Մատչելիության հղումներ

logo-print



ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռուդոլֆ Փերինան, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆիլիպ դը Սյուրմենը, Ռուսաստանից Նիկոլայ Գրիբկովն ու Քի Ուեսթից հետո բանակցային գործնթացին միացած Ռուսաստանի փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրիբնուկովը երեքշաբթի օրը Ստեփանակերտից ժամանեցին Երեւան: «Էրեբունի» օդանավակայանում դիվանագետները հակիրճ պարզաբանումներ տվեցին, հիմականում շեշտելով այն միտքը, թե իրենց բերած առաջարկները սկզբունքորեն նոր առաջարկներ չեն:

«Կարծում եմ, մենք քննարկում ենք նույն հիմնական մոտեցումները... Ես չեի ասի, թե մեզ հետ շատ նոր գաղափարներ ենք բերել. Չեի ասի, թե Բաքվում եւ Ստեփանակերտում նոր առաջարկներ ենք քննարկել», - լրագրողներին ասաց Մինսկի խմբում ԱՄՆ-ի նորանշանակ համանախագահ Ռուդոլֆ Փերինան:

Ռուսատանի փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը ասաց, որ իրենք, իհարկե, ինչ-որ նոր գաղափարներով են եկել: Դրանք քննարկել են Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ, քննարկելու են նաեւ Հայաստանի նախագահի հետ: Ռուսաստանցի դիվանագետը, այդուհանդերձ, նույնպես այդ նոր գաղափարները որպես նոր առաջարկներ չներկայացրեց:

«Դրանք փարիզյան եւ քիուեսթյան համաձայնությունների արդեն լավ մշակված սխեմայի մոդիֆիկացիան են», - ասաց Վյաչեսլավ Տրուբնիկովը:

«Այն, ինչ արվել է Փարիզում եւ Քի Ուեսթում, իհարկե, պահպանվում է: Եվ այդ բազայի վրա շարունակում ենք մեր աշխատանքը», - գործընկերոջ ասածը ամրապնդեց ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դը Սյուրմենը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը, որը նախկինում այդ երկրի արտաքին հետախուզության ծառայության փոխտնօրենն է եղել, խուսափեց պատասխանել, թե Բաքվում եւ Ստեփանակերտում ինչպես են ընդունվել համանախագահների նոր գաղափարները: «Շատ օգտակար հանդիպում էր», - գնահատեց նա Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ իրենց ունեցած հանդիպումը:

Ֆրանսիացի համանախագահը գոհունակությամբ պատմեց, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ հանդիպման ժամանակ Արկադի Ղուկասյանը առաջին հերթին ցավակցություն է հայտնել, որ երկուշաբթի օրը, երբ դիվանագետները հատում էին ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել: Ֆրանսիացի դիվանագետի կարծիքով, դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ պետք է հատուկ աշխատել փոխադարձ վստահություն մթնոլորտ հաստատելու ուղղությամբ:

Ռուդոլֆ Փերինան ասաց, որ Բաքվում եւ Ստեփանակերտում իրենց հանգամանորեն ներկայացրել են կողմերի տեսակետներն ու դիրքորոշումները, ինչը ամերիկացի դիվանագետը շատ օգտակար համարեց:

«Գործընթացը շարունակվում եւ առաջ է գնում», - ասաց Ռուդոլֆ Փերինան: - «Դժվար է ասել, թե նոր գաղափարները կնդունվեն, եւ հնարավոր կլինի մինչեւ տարեվերջ կարգավորել հարցը: Մինչեւ տարեվերջ քիչ ժամանակ է մնացել»:

Ռուսաստանի փոխարտգործնախարարը կտրականապես դեմ էր, թե Ադրբեջանի նախագահի՝ ռազմատենչ հայտարություններով հանդես գալը նշանակում է, որ նա այլեւս մտադրություն չունի համագործակցել Մինսկի խմբի համանախագահների հետ:

«Նախագահ Ալիեւը Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը 4 ժամ է տրամադրել: Եթե դա անարդյունավետ աշխատանք համարեր, այդքան ժամանակ չէր վատնի», - ասաց Վյաչեսլավ Տրուբնիկովը: - «Ալիեւը կտրականապես դեմ է արտահայտվել հիմնախնդրի ռազմական լուծմանը»:

Ֆրանսիացի համանախագահ Սյուրմենը համաձայն չէ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկխոսությունը սպառել է իրեն: «Նախագահների միջեւ շփումներ ապահովելը մեր աշխատանքն է: Ես չեմ կարծում, թե հնարավորությունները սպառվել են», - ասաց ֆրաբսիացի դիվանագետը:

Սյուրմենի խոսքերով, բանակցություններին Լեռնային Ղարաբաղի միանալու հնարավորության մասին խոսելը դեռեւս վաղ է, քանի որ իրենք շարունակում են աշխատել Փարիզում եւ Քի Ուեսթում համաձայնեցված ֆորմատով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր բանակցեցին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Նրանց հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ տեղի կունենա վաղը:

Երեկ Ստեփանակերտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ արցախյան պատերազմի վերսկսումը բացառված է: Քննարկվել են այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն հարավկովկասյան տարածաշրջանում վստահության մթնոլորտի ստեղծմանը:

Արկադի Ղուկասյանի համոզմամբ, հակամարտության հիմնական կողմերը Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանն են, եւ ոչ մի հարց չի կարող լուծվել առանց այդ երկրների կարծիքը հաշվի առնելու: Ղարաբաղի չմասնակցելը բանակցություններին Լեռնային Ղարաբաղի նախագահը պատճառաբանել է ձեւական դժվարություններով:

«Մենք պետք է կարողանանք ամրապնդել զինադադարը եւ պաշտպանել մեր դիրքորոշումները», - ասել է Արկադի Ղուկասյանը: - «Իսկ դրանք հստակ են ու պարզ. ԼՂՀ-ն անկախ պետություն է»:

«Ինչպես ժողովուրդը, այնպես էլ ԼՂՀ բանակը ճիշտ են ընդունում այս բանակցությունները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: - «Բանակը նույնպես կողմ է, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Այդուհանդերձ, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները մեզ ավելի են զգոնացնում: Մենք ի վիճակի ենք կատարել մեր առջեւ դրված խնդիրները»:


Հրաչ Մելքումյան, Երեւան եւ Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG