Մատչելիության հղումներ

Պոլսահայ համայնքի գլխավոր խնդիրը հայեցի մշակույթի պահպանումն է


Բանաստեղծ, փիլիսոփա, քսանից ավելի միայն բանաստեղծական ժողովածուների հեղինակ, պոլսաբնակ Զարեհ Խրախունին պոլսահայ համայնքի գլխավոր խնդիրն է համարում «հայեցի մշակույթի պահպանումը, որի կորիզը հայոց լեզվի պահպանումը, տարածումը եւ ուսուցումն է»:

Պոլսի (Ստամբուլի) հայ համայնքը կազմում են մոտ հարյուր հազար հայեր: «Պոլսեցին Պոլսի մեջ ինքնզինքն միշտ հարազատ է զգացել, որովհետեւ բնիկ է», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասում է Զարեհ Խրախունին: Նրա խոսքերով, վերջին 20-30 տարիներին Թուրքիայի տարբեր շրջաններից թրքախոս հայերի մեծ ներհոսք է եղել Պոլիս, ինչի շնորհիվ էլ ավելացել է համայնքի անդամների թիվը:

«Նրանք, ովքեր հաստատվեցին Պոլսում, այսօր բավական բարեկեցիկ, նույնիսկ հարուստ դիրք ունեն: Մեր այսօրվա համայնքի հաստատությունները ոտքի պահող բարերարների ու բարեգործների, թաղային եւ համայնքային գործիչների մեծամասնությունը Փոքր Ասիայից, Անատոլիայից եկածներն են կազմում», - ասում է Զարեհ Խրախունին: - «Հին պոլսեցիները, որոնցից մեկն էլ մեր տոհմն է, կորցրել են իրենց ազդեցիկությունը, նախկին դիրքը չունեն»:

Պոլսում ներկայումս լույս են տեսնում հայալեզու «Մարմարա» եւ «Ժամանակ» օրաթերթերը, թուրքերեն՝ «Ակոս» շաբաթաթերթը: Գործում են 16 եկեղեցիներ եւ տասից ավելի կրթական հաստատություններ, 28 միություններ:

«Ցավոք, հայեցի մշակույթի նահանջ կա: Դրա գլխավոր պատճառը այդ եկողների հայախոս չլինելն է: Նրանք մեծամասնությամբ թրքախոս են: Կային նաեւ արեւելյան նահանգներից եկածներ, որոնք անգամ թուրքերեն չգիտեին՝ քրդախոս էին», - ասում է բանաստեղծը, ավելացնելով, որ թուրքերեն սովորելուց հետո, նրանք հնարավորույթուն են ստանում ներգրավվել Թուրքիայի հասարակական, գիտամշակութային ոլորտներում:

Խրախունու խոսքերով, հայերն էլ պարտադիր կերպով ծառայում են թուրքական բանակում, սակայն նրանք չեն կարող աշխատել բանակում, վարչական եւ իշխանական ոլորտներում:

«Հայը իր ձեռներեցությամբ եւ իմացականությամբ միշտ առաջին գծի վրա է», - այդուհանդերձ ասում է Զարեհ Խրախունին: - «Այս մասին որեւէ կասկած չկա»:

Անվանի բանաստեղծը պոլսահայ համայնքի մեծագույն բարեբախտությունն է համարում այն, որ համայնքում տեղ չունեն հայկական ավանդական կուսակցությունները, ինչի շնորհիվ համայնքը «թե խաղաղ է եւ թե միասնական»:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG