեջ ներգրավված կողմերի վրա»:

«Այցի նպատակն էր աջակցել հայ ադրբեջանական բանակցային գործընթացի դինամիկային այն հարցերի շրջանակներում, որոնք ավելի վաղ երկու պետությունների ղեկավարների կողմից քննարկվել էին Փարիզում եւ Քի Ուեսթում», - ասված է հայտարարության մեջ:

Մինսկի խմբի համանախագահները նշել են, որ վճռականորեն մերժում են ռազմաշունչ հայտարարություններն ու ղարաբաղյան խնդիրը ուժային ճանապարհով լուծելու կոչերը, որոնք խոչընդոտում են իրենց՝ խաղաղարար առաքելությունն իրականցնելու գործում. - «Հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով, իսկ մարտական գործողությունների վերսկսումը, ինչին դրդում են առանձին անպատասխանատու հայտարարություններ, աղետալի հետեւանքներ կունենան ոչ միայն երկու երկրների, այլեւ ամբողջ Անդրկովկասի համար»:

Համանախագահները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հավատարիմ են մնում ղարաբաղյան խնդրի քաղաքական կարգավորմանը:

Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ «սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններից հետո համանախագահների միջեւ կառուցողական համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվել, ինչն առանձնակի բարենպաստ պայմաններ է ստեղծում, որպեսզի հակամարտող կողմերը բազմապատկեն ջանքերը՝ ի շահ խնդրի շուտափույթ լուծման»:

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները , կողմերին կոչ անելով ամրապնդել հրադադարի ռեժիմը, նշել են որ ներկա իրավիճակում իրական հնարավորություններ են բացվում հակամարտության համընդգրկուն կարգավորմանը հասնելու ջանքերին զուգահեռ, տարբեր ոլորտներում վստահության մի շարք միջոցներ ձեռնարկելու համար:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG