Մատչելիության հղումներ




Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցություններից հետո էլ որեւէ հստակություն չմտավ ադրբեջանական եւ հայկական կողմերին առաջարկված՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ նոր առաջարկությունների հարցում:

«Ամենահիմնականն այն է, որ մենք տարածաշրջանից հեռանում ենք ոչ թե որպես հոռետեսներ, այլ, ամեն դեպքում՝ որպես լավատեսներ», - Ռոբերտ Քոչարյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ տեղի ունեցած բանակցություններից հետո ասաց Ռուսաստանի փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը:

Վյաչեսլավ Տրուբնիկովը նորից կրկնեց, որ Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում արմատական ոչ մի նոր բան չի առաջարկվել: Միջնորդներն աշխատել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից Փարիզում եւ Քի Ուեսթում քննարկված սխեմայի վրա: Ռուսաստանի փոխարտգործնախարարն ասաց, որ, իրենց կարծիքով, նոր սխեմաներ ստեղծելու կարիք չկա: Նորությունը, նրա խոսքերով, «դետալների մեջ է»:

Ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ Սյուրմենը առանց մանրամասնելու ասաց, որ Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում միջնորդներին «առնվազն լսել են մեծ հետաքրքրությամբ»:

Սովորաբար, նոր առաջարկներ, անգամ նոր տարրեր ներկայացնելուց հետո կողմերին որոշ ժամանակ է տրվում: Չի բացառվում, որ նոյեմբերի 30-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն եւ անդրադառնան միջնորդների առաջարկներին:

Համանախագահները, սակայն, չերաշխավորեցին, թե այդ հանդիպումը կկայանա, նշելով, որ դա կախված է երկու նախագահների բարի կամքից: Նրանք հույս հայտնեցին, որ եթե հանդիպումը, այնուամենայնիվ, կայանա, ապա կարելի է առաջընթաց ակնկալել, իսկ իրենք ջանալու են ավելի կոնկրետ աշխատանքով նպաստել փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկ անգամ էլ հավաստիացրին, որ Հեյդար Ալիեւը բացառում է ռազմական ճանապարհով խնդրի լուծումը եւ արձանագրեցին, որ, իրենց դիտարկումներով, ռազմական գործողությունների չեն պատրաստվում ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը:

Պատասխանելով սեպտեմբերի 11-ի ահաբեկչության՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա հնարավոր ազդեցություններին վերաբերող հարցին, ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Փերինան ասաց, որ աշխարհում ստեղծված նոր իրավիճակին առնչվող հարցերը քննարկվել են «համագործակցության համատեքստում»:

«Երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել օժանդակել հակաահաբեկչական գործողություններին»,- ասաց Ռուդոլֆ Փերինան:

Մինսկի խմբի համանախագահները վաղը կմեկնեն հայ-թուրքական սահման, կայցելեն Թուրքիայի հետ երկաթուղային կապ ունեցող Ախուրյան կայարան: Նույն օրը երեկոյան նրանք կմեկնեն Երեւանից:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG