Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Իրավիճակի վերլուծությունը «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանին բերել է եզրակացության, որ Մինսկի խմբի համանախագահների «ներկա այցելության հիմնական նպատակը վերջերս Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունների եւ դրանց ի պատասխան Երեւանից հնչող ոչ պակաս կտրուկ նախազգուշացումների մթնոլորտի լիցքաթափումն է: Եվ ինչպես երեւում է Բաքվում համանախագահների հետ կայացած 4-ժամյա հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի վերին աստիճանի զուսպ ու խաղաղասիրական հայտարարություններից, վերջինս լիովին բավարարել է միջնորդների այդ ցանկությունը»:

«Հայոց Աշխարհ»-ում ի մի է բերված, թե «բախտորոշ ու դարակազմիկ իրադարձությունները, որոնք ներկայումս ծավալվում են Աֆղանստանում ու նաեւ մեր տարածաշրջանի այլ հանրապետություններում, հենց իրենց՝ Մինսկի խմբի համանախագահող երկրներին ստիպում են հետաձգել հանգուցալուծումը եւ ստանձնել դիմակահանդեսի մասնակիցների ծանոթ դերը: Որը մինչ այդ, տարիներ շարունակ, իրենց կամքից անկախ հիմնականում իրականացնում էին հակամարտող երկրների ղեկավարները»:

«Ազգային համաձայնության ճակատ» կազմակերպության կոորդինացիոն խորհրդի անդամ Աշոտ Մանուչարյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում իրենց պասսիվությունը բացատրում է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով, ինչպես նաեւ՝ «նրանով, որ մենք ստեղծված գլոբալ զարգացումների վիճակում ընդդիմադիր եռյակի գործունեությունը որակել ենք որպես շատ կարեւոր եւ չէինք ցանկանա չհամաձայնեցված քայլերով խոչընդոտել այդ գործունեությանը»:

Աշոտ Մանուչարյանի մատուցմամբ, հիմա «շատ հնարավոր են Հայաստանին ուղղված արտաքին հարվածները: Եթե կա այլընտրանքային ուժ, ապա այդ հարվածներն ուղղված են լինելու իշխանությանը, քանի որ այդ դեպքում հարվածներն ուղղողը նոր իշխանության հետ համագործակցելու որոշակի հեռանկարների հույս է փայփայելու: Իսկ եթե չկա այլընտրանքային ուժ, ապա հարվածներն ուղղվելու են երկրին... Սա է պատճառը, որ անգամ քաղաքական, այսպես կոչված, իշխանամետ շրջանակները պետք է ոչ թե թուլացնեն ընդդիմադիր եռյակին՝ փորձելով այն ոչնչացնել, այլ հակառակը», - բխեցնում է նա:

«Անցած ուրբաթ «Արարատցեմենտ» գործարանի գործադիր տնօրեն Արամ Սարգսյանն իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել», - ինչպես «Առավոտ» թերթն է գրանցում՝ վարչապետ Մարգարյանի եւ նախարար Ճշմարիտյանի ակնարկներից հետո՝ - «ընտրություն կատարել քաղաքականության կամ գործարարության միջեւ»:

«Ներկա իշխանությունների՝ իրենցից քաղաքական ուժ չներկայացնելու, քաղաքականություն չվարելու եւ քաղաքական հենարան չունենալու՝ Արկադի Վարդանյանի բնորոշման հետ մենք, այսինքն՝ «Հանրապետություն» կուսակցությունը, լիովին համաձայն ենք», - ասել է Արամ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին: - «Հայաստանի ներքաղաքական գործընթացներում ՀԿԺ եւ «Հանրապետություն» կուսակցությունների դերը Ա.Վարդանյանի կողմից հատուկ մատնանշվելու փաստը ակնհայտ է դարձնում, որ վերջինիս Հայաստան վերադառնալ-չվերադառնալու խնդրի լուծումը նշված երկու կուսակցությունների առաջնորդների դիրքորոշմամբ է պայմանավորված»: Այս առնչությամբ Արամ Սարգսյանը առայժմ նշում է, որ համագործակցելու «հնարավորությունը քննարկելու համար առաջնահերթ եւ կարեւոր նախապայմանը Ա.Վարդանյանի՝ Հայաստան վերադառնալն ու այստեղ հաստատվելն է... Եթե նա որոշել է վերադառնալ Հայաստան, ապա կարող եմ ասել, որ ողջունում եմ նման քայլը»:

Պատգամավոր Հրանտ Ոսկանյանը, վստահ մնալով, որ «ապագան սոցիալիստական ձախ ուղղվածության կուսակցություններինն է, այդ թվում՝ նաեւ կոմունիստներինը», «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում այսօր գնահատում է. - «Հայաստանյան կուսակցություններն իրենց գործելակերպը վերանայելու կարիք ունեն: Ամպագոռգոռ, ամբոխավարական լոզունգներն ու միտինգները քաղաքական գործունեության ամենաարդյունավետ ձեւը չեն»:

«Երկիր»-ի մեկնաբանն էլ խտացրել է, որ արմատական ընդդիմությունը իր հականախագահական գործընթացներում Ազգային ժողովի ճնշող մեծամասնության կողմից չի ընկալվում եւ, մասնավորապես, ստորագրահավաքի հարցում այնտեղ ձախողվել է:

Մյուս կողմից, կառավարության գործերի կառավարիչ, Հանրապետական կուսակցության Արմավիրի մարզային խորհրդի նախագահ Հրաչ Աբգարյանը «Ժամանակ» թերթի հարցազրույցում հավաստիացնում է, թե գյուղացիները ընդգծված ոգեւորությամբ են ընդունում իրենց գաղափարախոսությունը, կուսակցականների ու իրենց համակիրների թիվը աճում ու աճում է: «Այսօրվանից արդեն կարող եմ հայտարարել, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը առաջիկա ընտրություններում մեր մարզում զգալի առավելության է հասնելու», - նախանշել է կառավարության գործերի կառավարիչը, առանձնակի շեշտելով նաեւ, թե «մարդիկ կուսակցությանն անդամագրվելիս երբեք հաշվի չեն առնում, որ կուսակցության ղեկավարը երկրի վարչապետն է, անձնական շահը իսպառ բացակայում է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG