Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը պաշտոնապես ընդունեց 60-օրյա բանակցություններ սկսելու Հայաստանի կառավարության հրավերը


Հայաստանի հեռախոսակապի մենատեր «ԱրմենՏել» ընկերության գործադիր տնօրեն Նիկոս Գեորգուլասը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ընդամենը հրապարակեց երեկ երեկոյան էլեկտրոնային փոստով տարածված հայտարարությունը՝ ավելացնելով, որ բանակցությունները լուրջ, կոշտ ու գաղտնի են լինելու:

Տարաձայնությունները «ԱրմենՏել»-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ ծագել են ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից Հայաստանի թվայնացված հեռախոսակայանների բաժանորդների նկատմամբ րոպեավճար կիրառելու մասին «ԱրմենՏել»-ի ընդունած որոշման շուրջ, որին կտրականապես դեմ է հանդես եկել Հայաստանի կառավարությունը (որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 10 տոկոսը)՝ փաստարկելով, որ, թեեւ րոպեավճարի կիրառումը նախատեսված է պայմանագրով, սակայն, «ԱրմենՏել-ը լրիվ չի կատարել իր վրա վերցրած ներդրումային պարտավորությունները:

««ԱրմենՏել»-ը պատրաստ է բարի կամք դրսեւորել եւ թիվ 60 լիցենզիայի շրջանակներում բանակցել ու քննարկել Հայաստանի կառավարության եւ իրենց միջեւ առկա բոլոր տարաձայնությունները: «ԱրմենՏել»-ն ակնկալում է, որ նշված քննարկումներն ու բանակցությունները փոխշահավետ եւ արդյունավետ կլինեն: Այդ նկատառումով 2001թ. նոյեմբերի 19-ից 60-օրյա բանակցությունների ընթացքում «ԱրմենՏել»-ը կդադարեցնի Հայաստանի կառավարության կամ երրորդ կողմի դեմ ուղղված դատական վարույթները», - ասված է տարածված հայտարարության մեջ:

Իսկ մինչ այդ ընկերությունը չի հրաժարվելու իր իրավունքներից եւ պահանջներից: Այսինքն՝ բանակցություններ սկսելու նպատակով 60 օրով զինադադար է հայտարարված: Ըստ Նիկոս Գեորգուլասի, «բանակցությունները բավականին լուրջ, կոշտ եւ խիստ գաղտնի են լինելու»:

Կառավարությունը բանակցությունների էր հրավիրել նաեւ հունական OTE ընկերությանը, որի մասնաճյուղն է «ԱրմենՏել»-ը, սակայն, Գեորգուլասի մեկնաբանությամբ, նշված ընկերությունը թիվ 60 լիցենզիայով որեւէ պարտավորություններ չունի: Այդուհադերձ, Նիկոս Գեորգուլասը խոստացավ մոտակա օրերին՝ ստանալուն պես հրապարակել նաեւ OTE-ի պաշտոնական պատասխանը:

Ըստ Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, կառավարությունը լավատես է, ակնկալում է լուրջ արդյունքներ: «Եթե դիրքորոշումը մի կողմինը լինում է խիստ եւ կոշտ, մյուս կողմինը լինում է ոչ պակաս խիստ եւ կոշտ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դավիթ Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանը նաեւ համոզմունք հայտնեց, թե OTE ընկերությունը կմասնակցի բանակցություններին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG